Այն տաքսին, որ առանց լիցենզիայի փոխադրում արեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ տուգանվելու է. Տեսչական մարմին
2023 թվականի մարտի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։
Տեսչական մարմնից 168.am-ին հայտնեցին, որ վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։
«Որ տաքսին առանց լիցենզիայի փոխադրում արեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ տուգանվելու է»,- պարզաբանեցին տեսչական մարմնից:
«Փորձում են այնպես անել, որ օդանավակայանից չխաբեն զբոսաշրջիկներին, բայց դրանից հետո չի հետաքրքրում նախագիծը մշակողներին: Երևան կամ այլ վայր գնալու համար օդանավակայանից մեկ անգամ են տաքսի նստում, բայց առօրյայում բազմիցս օգտվում են այլ տաքսի ծառայություններից: Օնլայն շատ տաքսիներ օրը մի քանի անգամ գին են փոխում, ավելի լավ կլինի՝ դա վերահսկեն»,- մեզ հետ զրույցում ասաց տաքսու վարորդներից մեկը:
«Հարց եմ տալիս՝ լիցենզիայի օրենքը Հայաստանում կա՞, թե՞ չկա: Իրականում թղթին գրված կա, բայց թողել են՝ օնլայն տաքսիները մոտ 60.000 մեքենա անօրինական աշխատեցնեն` մի կոպեկ այս երկրին չտալով, փոխարենը՝ մեր երկրից միլիարդներ դուրս հանելով: Երևանում տաքսու շրջանառությունն ամեն օր մոտ 500 միլիոն դրամ է, որից 15 տոկոսն օնլայն հարթակների տերերը տանում են: Դրանից ինչ-որ բան վճարում են պետությանը, որը 20-30 անգամ պակաս է, քան լիցենզիա ունեցող տաքսին պետք է վճարեր: Այն տաքսու վարորդները, ովքեր աշխատում են օնլայն ոլորտում, պետք է լիցենզիա ունենային, բայց չգիտես ինչու՝ նրանցից ոչ ոք լիցենզիա չի ուզում, որպեսզի հարստացնեն այդ 3 հոգուն»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 17-ի նիստում հաստատվել էր օդանավակայանից մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կատարելու լիցենզավորման կարգը։
Կարգի համաձայն` կազմակերպությունը կամ ԱՁ-ն լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացնեն ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի, սեփականության վկայականի պատճենը, ուղեսրահում տեղադրված սակաչափիչի ստուգաչափված լինելու մասին տեղեկանք, ծառայություն մատուցող ավտոմեքենաների լուսանկարները։
Սահմանվել է, որ օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող ավտոմեքենան պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով և «Աերոտաքսի» գրառմամբ ու տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
Լիցենզավորման պետական տուրքը սահմանվել էր տարեկան 200.000 դրամ։
Ընդ որում` այդ գումարը վճարելու են՝ ինչպես 1 մեքենա շահագործողները, այնպես էլ՝ 1-ից ավելի մեքենա ունեցող լիցենզավորված կազմակերպություններն ու ԱՁ-ները։