Քաղաքապետարանը մտադիր է Ռոդենի արձանի փոխարեն Ազնավուրի արձանը տեղադրել. Մասնագետները դեմ են
2023 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի ավագանու10-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգում ներառված է Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու հարցը:
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի 27.02.2023թ. հ. N-01-27022023 գրությունը, որով առաջարկվում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը, որպես ժամանակակից քանդակագործության բնորոշ աշխատանք, Երևանում տեղադրելով՝ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի: Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ այսօր սույն վայրում տեղադրված Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը կտեղափոխվի Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված և կշրջափակվի անհրաժեշտ արգելապատնեշներով, որոնք քանդակը կպաշտպանեն հնարավոր հարձակումներից կամ միջադեպերից:
Հիշեցնենք, որ արձանը տեղադրվել է 2011 թվականին։ Արձանը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Գեղանկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ է այս որոշմանը:
«Քաղաքը խաղալիք չէ, որ զգացմունքային որոշումներ ընդունեն: Այդտեղ Ազնավուրի քանի՞ մետրանոց արձան պետք է դնեն, որ մարդիկ տեսնեն: Այդտեղ չի կարելի նման բան տեղադրել: Կարող է լինել հայ-ֆրանսիական բարեկամությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը խորհրդանշող մոնումենտալ կոթող: Ունենք Շառլ Ազնավուրի հրապարակ, այնտեղ կարող են տեղադրել արձան, կամ իր տուն-թանգարանի մոտ: Այո, մեր տաղանդավոր հայրենակիցն է, բայց նման այնքա՜ն հայրենակիցներ ունենք, որոնց արձանները բերենք, կենտրոնում շարե՞նք»,- նշեց Հաղթանակ Շահումյանը:
Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ ընդգծեց.
«Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը հայ-ֆրանսիական եղբայրության խորհրդանիշ է: Դա Ֆրանսիայի հրապարակ է կոչվում, թող անունը փոխեն ուրեմն: Ֆրանսիան այդ արձանն է հարմար գտել նվիրել: Դուք ինքներդ եք այդ տեղը ցույց տվել, իրենք չեն ընտրել: Հիմա դու նվերը հանում ես, ասում, որ՝ ինձ համար Ֆրանսիան Ազնավո՞ւրն է: Չի կարելի Ֆրանսիայի նման մեծ պետությունը նսեմացնել ու ինչ-որ բաներ ակնկալել: Կարող են Ազնավուրի արձանն իր տան կամ Հաղթանակի կամրջի մոտ տեղադրել: Դա Երևանի մուտքերից մեկն է: Ի դեպ, Ֆրանսիայի հրապարակում մեծ արձան դնելու դեպքում տարածքը ևս պետք է մեծացնեն: Այդ դեպքում երթևեկությունն ինչպիսի՞ն է լինելու»: