«Նիկոլը շնորհք ունենար, չէր ասի՝ բորդյուր շարեք, թող տղու հետ գա, 1 հատ բորդյուր վերցնի, տենամ՝ կարա՞». առևտրական

«Իրենք մի հատ պետք է ապրեն մեր նման մարդկանց կյանքով, որ հասկանան, թե սա ինչ է նշանակում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Տիգրան Մեծի պողոտայում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը, որի ապրանքը ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավել էին:

«Էլի եմ ասում՝ պետք է ապրեն այս մարդկանց կյանքով, որ հասկանան՝ էս ինչ է նշանակում, ոչ թե փողերի վրա նստած՝ հրաման են տալիս՝ հելեք-հավքե՛ք: Մարդկանց աշխատանքը. Մարդը կանաչի է հավաքել, բերել, որ վաճառի, հավաքում, տանում ես, որ ի՞նչ անես, արա, այ խոտակերներ:

Իրենք ո՞վ են, որ հրաման տան կամ օրենք թելադրեն, ո՞վ են իրենք: Իրե՞նք են մեր նման տղերքի հետ հելել, պոստեր պահել, որ հիմա էլ եկել, օրենք են թելադրում»:

Քաղաքացին հիշեց նախորդ տարի փողոցային առևտուրն արգելելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, երկրում բորդյուր շարող չունենք…»:

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանը որ շնորհք ունենար, չէր ասի՝ գնացեք, բորդյուր շարեք, թող հենց հիմա գա, իմ հետ մի հատ բորդյուր վեկալի, տենամ՝ կարա՞, ինքն ու իր տղեն: Բորդյուրը թող ինքն էթա շարի, իր տղու հետ, ոչ թե մեզ ուղարկի բորդյուր շարելու…

Միլիցեքին բերում են, 2 անգամ ձեններս բարձրացնում ենք, կոխում են մեքենաները, տանում են բաժին: Թուրքերը լարել են հետևներիցս, թուրքից բեթար են:

Խոտ էիք ուզում ուտել, ասեիք, մի տուկ խոտ բերեի, լցնեի դեմներդ, ուտեիք»,- զայրացած ասաց քաղաքացին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 13:00-ի սահմաններում լարված իրավիճակ էր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ակցիայի շրջանակներում  առգրավել էին փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ տարվա օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատել էր Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է  ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր՝ ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ բազմաթիվ այլ համայնքներ բախվում են փողոցային առևտրի խնդրին․ ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառում, խնդիրը չի կարգավորվում։

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ  իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված  քննադատություններին, թե այդ մարդիկ այդպես են տուն պահում, հակադարձել էր․

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս