«Շաբաթը մի հատ գյուղ ա տալիս թուրքին, բայց 15 սմ ասֆալտ չի՛ տալիս, որ ապրանք ծախենք»․ առևտրականները զայրացած են Փաշինյանի հայտարարությունից

Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է  ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց՝ ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ բազմաթիվ այլ համայնքներ բախվում են փողոցային առևտրի խնդրին․ ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառում, խնդիրը չի կարգավորվում։

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ  իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված  քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, այսպես արձագանքեց․

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»։

Կարդացեք նաև

Արդյո՞ք վերևում պաշտոնյաները հստակ գիտեն, թե ինչո՞վ են ներքևում ապրում շարքային, անպաշտոն, օրվա հացի վաստակի հույսով ապրող քաղաքացիները։ Փողոցային առևտրի արգելքն ու տարբեր ժամանակներում կառավարությունների ու քաղաքապետերի որոշումներն էլ նոր չեն, անգամ կոշտ մեթոդներ են կիրառվել, ոստիկանության ծառայողը վաճառվող ապրանքը առգրավել է, հատուկ տեղ են հատկացրել փողոցում առևտուր անող քաղաքացիների համար, բայց խնդիրը դեռ մնում է չլուծված։

168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, լսել փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների մտահոգությունները՝ նշված խնդրի վերաբերյալ։

«Ինչքան ուզում է՝ տուգանեն, չե՛նք մուծելու, պիտի ծախե՛նք։ 21 տարի ծախել եմ, էլի պտի ծախեմ»,- ասաց վաճառականներից մեկը։

Մեկ ուրիշ առևտրական էլ, որ 20 տարոււց ավելի է, ինչ հենց այսպես առևտուր անելով է   ընտանիք պահում, ասաց, որ մոտ 1 շաբաթ առաջ տեսչական մարմինները ոստիկանների հետ եկել  և կոպիտ վերաբերմունք  ցուցաբերելով՝ փորձել են արգելել առևտուր անել։

«Մի քանի օր առաջ եկան, էն կնկա կանաչին տշեցին, ասենք՝ տշելով ի՞նչ․…Ոստիկանները թող էդ «կրիստալ» գործերը բացահայտեն, սաղ քաղաքը նարկոման է դարձել։ 18 տարեկան երեխեքը սաղ նարկոման են դարձել, թող բառիկներին բռնի տանի, էնքան գործ կա բացահայտելու, ոչ թե 2 հատ կանաչու համար գա հասնի մարդկանց վրա…

Մի հատ վերմիշելի փող ենք առնում, էլի, իրենց նման պարգևավճարներ չե՛նք ստանում։ Էն վախտ ավելի լավ էր, էն վախտ ապրում էինք, ոչ թե սենց…»,- ասաց Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացին։

Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի հարևանությամբ, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիներն էլ մեզ հետ զրույցում իրենց զայրույթն արտահայտեցին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, թե՝ գործ չկա, բորդյուր շարեք․

«Էդ, որ ասում է՝ գործ չկա, թող գնան բորդյուր շարեն։ Փաշինյանի կնիկը թող գնա բորդյուր շարի, ես կարող ա՝ տրակտոր քշեմ, բայց իրա կնիկը չի կարա բորդյուր շարի․ իր անցյալն էլ լավ գիտենք։ Էդ, որ էդպես հայտարարություն է անում, չի՞ ամաչում, վարչապետ ա։ Ստեղ ոչ մեկս լավ օրից չենք կանգնել, ես 32000 դրամ թոշակ եմ ստանում, կբացատրե՞ս՝ ո՞նց ապրեմ։ Էդ որոշողներն ամեն մեկը 10 հատ սուպերմարկետ ու խանութ ունեն։ Էլի եմ ասում՝ թող իր կնիկը բորդյուր շարի, ես բորդյուր շարող չե՛մ, ես տանկ քշող եմ։ Շաբաթը մի անգամ մի հատ գյուղ ա տալիս թուրքերին, բայց 15 սանտիմետր ասֆալտ չի տալիս, որ ապրանք ծախենք՝ գոյատևենք։ Հաց չե՛նք ուզում իրենից, ջուր չե՛նք ուզում իրենից, ի՞նչ է ուզում մեզնից։ Օրական 100 սալդատի դիակ ա բերում, ընկել է ասֆալտին կանգնած ժողովրդի հետևի՞ց։ Ափսոսում եմ, որ քայլել եմ իր հետևից, ոտերս կոտրվեր, որ էն վախտ չգնայի հետևից…

Իր կնկան թող ուղարկի, Արարատ Միրզոյանի կնկան թող ուղարկի, քաղաքապետի կնկան թող ուղարկի բորդյուր շարելու, ես էլ հետևից գնամ,  առանց նրանց ես ո՞ւր գնամ, չե՛մ կարա շարեմ, պետք է ուղղությունը նրանք տան»։

«Ավելի լավ է մեռնեմ, քան իմ երկրում էս տեսակ հալածվեմ։ Երկու գազել հայ ենք մնացել, հիմա էլ սե՞նց եք կործանում»,- ասաց մեկ ուրիշ առևտրական։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս