«Պետք է թույլ չտալ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամուն բանակցային գործընթացի պատմությունը նենգափոխել». Մերի Հարությունյան

Այս պահին տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը:

Երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու, գրքի նախաձեռնող հեղինակ Մերի Հարությունյանն իր ելույթում նշեց, որ ժողովածուն կազմելու պատճառներից է նաև, որ նման աշխատանքը՝ արխիվային նյութեր, փաստեր հավաքելը, համադրելը և հրատարակելը համարում է պաշտոնաթող նախագահների գրասենյակների ուղիղ պարտականությունը, քանի որ այն պետության պատմության մի ժամանակահատվածն է, որը պարտավոր են փոխանցել սերունդներին.

«Հաջորդ պատճառը, որն ըստ իս՝ շատ կարևոր է, տեղի ունեցած իրողությունները, ժամանակի ընթացքում արտահայտված դիրքորոշումները փաստացի, առանց այլևայլության ներկայացնելն է՝ թույլ չտալով ոչ ներքին, ոչ արտաքին թշնամուն բանակցային գործընթացի պատմությունը, էությունը նենգափոխել, ձևափոխել և հարմարեցնել իրենց նպատակներին ու շահերին, այն, ինչը չի բխում մեր ազգային, պետական շահերից, ինչն այս վերջին տարիներին ջանադրաբար անում են բանակցային գործընթացը ձախողած գործող իշխանությունները և նրանց, այսպես կոչված, կառուցողական ու կիրթ գործընկերները»:

Մերի Հարությունյանը ներկայացրեց ժողովածուի կառուցվածքը, որն ամփոփում է ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները, այնպես էլ հետնախագահական շրջանը՝ 2018-2022 թվականները: Գիրքն ըստ տարիների՝ բաժանված է 15 մասից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին խորագրի ներքո:

Կարդացեք նաև

«Ժողովածուն ներառում է նախագահ Սարգսյանի 161 հրապարակային խոսք Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ, ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթից՝ մինչև դատական նիստից առաջ դատարանի բակում հայտնի հայտարարությունը, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այդ նյութերն ամփոփված են գրքի ավելի քան 450 էջերում: Ամեն տարվա համար ընտրված են խորագրեր, որոնք նախագահ Սարգսյանից մեջբերումներ են և ունեն կարևոր շեշտադրումներ: Օրինակ՝ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ կարմիր գիծ», «Խաղաղություն միայն ազատության մեջ», «Արցախը կա, եղել է և լինելու է հայկական», «Միակողմանի զիջումները բացառվում են», «Պապուլիզմը՝ անվտանգության սպառնալիք», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Հայրենիքից չեն նեղանում», «Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության» և այլն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս