«Դուք պետք է շատ պարզ ճշմարտություն հասկանաք, որ կանգնում են ոչ թե անձի կողքին, այլ այն գաղափարի կողքին, որ կրում է անձը: Լևոն Տեր Պետրոսյանը շատ լավ տեսնում էր, որ այո, ես կողմնակից եմ փոխզիջման, բայց այդ փոխզիջումը չի անցնում այն նվազագույն պայմանները, որ հնարավորություն կտար Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ չլինեն ստորացված, որ հնարավորություն կտար արցախցիներին՝ ապրելու Ադրբեջանի կազմից դուրս»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ գիրք կամ մեմուարներ գրելու, միշտ պատասխանում եմ՝ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ես ժամանակի սղության խնդիր ունեմ: Հատկապես հիմա, չեմ կարծում, որ դրա ժամանակն է, հիմա շատ ավելի կարևոր մտահոգություններ կան և այդ ուղղությամբ պետք է մտածել»,-«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
2018 թվականից հետո նախագահ Սարգսյանն իր ելույթներում նաև նշել է, որ պայմանավորվածություն կար արդեն, որ պետք է 3 փաստաթուղթ լիներ, Հայաստան-Ադրբեջան, դրանից հետո՝ անմիջապես եռանախագահող երկրների հայտարարությունը, դրանից հետո՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում, ի դեպ, դա հաստատեց նաև Ռուսաստանի Դաշնության համանախագահողը:
Մերի Հարությունյանը ներկայացրեց ժողովածուի կառուցվածքը, որն ամփոփում է ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները, այնպես էլ հետնախագահական շրջանը՝ 2018-2022 թվականները: Գիրքն ըստ տարիների՝ բաժանված է 15 մասից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին խորագրի ներքո: