Օտարերկրացիները, այդ թվում՝ ադրբեջանցիներն ու թուրքերն ի՞նչ են գնել Հայաստանում
Այլ երկրների քաղաքացիների կողմից անցած տարի Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման ակտիվություն է նկատվել։ Պաշտոնական տվյալներով, նրանք 363-ով ավելի շատ գույք են գնել, քան նախորդ տարի։ Խոսքն ինչպես բնակարանների, այնպես էլ՝ այլ անշարժ գույքի մասին է։
Գուցե այլ երկրների քաղաքացիների պարագայում այս ակտիվությունն ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, բայց որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում անշարժ գույք գնած օտարերկրացիների մեջ եղել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանք նախընտրել են Հայաստանում գնել գերազանցապես բնակարաններ։
Ադրբեջանի 1 քաղաքացի բնակարան է ձեռք բերել Երևանում՝ բազմաբնակելի շենքում։ Եվս մեկը նախընտրել է անհատական տուն գնել Լոռու մարզում։
Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում բացառապես բնակարան են գնել, այն էլ՝ միայն Երևանում։
Բազմաբնակելի բնակարանային շուկայում Թուրքիայի քաղաքացիները գնել են 11 բնակարան։
Պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում, թե ինչ ազգության են եղել Ադրբեջանի և Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր բնակարան են գնել Հայաստանում։
Ամեն դեպքում, եթե Թուրքիայի պարագայում նրանց մեջ կարող էին լինել նաև այդ երկրում ապրող ազգությամբ հայերը, ապա նույնը դժվար է ասել Ադրբեջանի քաղաքացիների պարագայում։ Հազիվ թե այդ բնակարանները գնել են Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայերը։ Դրանք հավանաբար եղել են ծագումով ադրբեջանցիներ կամ գուցե նաև այլ ազգության քաղաքացիներ։
Թե ինչո՞վ են պայմանավորված եղել Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ նրանց հետաքրքրությունները, կարելի է միայն ենթադրել։
Հաշվի առնելով այն խաղաղասիրական օրակարգը, որը Հայաստանի իշխանություններն առաջ են տանում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում, պետք է սպասել, որ առաջիկայում այս թվերը շատ ավելի մեծ տեմպերով կավելանան։
Ընդհանուր առմամբ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում անցած տարվա ընթացքում գնել են 1950 անշարժ գույք։
Սա գնված անշարժ գույքի մեջ գուցե մեծ կշիռ չի կազմում՝ ընդամենը 3,7 տոկոսը, բայց նկատելի է այն աճը, որը տեղի է ունեցել օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ իրականացված գնման գործարքներում։ Մեկ տարի առաջ նրանց մասնակցությունն ընդամենը 2,8 տոկոսն էր կազմել։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու առումով դրսևորված այս ակտիվությունն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով այն անվտանգային միջավայրն ու անկայունությունը, որի մեջ հայտնվել է մեր երկիրը, և որի պարագայում շատերը պարզապես նախընտրում են հեռանալ։ Բայց դա ունի բացատրություն. օտարերկրացիների ցուցաբերած ակտիվությունը շատ բանով պայմանավորված է հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որի հետևանքով մեր որոշ հայրենակիցներ, ովքեր ունեն այդ երկրների քաղաքացիություն, շտապել են անշարժ գույք, մասնավորապես՝ բնակարան գնել Հայաստանում։
Օտարերկրյա քաղաքացիների գնած անշարժ գույքի մեծ մասը եղել է բնակարան և բնակելի տուն, 1950-ից՝ 1321-ը։
Բնակարանային շուկայում ակտիվություն են ցուցաբերել հատկապես Ռուսաստանի քաղաքացիները, ենթադրաբար դրանք հիմնականում եղել են Ռուսաստանի հայերը։ Օտարերկրացիների գնած 1321 բնակարաններից ու անհատական տներից 865-ը հենց այդ երկրի քաղաքացիներն են գնել։
Մեկ տարի առաջ ՌԴ քաղաքացիները Հայաստանում շատ ավելի քիչ բնակարան ու առանձնատուն էին գնել՝ ընդամենը 560-ը։ Անցած տարի դրանց քանակը 305-ով ավելացել է։
Ի տարբերություն Ռուսաստանի, նվազել է Միացյալ Նահանգների քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի և հատկապես բնակարանային շուկայում գույքի ձեռքբերման նկատմամբ։ ԱՄՆ քաղաքացիներն անցած տարի Հայաստանում ավելի քիչ բնակարան են գնել, քան գնել էին մեկ տարի առաջ։ 2021թ. գնել էին 148 բնակարան ու առանձնատուն, անցած տարի գնել են 139 բնակարան ու առանձնատուն։
Խոսքը, բնականաբար, առաջին հերթին այնտեղի մեր հայրենակիցների մասին է։
Պաշտոնական տվյալները փաստում են, որ ԱՄՆ քաղաքացիները շատ ավելի ակտիվ են եղել բնակարանները Հայաստանում վաճառելու հարցում։
Անցած տարի Միացյալ Նահանգների քաղաքացիները Հայաստանում վաճառել են իրենց պատկանող 199 բնակարան և առանձնատուն։ Մինչդեռ 2021թ. վաճառել էին 125-ը։
Այլ կերպ, ԱՄՆ քաղաքացիները գերադասել են ոչ միայն ավելի քիչ բնակարան գնել Հայաստանում, այլև ավելի ակտիվ ազատվել են այստեղ իրենց ունեցած բնակարաններից։
Սրանում տարօրինակ ոչինչ չկա, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են նախընտրում հեռանալ ու բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ Դրա վկայություններից մեկն էլ այն մեծաքանակ հերթերն են, որոնք կուտակվել են ԱՄՆ դեսպանատուն մտնելու ու մուտքի արտոնություն ստանալու առումով։
Հայաստանում բնակարան գնելու օտարերկրյա քաղաքացիների դրսևորած ակտիվությունը հիմնականում առնչվում է Ռուսաստանին, բայց այնպես չէ, որ այդ երկրի քաղաքացիները միայն բնակարան են գնել։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր վաճառել են իրենց բնակարաններն ու մյուս անշարժ գույքերը։
Պաշտոնական տվյալներով, անցած տարի ՌԴ քաղաքացիները Հայաստանում շատ ավելի մեծ քանակությամբ բնակարան ու բնակելի տուն են վաճառել. գնել են 865-ը, վաճառել՝ 1464-ը։ 599-ով ավելի շատ են վաճառել, քան գնել են։
Ընդհանրապես Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված գնման ու վաճառքի գործարքների հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիներին։ 1950 գնման գործարքներից 1207-ը կատարել են այդ երկրի քաղաքացիություն ունեցողները։ Վաճառքի 3173 գործարքներից ՌԴ քաղաքացիների մասնակցությունը եղել է 2380-ը։ Գնման դեպքում նրանց բաժին է ընկել՝ գործարքների շուրջ 62, վաճառքի դեպքում՝ 75 տոկոսը։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված գործարքները Հայաստանի անշարժ գույքի շուկայում ավելացել են, բայց վաճառքը շատ ավելին է եղել, քան առքը։ Գրեթե 63 տոկոսով ավելի շատ անշարժ գույք, այդ թվում՝ նաև բնակարան է վաճառվել, քան գնվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ