«Խաղաղության պայմանագրի մեր առաջարկը փոխանցվել է Ադրբեջանին, բայց դեռ արձագանք չունենք, վերջերս փոխանցել ենք նաև սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ». Փաշինյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք ադրբեջանական կողմը պատասխանե՞լ է Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ արված առաջարկներին.
«Փետրվարի 16-ին Կառավարության նիստի ժամանակ դուք հայտարարեցիք, որ խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկները փոխանցվել է ադրբեջանական կողմին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Այս ընթացքում որևէ արձագանք եղե՞լ է Ադրբեջանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների կողմից, եթե եղել է, ապա ինչպիսի՞ արձագանք»:
Փաշինյանը հայտարարեց, որ ճիշտ է՝ «խաղաղության պայմանագրի« մեր առաջարկը փոխանցվել է, բայց արձագանք դեռ չկա.
«Արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք, որովհետև, երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ, և ենթադրվում է, որ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի: Բայց նաև ուզում եմ ասել, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ։ Այսինքն՝ նրանք են առաջարկել, մենք ենք արձագանքել, և այդպես 3 անգամ, և աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք:
Ուզում եմ ընդգծել, որ անկախ առերես հանդիպումներից, նաև փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում:
Վերջերս, օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին ենք սպասում, իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում