Գնդակը հայկական ու միջազգային կառույցների դաշտում է. Հայաստանի դիվանագիտությունն ինչպե՞ս կօգտագործի Հաագայի դատարանի որոշումը

Արդեն 78-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի միակ ճանապարհն ապաշրջափակելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի ներկայացրած հայցը մասնակի բավարարելով որոշում էր ընդունել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին իր ստանձնած պարտականությունների շրջանակներում ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն Ադրբեջանը չի շտապում կատարել միջազգային դատարանի որոշումը։  Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասուլիսի ընթացքում ասել էր՝ չնայած որոշման կատարման վերաբերյալ ժամկետ նշված չէ, ինչը նշանակում է, որ այն պետք է կատարվի որոշման ընդունումից անմիջապես հետո։

168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանը խոսելով միջազգային դատարանի կայացրած որոշումից հետո հայկական կողմի անելիքների և իրավական մեխանիզմների մասին, նշեց, որ Հաագայի դատարանի որոշման կայացումն ինքնին փաստ է՝ միջանկյալ միջոցի կիրառման և որոշում՝ համաձայն որի պետք է Բերձորի միջանցքը բացվի տրանսպորտային միջոցների,  բեռների, մարդկանց մուտքի ու ելքի համար։

«Սա ինքնին տիտղոսային հռչակագրային հաղթանակ է ու այդ հաղթանակն առաջին հերթին իրավական հիմք է դիվանագիտական ու քաղաքական էլիտայի կողմից օգտագործելու համար, այսինքն՝ բանակցություններում այն կարող են օգտագործել՝ որպես հաղթաթուղթ։

Ցավոք, պետք է արձանագրենք, որ արդեն շուրջ 3 ամիս շրջափակված Արցախ ունենալու պայմաններում, ինչն իրենից ենթադրում է նաև մարդասիրական շրջափակում և կարող է հանգեցնել հումանիտար աղետի ու մի շարք միջազգային հիմնարար սկզբունքի կոնվենցիոնալ հիմնադրույթների խախտման հիմք է հանդիսանում, այս պայմաններում պասիվ ու կրավորական դիրք է բռնել Հայաստանի իշխանությունը։ Այս ամենը ինքնին արդեն Ադրբեջանին թույլ է տալիս ընդունած որոշումները շարունակաբար չկատարելու դիրք բռնել այս գործընթացում»,- նշեց Գոհար Մելոյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Հաագայի դատարանի որոշման իրացմանը, սահմանադրագետը ցավով արձանագրեց, որ ի տարբերություն ՀՀ  ներպետական կարգավորումների, նաև յուրաքանչյուր պետությունում, երբ,  օրինակ, դատական մարմինների որոշումները կատարելու համար կան այն ապահովող մարմինները, խոսքը հարկադիր կատարող մարմինների մասին է, ապա տվյալ պարագայում չկա նման մարմին, սակայն կան գործիքակազմեր։

«Իհարկե, հետագայում հարցը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու միջազգային ատյաններում բարձրաձայնվել, և այն հիմք հանդիսանա առնվազն բազմաթիվ հարթակներում կրկին քննարկման առարկա դարձնելու համար։ Բացի այդ,  «մտահոգության» տեղիք է տալիս և «տարօրինակ» է նույն այդ միջազգային կառույցների անհասկանալի հանդուրժող դիրքը, որովհետև այդ կառույցները, որպես օրենք, ունեն սանկցիաներ կիրառելու հնարավորություններ այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք ձեռնպահ են մնում իրենց պարտավորությունները կատարելուց։ Սա այն դեպքում, որ առաջին դեպքը չէ, երբ միջանկյալ միջոց է կիրառվում Ադրբեջանի նկատմամբ, սակայն Ադրբեջանը չի խորշում այն բացահայտ ու ակնհայտորեն չկատարելուց»,- հավելեց Գոհար Մելոյանը։

Միաժամանակ նա արձանագրեց՝ Ադրբեջանի նմանատիպ ապօրինի գործողությունները որևէ արձագանք ու հետևանք Ադրբեջանի համար չեն ունենում, ինչով էլ պայմանավորված է նրա կողմից այս շարունակական անտարբեր վերաբերմունքը։

«Մենք բազմաթիվ պետությունների դեպքում տեսնում ենք, որ իրենց միջազգային պարտականություններից ձեռնպահ մնալը կամ հատկապես ակնհայտորեն չկատարելն ինչպիսի սանկցիաների ու պատասխանատվության են հանգեցնում։ Այս դեպքում առնվազն օդում կախված այդ հարցադրումը պետք է հնչեցնել, թե ինչո՞ւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում միջազգային կառույցների կողմից՝ իրենց իսկ որոշումները չկատարելու համար»,- շեշտեց Գոհար Մելոյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ գնդակը ոչ միայն հայկական կողմի, այլև միջազգային կառույցների դաշտում է։

«Ինքս առանձնահատուկ սպասելիքներ չեմ ունեցել, իհարկե ողջունելի էր, որ հաղթանակի հասանք, և ողջունելի է նաև հետագա սերունդներին իրավական նման բազա թողնելու տեսանկյունից։ Լիահույս չեմ, որ իրենք ակտիվ մեխանիզմներ կկիրառեն որոշումը կատարելու համար»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս