Թուրքիայի օրակարգը փոխվում է. Հայաստանը պետք է օգտվի. մտացածին խաղաղության օրակարգով ինքներս մեզ չխաբենք. Կարեն Հովհաննիսյան
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 36 հազարը, կան անհետ կորածներ, վիրավորներ։ Տարբեր երկրներ Թուրքիա են ուղարկել փրկարարներ աղետի գոտում աշխատելու համար, Հայաստանից ևս փրկարարներ էին մեկնել՝ ինչպես Թուրքիա այնպես էլ՝ Սիրիա, նրանք արդեն վերադարձել են։ Հայաստանը նաև հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ Մարգարայի կամրջով, ընդ որում, երկու անգամ։
Ի դեպ, Ավստրիայի և Գերմանիայի փրկարարները մի քանի օր աղետի գոտում աշխատելուց հետո վերադարձան իրենց երկրներ՝ հայտարարելով, որ իրենց աշխատանքի և կյանքի անվտանգության համար չկան ստեղծված պայմաններ, քանի որ աղետի գոտում կողոպտիչները շատ են։
Թուրքիայում ստեղծված այս քաոսային իրավիճակը կարո՞ղ է Թուրքիային ու Ադրբեջանին որոշ ժամանակ խանգարել, որպեսզի նրանք սադրանքների չդիմեն Հայաստանի սահմաններին ու Արցախում։ Այս առումով երկրաշարժը խափանե՞ց նրանց ծրագրերը։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատասխանելով մեր բարձրացրած հարցերին, նախ հիշեցրեց, որ մինչև երկրաշարժն էլ ասել է, որ ամռանը Թուրքիայում սպասվում են ընտրություններ, և ընտրությունների շեմին Էրդողանն ամեն ինչ անելու է, որպեսզի այլ հարցերով «գլուխը խառը» չլինի և ամբողջ թիմով կենտրոնանա միայն ընտրությունների վրա։
«Ես նաև ասել էի, որ հնարավոր է լարվածության որոշալի թուլացում դիտարկվի հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ռազմական գործողությունները ոչ թե լայնամասշտաբ կլինեն, այլ տեղային, որոնց պարզապես չի խառնվի Թուրքիան։ Եվ Թուրքիայի թույլտվությամբ Ադրբեջանը պահպանի որոշակի լարվածությունը, մինչև ընտրություններից հետո Թուրքիայում իրավիճակը հանդարտվի։
Սակայն երկրաշարժից հետո Թուրքիայում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել, և բոլորովին այլ Թուրքիա է այսօր աշխարհում։ Այսօր Թուրքիան տնտեսապես գտնվում է վատ վիճակում և առայժմ հաշվարկված է, թե որքան կորուստ է ունեցել երկրաշարժի հետևանքով, հաշվարկները խիստ նախնական են։ Եթե Թուրքիայի նախագահը երկրաշարժի երրորդ օրը խոսում էր, որ Հաթայում մեկ տարվա ընթացքում տները կվերականգնեն, կկառուցեն և այլն, ապա երկրաշարժի 10-րդ օրն արդեն բացեիաբաց խոսեց, որ Հաթայն այլևս չի վերականգնվի, բնակչությունն այնտեղից պիտի դուրս գա, և այդ տեղում պետք է կառուցվի նոր քաղաք»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետը վստահ է, որ նմանատիպ քաղաքներ ու բնակավայրեր արժանանալու են նույն ճակատագրին։ Հետևաբար, քանի դեռ Թուրքիան վերջնական չի հաշվարկել իր վնասները և չի ամբողջացրել ողջ պատկերը, միանշանակ թույլ չի տալու, որպեսզի Ադրբեջանը գնա որևէ ռազմական գործողության Հայաստանի նկատմամբ։
«Ռազմական գործողությունն իրենից ենթադրում է հավելյալ ու մեծ ծախսեր, որն այժմ չեն կարող անել ո՛չ Թուրքիան ո՛չ էլ, առավել ևս, Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանը ստիպված է լինելու այս պահին Թուրքիային օգնել ու սատարել իրենց որդեգրած՝ մեկ ազգ, երկու պետություն քաղաքականության տրամաբանության մեջ։ Այս համատեքստում վստահաբար կարող եմ ասել՝ Ադրբեջանը դադարեցնելու է բնակարանաշինությունը Արցախի օկուպացրած տարածքներում, Ակնայում լայն թափով բնակարանաշինություն էին սկսել, ամբողջ ֆինանսական ռեսուրսն ուղղվելու է Թուրքիա, որպեսզի Թուրքիան շատ արագ ոտքի կանգնեցվի, իրենց ռազմավարությունը սրան է ուղղված լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս ամբողջ համատեքստում հայկական կողմը չպետք է «արխային» ընկնի ու ասի՝ դե լավ՝ գնացինք անձնական խնդիրները լուծելու, փոխարենը՝ պետք է կարողանա այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործել հօգուտ իրեն։
«Նախ, առաջին հերթին՝ մենք պետք է կարողանանք բանակը շատ արագ բերել բալանսի և գտնել ռազմավարական նոր գործընկերներ, որոնցից ոչ միայն զենք կգնենք, այլև անհրաժեշտության դեպքում կստանանք ռազմական փոխօգնություն՝ սրանով իսկ կանխելով մնացած բոլոր ռազմական գործողությունները։ Այս ժամանակահատվածը մենք պարտադիր պետք է օգտագործենք հօգուտ մեզ։ Կրկնում եմ՝ մտացածին խաղաղության պայմանագիր կամ խաղաղության օրակարգով ինքներս մեզ չխաբենք, ինչպես արեցինք անցած երկու տարիների ընթացքում։
Այս ամենի համատեքստում, կարծում եմ, որ այդուհանդերձ Ադրբեջանն ու Թուրքիան կգնան սահմանին սադրանքների՝ կրակոցներ, փոքր լոկալ բախումներ: Հատկապես Ադրբեջանը փորձելու է դա անել, քանի որ Ալիևն իր իշխանությունը պահելու խնդիր ունի, իսկ այն պահելու միակ միջոցը հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն մտցնելն է։ Դրանով նա իր հասարակությանը մշտապես վախեցնում է, որ պատերազմը մոտ է, հայերը ռևանշիստներ են, նրանք հարձակվում են, ամեն ինչ չի ավարտվել և այլն։ Հետևաբար՝ Ալիևը կփորձի փոքր լոկալ բախումների գնալ»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։