Մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ. եթե մեր թագավորները «խաղաղասեր» լինեին՝ Հայաստան չէր մնա. Միքայել Մալխասյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան, ԵՊՀ դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է:

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

  • Շատ հաճախ ամենաբարձր մակարդակով հնչում են այնպիսի պնդումներ, որոնք կապ չունեն հայոց պատմության հետ: Խիստ մտահոգիչ են Մեսրոպ Մաշտոցի և մեր պատմության համար կարևոր անձանց վերաբերյալ հնչող կեղծ պնդումները: Այդտեղ կան գաղափարներ, որոնք գեներացվում են ինչ-ինչ կենտրոնների կողմից:
  • Պապ թագավորին կտրում են իր ժամանակաշրջանի կոնտեքստից ու ներկայացնում այնպես, ինչպես իրենց պետք է: Իշխանության համար կարևոր են Պապ թագավորի՝ եկեղեցու դեմ գործողությունները: Լավ կլիներ՝ Պապ թագավորին հիշեին արտաքին թշնամիների դեմ պայքարի կոնտեքստում: Պապ թագավորը բանակի թվաքանակն է մեծացրել:
  • Ամիանոս Մարկելինոսը հստակ ասում է՝ Պապ թագավորին սպանել են հռոմեացիները Հայաստանում գտնվող իրենց ռազմաբազայում. ի՞նչ կապ ուներ եկեղեցին այդտեղ:
  • Լավ չեն պատկերացնում Պապի՝ եկեղեցական քաղաքականությունն ինչպիսին է եղել. դժվար է այն անվանել եկեղեցու դեմ: Չի կարելի ասել, որ նա ուզում էր եկեղեցուն թուլացնել:
  • Ես չգիտեմ՝ իրենց քաղտեխնոլոգներն ինչ են մտածել, բայց Պապը խաղաղասեր չէ. նա գահին բազմել է պատերազմով:
  • Եթե մեր թագավորները «խաղաղասեր» լինեին՝ Հայաստան չէր մնա:
  • Եթե կնոջ մարտնչող կերպար էին փնտրում, պետք է ընտրեին Փառանձեմին. նա փաստացի թագավոր է եղել:
  • Փաստ է, որ Էրատոն արքայատոհմի վերջին ներկայացուցիչն է, և նրանից հետո 50 տարի Հայաստանում իշխանության ճգնաժամ է եղել:
  • Եթե Էրատոյի անունը դրել են որպես մեսիջ, լավ մեսիջ չէ. դա հանձնվող, ավարտվող պետության սիգնալ է:
  • Պատմական հիշողությունը ջնջելը նման է կենսագրությունը ջնջելուն. մարդը չի կարող իր կենսագրությունը թաղել:
  • Մովսես Խորենացու համար հայոց պատմությունը թագավորության պատմությունն է. նա Հայկ Նահապետին է դարձնում արքայական կոնցեպտի կրող:
  • Ես չգիտեմ՝ մենք այսօր ինչ մոդել ենք փոխանցում հասարակությանը՝ որ կարելի է այս սարը հանձնել, որովհետև տարին բոլոր գագաթին ձյո՞ւն է…
  • Ասում են՝ դե՜, Տիգրան Մեծը ժամանակին հանձնեց, մեզնից ի՞նչ եք ուզում, մինչդեռ Արտաշատի պայմանագիրը նրանք կրկին կոնտեքստից կտրած, յուրովի են մեկնաբանում:
  • Դասական լիբերալիզմը չի ենթադրում, որ երկիրը պետք է դարձնել անպաշտպան:
  • Չի կարող մարդն իր ազատություններն իրացնել անպաշտպան սահմանների պայմաններում, ոչ անվտանգ միջավայրում:
  • 44-օրյա պատերազմից հետո բավական հեշտ է հասարակության զգացմունքային դաշտի հետ խաղալը:
  • Մեր հասարակությանը հիմա համոզում են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պրոբլեմների մեղավորը մենք ենք:
  • Ես չեմ հիշում՝ Հայաստանի որևէ ղեկավար ասեր՝ Բաքուն հայկական քաղաք է, բայց ասում են՝ մենք այդպես ենք ասել, դրա համար Բաքուն հայելային կերպով պատասխանում է… Ալիևի հայտարարությունները հայելային չեն. դրանք ի սկզբանե ագրեսիվ են եղել:

  • Իհարկե, խաղաղությունը լավ բան է, դա մարդու բնական ձգտումն է, բայց սեփական տարածքից զիջումներ կատարելով՝ խաղաղության չեն հասնում:
  • Ակնհայտ է, որ խաղաղասիրական թեզերը հստակ մշակված են, և դրանք աշխատում են:
  • Ցանկացած պետություն, եթե տեսնի՝ դու ցանկություն չունես որևէ կերպ քո սեփական տարածքը պաշտպանելու, նա երբեք չի օգնի քեզ:
  • Միայն սեպտեմբերյան Ջերմուկի դեպքերի զոհերի թիվն Ապրիլյան պատերազմի զոհերից 3 անգամ ավելի է, բայց հասարակական աղմուկ չկա:
  • Եթե մենք թշնամուն ենք ասում՝ քարտեզ առաջարկեք, նույնն է, որ մենք մեր հարևանին ասենք՝ դու ասա՝ իմ բնակարանից ինչ ես ուզում, ես կորոշեմ՝ տա՞մ այդ սենյակը քեզ, թե՞ ոչ:
  • Մեր հասարակությանը տարիներ շարունակ հրամցվել է, որ աշխարհը կպահի մեր սահմանները. նման բան չկա:
  • Եթե անընդհատ խոսում են 29.800 քկմ-ի մասին, ակնհայտորեն խոսքը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանների մասին է:
  • Հանձնվելիք տարածքները կարևոր կոմունիկացիաներ են փակում, դրանք Հայաստանի շնչուղիներն են, պատկերացնո՞ւմ եք հետևանքները. ի՞նչ ենք անելու:
  • Իշխանությունների նշած այդ անկլավները կարևորագույն կոմունիկացիաներ են, մեզ համար՝ շնչուղիներ:
  • Պատրանքը, թե մեր հարևանները խաղաղասերներ են, մշտապես եկել է Թուրքիայից և Ադրբեջանից:
  • Երբ երիտթուրքական հեղաշրջումն էր տեղի ունենում Թուրքիայում, հայերը ոգևորված էին: Արդյունքում՝ նրանք շատ ավելի կատարելագործված միջոցներով իրականացրին Հայոց մեծ եղեռնը:
  • Մենք Հրանտ Դինքին ընկալում ենք որպես Թուրքիայի դեմ պայքարող կերպար, բայց Դինքը միևնույն ժամանակ Թուրքիայի պատրիոտ էր: Ինքն ուզում էր, որ Թուրքիան գնա եվրոպական ինտեգրացիայի ճանապարհով և դրա համար պետք է առերեսվի իր պատմության հետ, ճանաչի Ցեղասպանության փաստը:
  • Մենք ոչ միայն մեր կենսագրությունից ենք հրաժարվում, այլև կրկնում ենք թուրքական պաշտոնական տեսակետները:
  • Երզնկայում միայն հարյուր հարկատեսակ կար, որ սահմանված էր բացառապես հայերի համար:
  • Եթե մենք պատրաստ ենք անընդհատ զիջել, թուրքերը մաքսիմում պոկելու են. ըստ նրանց՝ Հայաստանն ընդհանրապես չպետք է գոյություն ունենա:
  • 800 քկմ-ն Խորհրդային Միության կոնցեպտն էր, իսկ ԽՍՀՄ սահմանների երաշխավորն ո՞վ էր… Բայց մյուս կողմից դու հրավիրում ես ԵՄ դիտորդների:
  • Շատ կարևոր հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ:
  • Պետությունը խաղաղությունը չպետք է որպես նպատակ սահմանի:
  • Էրդողանը շատ հստակ իրենց նեոպանթուրքիստական ծրագրերն առաջ է տանում թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս: Հստակ աշխատում են Ռուսաստանում, Միջին Ասիայում, Բոսնիայում, Կոսովոյում: Հատկապես շատ է կարևորում դպրոցների հիմնումը:
  • Նախկինում ևս գիտակցում կար, որ պետք է սկսել հայ-թուրքական երկխոսություն, բայց եթե Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների դա անել, անիմաստ է: Դրա ապացույցը «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր, որը ՀՀ 3-րդ նախագահը հետ կանչեց Ազգային ժողովից:
  • Բալյան ճարտարապետներն ո՞ւմ համար էին պալատներ սարքում՝ թուրքական սուլթանների. Թուրքիայի հայերի գործունեությունը պետք է դիտարկել ոչ թե էթնիկ ծագման, այլ հայկականության տեսանկյունից:
  • Պատմության մեջ չեմ մտաբերում օրինակ, որ պարտվածը կարող է հաջողել:
  • Ներքին ճգնաժամ ունեցող, կոնսոլիդացիա ապահովել չկարողացող իշխանության պարագայում հասարակությունը չի կարող ճգնաժամ հաղթահարել:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս