«Իշխանությունը ջանքերը կենտրոնացնում է հերթական տարածքային կորուստների արդարացման համար». Տիգրան Աբրահամյան
«Զինված ուժերում առարկայական փոփոխությունների, բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է արձանագրվում կամ Հայաստանում և Արցախում տարածքային նոր կորուստներ ու զիջումներ են լինում»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Զինված ուժերին բարեփոխումներն անհրաժեշտ են հետպատերազմյան ժամանակահատվածում բանակը վերականգնելու, համալրելու, արդիականացնելու, երկրի անվտանգությունը պատշաճ ապահովելու և Ադրբեջանի ու առհասարակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին զսպելու և դիմակայելու համար:
«Զինված ուժերում տեղի ունեցող ցանկացած միջադեպ՝ միջանձնայինից մինչև դիրքային կորուստներ, ստուգատես են երկրի ու անվտանգության համակարգի համար՝ հասկանալու, թե տվյալ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները բարեփոխո՞ւմ են, թե՞ հերթական տապալման դրսևորում են:
Իշխանությունը պնդում է, որ գնում է ռեֆորմների ճանապարհով, իսկ ի՞նչ է տեսնում ու զգում հասարակությունը, դեռ մի կողմ դնեմ քաղաքական և փորձագիտական գնահատականները: Հասարակությունը շարունակում է տեսնել ու արձանագրել 1 բան՝ անվտանգային համակարգի փլուզում, ինչն իր հետ բերում է նոր մարդկային ողբերգությունների և հայրենիքի կորստի…
Սա շարունակվելու է այնքան ժամանակ, որքան իշխանության ղեկին մի ուժ է, որի պաշտոնավարման ողջ ընթացքն ասոցիացվում է պատերազմի, ագրեսիայի, անպաշտպանության, անկարողության, ողբի և աղետի հետ»,- ասաց պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանը նշեց նաև, որ Զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է իրական կամք, կոմպետենտ մարդիկ և դրա համար անհրաժեշտ բարոյահոգեբանական վիճակ, ապա հավելեց, որ այսօր այս 3 հիմնական գործոնները բացակայում են.
«Իշխանությունն ավելի շատ ջանք ու եռանդ ներդնում է բանակի անհուսալի և թույլ լինելը հիմնավորելու և դրանով պայմանավորված զիջումների գնալու համար կամ բուն փոփոխությունների դաշտ նախապատրաստելու ուղղությամբ…
Զինված ուժերի մակարդակից է կախված, թե արդյոք այս տարածաշրջանում գոյատևման խնդիր լուծելո՞ւ ենք, թե՞ ոչ: Համենայն դեպս, իշխանությունն անում է ճիշտ հակառակը՝ ջանքերն ավելի շատ կենտրոնացնում է հերթական աղետի ու տարածքային կորուստների արդարացման ու սեփական պատասխանատվությունից խուսափելու համար, իսկ քայլերն ու գործողությունները, ինչպես միշտ, անբավարար են…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում