«Լավրովը հին է և միշտ է աչքի ընկել անմակարդակ պահվածքով. իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները». Գագիկ Համբարյան
«Լավրովը միշտ է աչքի ընկել իր կոպտություններով, անմակարդակ պահվածքով, և շատ դեպքերում ՌԴ արտաքին քաղաքականության ձախողումներն էլ ես կապում եմ հենց նրա հետ: ՌԴ արտաքին քաղաքականությունը ղեկավարող մարդը շատ հին է, բացարձակ պատկերացում չունի նորագույն տեխնոլոգիաների մասին, թե ինչպես կարելի է մարդկանց մանիպուլացնել, ա պլանի տապալման դեպքում շատ արագ անցնել բ պլանի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը:
Ըստ նրա՝ պուտինյան ժամանակաշրջանից ի վեր Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային մի շարք երկրներում. «Լինելով շատ ժուժկալ՝ Ռուսաստանը չի սիրում գումարներ ծախսել, և հույսը դրել է հակասությունների վրա խաղալու վրա: Բոլորն էլ լավ գիտեն՝ որտեղ կան կոնֆլիկտներ, այդտեղ Ռուսաստանը պահպանում է իր դիրքերը, չկա կոնֆլիկտ՝ ՌԴ-ին շատ արագ այդ տարածաշրջանից հեռացնում են: Մի կողմ թողնելով Լավրովի հայտարարությունը՝ եկեք անդրադառնանք՝ իսկ ի՞նչ են ասում ՀՀ իշխանությունները. Ավելի վատ բան են ասում: Եթե Լավրովի համար Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները, նույն Նիկոլ Փաշինյանի, Գուրգեն Արսենյանի և շատ այլ քայլիստների համար Հայաստանն ընդհանրապես օկուպացրել է նաև Արցախը: Հասկանո՞ւմ եք՝ մենք ուշադրություն չենք դարձնում այն հակահայ թեզերին, որ հնչեցվում են ՀՀ գործող իշխանությունների կողմից: ՀՀ գործող իշխանությունները, ըստ Լավրովի, արդեն Արցախը ճանաչել են՝ որպես Ադրբեջանի մաս: Չնայած՝ Լավրովն այստեղ էլ չիմացության կամ դիտավորության արդյունքում փորձ կատարեց հղում անել Ալմա Աթայի հռչակագրին, բայց այդ դեկլարացիայի մեջ ՀՀ-ն իր վերապահումներն է ունեցել, որոնք արձանագրված են:
Այսինքն՝ նույնիսկ այդ դեկլարացիան մեջբերելով՝ «Նիկոլ անհողը» չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որովհետև ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը հատուկ վերապահումներով այնտեղ կետեր է մտցրել, որ Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի մաս, որովհետև Արցախը ըստ ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան կետերի՝ հանրաքվեի արդյունքում դուրս է եկել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմից, և ԽՍՀՄ Սահմանադրության որևէ խախտում տեղի չի ունեցել»:
Գագիկ Համբարյանը Լավրովի հայտարարությունը դիտարկում է որպես դեմարշ՝ ՀՀ գործող իշխանություններին:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում