ՍԴ դատավորների համար իրենց բարձր աշխատավարձն ու կոմֆորտ վիճակն ավելի կարևոր է, քան մասնագիտական արժանապատվությունը
Արդեն երկու շաբաթ է անցել այն օրից, երբ 168.am-ը հունվարի 19-ին տեղեկություն հրապարակեց առ այն, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանը կատարել է ՍԴ դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություն, այն է՝ դատարանում արդեն ՍԴ դատավոր լինելուց ու իր փաստաբանի արտոնագիրը դադարեցնելուց հետո՝ դեկտեմբերի 28-ին, հանդես է եկել որպես ներկայացուցիչ՝ իր անվամբ ու ստորագրությամբ:
Այս թեմայով երկրորդ հրապարակման մեջ հունվարի 25-ին ներկայացրել էինք խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) արձագանքը, մեկնաբանել էինք այն կրկին պատշաճ օրենսդրական հղումներով, նշել էինք, որ ՍԴ-ն չի հերքել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստը, սակայն ասել է, որ ըստ օրենքի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ՍԴ-ն կարող է ենթարկել, եթե լինի ՍԴ 3 դատավորի դիմումը: Կարճ ասած՝ փնտրվում է ՍԴ 3 դատավոր:
Այն, որ Սեդա Սաֆարյանը կատարել է իրեն վերագրվող գործողությունը, ապացուցել էինք՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը:
Թեմայով երկու հրապարակումների միջակայքում 5-6 օր շարունակ մենք փորձում էինք հասկանալ խնդրի վերաբերյալ ՍԴ-ի դիրքորոշումը: ՍԴ-ում գրեթե բոլորը, այդ թվում՝ դատավորները, հերթապահ արտահայտություններով փորձում էին պատասխանատվության իրենց բաժինն իրենցից հեռացնել, ու տպավորություն էր, թե մեկ օրն էլ հաշիվ է, մինչև կհասկանան՝ ինչ անեն:
Իհարկե, պարզ էր, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը փորձում է հասկանալ հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, և, ըստ էության, միայն դա կոնկրետացնելուց հետո ստացանք պատասխան, որ հարցը գտնվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի տիրույթում, այն է՝ փնտրվում է ՍԴ 3 դատավոր՝ կարգապահական վարույթ սկսելու համար դիմում ներկայացնելու նպատակով:
Այդ դատավորները մինչ այժմ գտնված չեն, բայց այդ մասին՝ քիչ անց:
Աղմուկը բարձրանալուց հետո iravaban.net-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասել էր՝ «Այդպիսի խնդիր չկա, որ փորձեն կրակ վառեն, ձեռքերն էլ տաքացնեն։ Դա մի փոքրիկ խնդիր է, որի հետ կապված քննարկում եղել է և չեմ կարծում, որ դա կարող է բնորոշվել որպես «ներկայացուցչության իրականացում»:
Կայքը, ի դեպ, գրել էր, որ Սեդա Սաֆարյանը դա ասել էր՝ անդրադառնալով մեր հրապարակմանը:
168.am-ը ՍԴ հարցում կատարեց՝ հասկանալու համար՝ ինչ քննարկման մասին է խոսում Սեդա Սաֆարյանը, որովհետև եթե կա խնդիր, դա պետք է քննարկվի կարգապահական վարույթի շրջանակներում, իսկ ՍԴ-ում, ինչպես արդեն հասկանում ենք, չկա ՍԴ 3 դատավոր, ով իր կոմֆորտ զոնան ու բարձր աշխատավարձը կզոհի իր մասնագիտական հեղինակությունը չխաթարելուն:
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ դեռևս ս․թ․ հունվարի 10-ին՝ ՍԴ առաջին աշխատակարգային նիստում, Սեդա Սաֆարյանը գործընկերներին տեղեկացրել է Ձեր կողմից նշված հարցի մասին և, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշված հարցը կարգավորվում է ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի, 1-ի շրջանակներում։ Վերոնշյալ օրենսդրական ակտով սահմանված կամ նշված հարցին առնչվող այլ գործընթացների մասին հրապարակման ենթակա տեղեկություններ, այս պահին, առկա չեն»,- ասված է ՍԴ կողմից ստացված պատասխանում:
Տարօրինակ է ՍԴ դատավորի ինքնախոստովանությունը, որովհետև Սեդասաֆարյանենք համարում են, որ ամեն ինչ ճիշտ են արել, և դիմումի սկզբնական օր պետք է համարել դեկտեմբերի 5-ը, երբ ներկայացրել են այդ գործով առաջին բողոքը: Հետևաբար ինչո՞ւ է Սեդա Սաֆարյանը հունվարի 10-ին ինքնակամ այդ մասին պատմել:
Պարզ է, որ դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ստորագրելուց ու դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու (իսկ դատարանը Սեդա Սաֆարյանի բողոքը թողել էր առանց քննության հենց այն հիմքով, որ վերջինս ՍԴ դատավոր է ու չի կարող որպես ներկայացուցիչ հանդես գալ) որոշման մասին իմանալուց հետո հասկացել է՝ ինչ է արել, ու ինչի մեջ է ինքը հիմա, պատմել է ՍԴ-ին, ՍԴ-ն էլ որոշել է կոծկել թեման՝ հուսալով, որ այն ջրի երես դուրս չի գա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորների մոտ անկեղծացել է իր կատարած գործողությունների մասով, ինքնախոստովանություն արել և հայտարարել՝ թող դատավորները որոշեն իր ճակատագիրը:
«Այս օրերին ՍԴ դատավորները փակվել են իրենց սենյակներում, և միգուցե մի օբյեկտիվ դատավոր գտնվի, որ Սեդա Սաֆարյանի մասով դիմում ներկայացնի ՍԴ նախագահին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի, ևս քննվի նրա վարքը: Սա միակ տարբերակը չէ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները ներքին խոսակցություն են ունեցել, որ Ազգային ժողովը ևս կարող էր մամուլում տեղ գտած տեղեկության մասով դիմում ներկայացնել ՍԴ և պարզաբանում պահանջել՝ եղել է արդյոք նման բան, թե ոչ: Նկատենք՝ նման բան ԱԺ-ն կարող է անել 3/5-ով, այսինքն՝ 64 ձայնով, ինչը ընդդիմությունը չունի, ՔՊ-ն էլ դժվար իր սիրելի դատավորի օրինախախտմանը ադեկվատ արձագանք տա»,- գրել էր օրաթերթն ու հավելել՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ»:
Ի դեպ, մենք հարցում էինք ուղարկել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ առ այն, թե արդյո՞ք Ազգային ժողովի նախագահը դատավորին ընտրած պատգամավորների հետ քննարկել է ՍԴ դատավորի վարքագիծը: Եթե այո, ՍԴ դատավորին պատասխանատվության ենթարկելու ի՞նչ մեխանիզմներ են քննարկվել ու նախաձեռնվել նրան ՍԴ դատավորի պաշտոնում ընտրած մարմնի կողմից:
ԱԺ նախագահի կողմից ստացված պատասխանի մեջ թեև կոնկրետ մեր հարցերի պատասխանները չկային, բայց նա ևս չէր հերքել մեր կողմից հրապարակված փաստը, խնդրի առկայությունը՝ հարցի լուծումը, ակայն, ուղղորդելով ՍԴ՝ վկայակոչելով նույն 82-րդ հոդվածը:
ԱԺ-ի վարքագծին կանդրադառնանք մեր մյուս հրապարակումների մեջ:
Գլխավոր դատախազությունը ևս հանցակազմ չէր տեսել հրապարակման մեջ:
Այսինքն՝ պետական իրավասու բոլոր մարմինների կողմից փաստվել է՝ խնդիրը պետք է լուծվի Սահմանադրական դատարանում, ՍԴ դատավորների կողմից: ՍԴ դատավորները, սակայն, չեն շտապում այս խարանն իրենց վրայից հեռացնել:
Իրավաբանական հանրությունը շատ լավ գիտի՝ ինչ բարձր մասնագիտական որակներ ունի Սեդա Սաֆարյանը, բայց ՍԴ դատավորները, լավ թե վատ, որոշակի հեղինակություն ունեցող, ճանապարհ անցած մարդիկ են, որոնցից շատերը նաև դասավանդում են տարբեր բուհ-երում ու իրենց ուսանողների մոտ խոսում բարձր գաղափարներից, պատմում, օրինակ, թե որ գործողություններն են անհամատեղելի ՍԴ դատավորի պաշտոնի հետ:
Մի Սեդա Սաֆարյան փաստացի հեղինակազրկեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանին ու ՍԴ դատավորներին: Արման Դիլանյանը չհասկացավ, որ կացնային կերպով թեմային ընթացք չտալով ու դատավորներին արգելելով կարգապահական վարույթ սկսել՝ ՍԴ-ն դարձնում է «բոքսի տանձիկ», ու այսուհետ այլևս երբեք ՍԴ-ն չի ունենալու հեղինակություն:
ՍԴ-ն մարսեց ամեն ինչ՝ դատարանի շրջափակումը Նիկոլ Փաշինյանի հրահանգով, անցանկալի դատավորներից ամեն գնով ազատվելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշման իրագործումը, աշխատանքի չգնացող, ոչինչ չանող, բայց աշխատավարձ ու պարգևավճար ստացող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առկայություն:
ՍԴ եկան մարդիկ, ովքեր մասնագիտական արժանապատվության հետ թերևս առնչություն չունեն, մարդիկ, ում համար իրենց աշխատավարձն ու խաղաղ, անվրդով կյանքը, կոմպրոմատային աղետին չբախվելու սարսափը ավելին են, քան ՍԴ դատավորի բարձր կոչումն ու մասնագիտական արժանապատվությունը:
Հիմա ՍԴ-ն հերթական շռնդալից քայլն է անում Բարձր դատարանը «դուքյան» դարձնելու ճանապարհին: ՍԴ-ում փաստացի չկան այն 3 դատավորները, ովքեր համարձակություն կունենան գոնե ըստ ընթացակարգերի քննել Սեդա Սաֆարյանի կատարած կարգապահական խախտման դեպքը: Փաստացի ՍԴ դատավորները Սեդա Սաֆարյանի կատարած խախտման մասին իմացել են ավելի շուտ ու կոծկել են դեպքը: Սա դեռ մի կողմ, համարձակություն չունեն դրան ընթացք տալ անգամ հիմա, երբ հարցը վաղուց արդեն հրապարակային դաշտում է:
Այնուամենայնիվ, հունվարի 10-ի աշխատակարգային նիստին ներկա գտնված բոլոր դատավորները պատասխանատվություն են կրում Սեդա Սաֆարյանի կողմից կատարված կարգապահական խախտման մասին իմանալու ու փաստը կոծկելու համար: Սա արձանագրենք:
Իսկ ՍԴ դատավորներին շնորհավորում ենք. այսուհետ բոլորը Սեդա Սաֆարյանի առջև պետք է խոնարհվեն, քանի որ հենց նա կարողացավ իրականում ցույց տալ՝ ինչ կշիռ ունեն նրանք: