Ինչո՞ւ են աղմկում Սեդա-Ստյոպա Սաֆարյանները
Թեմայի նախապատմությունը
Եվ այսպես՝ հունվարի 19-ին 168.am-ը հանդես եկավ «Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը. ի՞նչ հետևանքներ կունենա ՍԴ դատավորի արարքը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ փաստեր էին բերված առ այն, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2022թ. կայացրած որոշման դեմ: Իր անունից ներկայացրած բողոքով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը, վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Գրել էինք նաև, որ մեր տեղեկություններով՝ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության հենց այն պատճառով, որ Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, չէր կարող վերաքննիչ բողոք ներկայացնել իր անունից, այսինքն՝ հանդես գալ որպես փաստաբան:
Այն, որ Սեդա Սաֆարյանը իրավունք չուներ հանդես գալ որպես փաստաբան, հիմնավորել էինք օրենքներից համապատասխան հոդվածների հղումներով:
Այս թեմայով երկրորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) արձագանքը, մեկնաբանել էինք այն կրկին պատշաճ օրենսդրական հղումներով, նշել էինք, որ ՍԴ-ն չի հերքել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստը, սակայն ասել է, որ ըստ օրենքի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ՍԴ-ն կարող է ենթարկել, եթե լինի ՍԴ 3 դատավորի դիմումը: Կարճ ասած՝ փնտրվում է ՍԴ 3 դատավոր:
Ի դեպ, ի գիտություն ՍԴ դատավորների, հիշեցնենք, որ երբ կա ենթադրյալ խախտման փաստ, ու այն չի դառնում ՍԴ-ում քննության առարկա, կարգապահական պատասխանատվության բեռը մի գեղեցիկ օր կարող է ընկնել հենց ՍԴ դատավորների ուսերին:Սա իմիջիայլոց ու հատուկ իրենց գլուխը ավազի մեջ թաղած ու ոչինչ չլսող ու չտեսնող ՍԴ բոլոր դատավորների, այդ թվում՝ Արման Դիլանյանի համար:
Իսկ այն, որ ՍԴ-ն այստեղ խնդիր տեսել է, փաստում է հենց Սեդա Սաֆարյանը:
«Այդպիսի խնդիր չկա, որ փորձեն կրակ վառեն, ձեռքերն էլ տաքացնեն։ Դա մի փոքրիկ խնդիր է, որի հետ կապված քննարկում եղել է, և չեմ կարծում, որ դա կարող է բնորոշվել՝ որպես «ներկայացուցչության իրականացում»,-Iravaban.Net-ի հետ զրույցում ասել է Սեդա Սաֆարյանը:
Նույն այդ հրապարակման մեջ նա նաև ընդունել էր, որ քննարկումը եղել է ՍԴ-ում, և որ իր՝ որպես փաստաբանի լիազորությունները Փաստաբաններ պալատի Խորհուրդը դադարեցրել է դեռևս դեկտեմբերի 15-ին, ինչի մասին գրել էինք երեկ: Այսինքն՝ փաստել էինք, որ Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոքը դեկտեմբերի 28-ին ստորագրել է՝ արդեն իսկ չլինելով փաստաբան:
Ստյոպա Սաֆարյանի 8 տանջալից օրերը
Ուղիղ 8 օր «դարանակալած», ինչպես ինքն էասում, սպասելուց հետո Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը, ենթադրաբար դատավոր քրոջից իրավախորհրդատվություն ստանալով, բավականին ծավալուն «պարզաբանում» է ներկայացրել թեմայի վերաբերյալ՝ փորձելով այդ ծավալի մեջ կորցնել հիմնական թեման, այն է՝ Սեդա Սաֆարյանը կատարել է առնվազն ՍԴ դատավորի վարքագծի կոպտագույն խախտում, մնացածը թող դատախազությունը որոշի:
Բայց հիմա անդրադառնանք Ստյոպա Սաֆարյանի գրառմանը՝ ըստ էության ու շերտերի:
Իր գրառման սկզբում Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է մեր հրապարակումներին: Ուրախ ենք, իհարկե, որ Ստյոպա Սաֆարյանի իրավական գիտելիքները հարստացրել ենք, բայց, այնուամենայնիվ, համաձայն չենք այն դիտարկման հետ, թե «Առաջին մասում Գոհար Սավզյանը թվացյալ «անվստահ» է շարադրել «խախտումը»»…Առաջարկում ենք առաջին հրապարակումը մեկ անգամ ևս կարդալ:
Մենք հիմնավոր կերպով ու բավականին վստահ, կրկնում ենք, շատ վստահ ներկայացրել ենք փաստը, հիմնավորել ենք խախտումը ու գրել, որ խնդիրը ՍԴ դաշտում է. թող քննեն, հասկանան:
«Օրենքների մեկնաբանության առումով տիկինը ճիշտ է։ Բայց, ա՛յ, արդյո՞ք մնացյալում նրա մոտ ազնվությունն է պակասել, թե՞ լրագրողական-հետաքննական պրոֆեսիոնալիզմը, թե՞ նրա «աղբյուրները» տեղեկությունն ամբողջական չեն տրամադրել, այս հարցերի պատասխանները ստույգ կիմանա միայն ինքը։ Իսկ այդ հատվածում կատարյալ փաստերի կատարյալ շահարկում ու խաղարկում է (մանիպուլյացիա ու սպեկուլյացիա), որը իմ կարծիքով ու գնահատողական դատողությամբ անգամ զրպարտության տարրեր է պարունակում․․․Լինելով Սեդա Սաֆարյանի արյունակցական հարազատը, չեմ կարող նրա անունից հայտարարել, թե արդյո՞ք նա փաստերի ակնհայտ խեղաթյուրման ու մանիպուլացման, այդ ամենի հիման վրա զրպարտության երանգներ տվող եզրահանգումների համար ընդդեմ լրատվամիջոցի կամ հոդվածագրի դատական հայց կներկայացնի՞, թե՞ ոչ․․․Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Բայց, այ, հեղինակի կողմից հանրությունից խնամքով թաքցվող գործի մանրամասների ու Սեդա Սաֆարյանի կողմից վեաքննիչ բողոք ներկայացնելու կապակցությամբ բավարար տեղեկատվության տիրապետում եմ ներքոնշյալը գրելու և գրված անհեթեթությունը հերքելու համար»,-գրել է Ստյոպա Սաֆարյանը:
Միանգամից նշենք, ուրախ կլինենք, որ Սեդա Սաֆարյանն իր եղբոր մատնաշած հանգամանքների առնչությամբ դիմի դատարան, և խնդիրը մտնի դատական քննության հրապարակային փուլ: Բայց սա իմիջիայլոց…
Ստյոպա Սաֆարյանն իր գրառումն ավելի ծավալուն դարձնելու համար մի ստվար հատված նվիրել է նրան, որ հոդվածագիրը «Սեդա Սաֆարյանիդատավոր «նշանակվելու» փաստը բավական հնարամտորեն է մատուցել՝գալով «հեռվից»՝ 2022թ. սեպտեմբերի 15-ից»…
Միանգամից նշենք՝ 168.am-ը սկզբունք ունի՝ ամեն բան ներկայացնել հիմնավորված, ինչը և արել ենք: Ստյոպա Սաֆարյանի՝ այս հատվածի վերաբերյալ բոլոր «լոլոներին» պատասխանենք կարճ՝ Սեդա Սաֆարյանի կողմից կատարված խախտման փաստը մատնանշելիս հստակ նշել ենք, որ ելակետ ընդունել ենք դեկտեմբերի 16-ը, երբ վերջինս որպես ՍԴ դատավոր՝ ներկայացվել է ՍԴ աշխատակազմին ու դատավորներին:
Առաջին հրապարակումը կատարելիս Ստյոպա Սաֆարյանի՝ «Սեդա Սաֆարյանը շատ վաղուցվանից գիտեր, որ ինքը գնում էր դեպի ՍԴ դատավորի աթոռը և որ իր փաստաբանական լիազորությունները գնալով «մարում» էին․․․» այս միտքը նկատի չենք ունեցել, բայց դրան ևս կանդրադառնանք:
Այն մասին, ինչը շատ անհաջող կերպով փորձում է «ցրել» Ստյոպա Սաֆարյանը
«Այսպիսով, գիտակցված թե չգիտակցված՝ անգամ «168 ժամում» է սպրդել այն փաստը, որ Սեդա Սաֆարյանի արտոնագիրը ՍԴ դատավոր դառնալուց հետո կասեցվել է սահմանված ժամկետում, ինչը և վերևում գրել ենք, ինչը և ապացուցում է հենց «168 ժամը»»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը:
Չի սպրդել. կրկին բավականին վստահ խոսուն փաստ ենք հրապարակել. Սեդա Սաֆարյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվել է՝ արդեն իսկ չլինելով փաստաբան:
«Ու քանի որ ըստ Փաստաբանների պալատի Սեդա Սաֆարյանը տեսականորեն մինչև դեկտեմբերի 15-ը կարող էր հանդիսանալ գործող փաստաբան, նա դեկտեմբերի 5-ին Վերաքննիչ բողոք է ուղարկում Վերաքննիչ դատարան մի գործով, որի մասին հանրությունը չափազանց լավ գիտի, բայց լրագրողը երկու մասում էլ խնամքով շրջանցել է, թե դա ինչ գործ է ու ինչի մասին է․․․»,-ասում է Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ հավելելով, որ Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոքն ուղարկում է մի օր, երբ նա ՍԴ դատավոր չէր համարվում, ու գործող փաստաբան էր:
Ստյոպա Սաֆարյանին խորհուրդ ենք տալիս աչքերը լայն բացել. դեկտեմբերի 5-ի մասին հրապարակման մեջ խոսք չկա, խոսքն այն մասին է, որ Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք է ստորագրել, իսկ «կռուտիտը», որ սկզբնական թերություններ ունեցող բողոքը ուղղվելուց ու դեկտեմբերի 28-ին այն մուտքագրելուց հետո, միևնույնն է, բողոքի ելակետային ժամկետը դեկտեմբերի 5-ն է, միայն Ստյոպա Սաֆարյանին ու իր քրոջը կարող է համոզել:
Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 5-ին կատարել է մի դատավարական գործողություն, դեկտեմբերի 28-ին՝ մեկ այլ: Դեկտեմբերի 28-ին իր պաշտպանյալները չեն բողոքը ստորագրել, այդ բողոքը ստորագրել է ինքը՝ Սեդա Սաֆարյանը, դեկտեմբերի 28-ին, երբ արդեն դատավոր էր ու փաստաբան չէր:
Ստյոպա Սաֆարյանը, թերևս հասկանալով, որ էժանագին մանիպուլյացիաներով չի համոզում, հաջորդիվ անցնում է Վերաքննիչ դատարանի ուղղությամբ սլաքներն ուղղելուն:
«Ու հենց այստեղ է, որ մեկ այլ չափազանց կարևոր անպատասխան հարց է ծագում, այս անգամ արդեն վերաքննիչ դատարանի պահվածքի պահով․եթե վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 16-ին «տեղեկացվեցին», որ Սեդա Սաֆարյանի լիազորությունները որպես ՍԴ դատավոր, ինչու բողոքի թերությունը վերացնելու ու առայժմ բողոքը առանց քննության թողնելու որոշումն «ուղարկեցին» ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին․․․․Չէ՞ որ արդեն «գիտեին», որ նա ՍԴ դատավոր է, իսկ բողոքում նշված էին գանգատաբեր երեք անձինք՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից, որոնց կարող էին ուղարկել դատարանի որոշումն ու պահանջել վերացնել «ֆորմալիստական թերությունը»․․․Համաձայնեք, բավական հետաքրքիր վարքագիծ է․․․
Ավելին, նախկին՝դեկտեմբերի 5-ի բողոքի թերությունը վերացնող բողոքը, ինչպես վկայակոչվեց դատաիրավական պրակտիկայից, որքան էլ այն դատարան մուտք անելու փոփոխություն չի բերում ու բողոքը «նոր չի դարձնում», գիտես, որ բողոքաբերների փաստաբանն այլևս դատավոր է, բայց դատարանի որոշումն ուղարկում ես ոչ թե անմիջապես գանգատաբերներին, այլ դատավորին, ում վարույթի մաս այլևս չես համարում, քանի որ դատավոր է․․․»,-գրել է նա:
Եթե որևէ իրավաբան կարող է այս մտքի գոհարը մեկնաբանել, թող մեկնաբանի, բայց այնուամենայնիվ, բա ո՞ւմ ուղարկեր, եթե բողոք բերողը Սեդա Սաֆարյանն էր, և բացի դրանից, վերաքննիչ դատարա՞նն է մեղավոր, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը մի բողոք էլ դեկտեմբերի 28-ին է ներկայացրել: Վերաձևակերպելով՝ բա Սեդա Սաֆարյանը չգիտե՞ր, որ դեկտեմբերի 28-ին ինքն արդեն ՍԴ դատավոր էր, ո՞ւր էր բողոքն իր անունով ու իր ստորագրությամբ ուղարկում: Հատկապես, երբ հենց ինքն էլ գրել է, որ դեկտեմբերի 23-ին վերադարձը ստացել է:
Իսկ միգուցե Վերաքննիչ դատարանը այդ կերպ Սեդա Սաֆարյանին փորձել է հիշեցնել, որ ինքն այլևս փաստաբան չէ, և այդ կերպ կանխել է նրա հետագա փաստաբանական գործունեությունը: Բացի այդ, Դատարանը կաշկանդված չէր իր լիազորություններում պատասխան ուղարկել որևէ անձի, նույնիսկ, եթե այդ անձը դատարան դիմելու իրավունք չունի:
Կրկնում ենք, անկախ նրանից, որ առաջին անգամ բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 5-ին, դա որևէ կապ չունի այն բանի հետ, որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը կատարել է իր լիազորություններից չբխող դատավարական գործողություն:
Հարցի անկյունաքարը
Ստյոպա Սաֆարյանը շրջանցում է մի շատ կարևոր «նրբություն». նա չի անդրադառնում այն կարևորագույն հանգամանքին, թե ինչո՞ւ է դեկտեմբերի 28-ին ներկայացված բողոքը Վերաքննիչը թողել առանց քննության:
Մենք պնդում ենք՝ այն հիմքով, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր է ու իրավունք չունի վերաքննիչ բողոք ներկայացնել որպես կողմի ներկայացուցիչ, այսինքն՝ փաստաբան: Եթե Ստյոպա Սաֆարյանն այլ փաստ ունի, սպասում ենք դրա հրապարակմանը:
Եթե, ինչպես Ստյոպա Սաֆարյանը պնդում է, բողոքի ներկայացման ժամկետ պետք է ընդունել դեկտեմբերի 5-ը, ինչո՞ւ է Վերաքննիչը այն թողել առանց քննության, ինչո՞ւ հաշվի չի առել, որ դա դեկտեմբերի 5-ի բողոքն է: Պատասխանենք՝ որովհետև դեկտեմբերի 5-ին բողոք ներկայացնելն ու դեկտեմբերի 28-ին շտկում կատարելուց հետո այն կրկին դատարան ներկայացնելն առանձին դատավարական գործողություններ են:
Սեդա և Ստյոպա Սաֆարյանների համար, իհարկե, կարող էինք սահմանափակվել կարճ արձանագրում անելով այն մասին, որ ՍԴ դատավորի վարքագծի կանոններով՝ օրենքն արգելում է ՍԴ դատավորին հանդես գալ որպես ներկայացուցիչ կամ տրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց, բայց Սաֆարյան ընտանիքի ներկայացուցիչների համար իրավաբանական ու իրավական այս ծավալուն լիկբեզը, ի դեպ, անվճար հիմունքներով, անում ենք՝ ելնելով հանրության շահերից:
Ստյոպա Սաֆարյանը, շեշտում ենք, իր հրապարակումն ավելի ծավալուն դարձնելու համար անզգուշություն կամ դիտավորություն է ունեցել անդրադառնալ նաև այն գործին ու դրա հանգամանքներին, որի մասին մեր որևէ հրապարակման մեջ մի տող անգամ չկա, բայց որի վերաբերյալ բողոք է տարել քույրը, ու երկար ներկայացրել է գործի հանգամանքները, մի բան, որը մենք չէինք արել՝ զուտ այն պատճառով, որ մեր հրապարակման խնդրո առարկայի համար առհասարակ նշանակություն չուներ գործի էությունը՝ անկախ նրանից՝ դա ծանր մեղադրանքի գո՞րծ է, թե՞, ասենք, «ջեբկիրության» գործ, բայց քանի որ արդեն այն հրապարակված է, թերևս, կարիք կա նաև անդրադառնալ դրան:
Քրեական գործի մասին
Այո, խոսքը հանրությանը ցնցած Գեղարքունիքի հայտնի սպանությանն է վերաբերում: Մանրամասները ընթերցողը ցանկության դեպքում կարող է կարդալ Ստյոպա Սաֆարյանի՝ երկու տարբեր տեղերում տեղադրած գրառումներից որևէ մեկում, ինչպես նաև նրա՝ այսօր կատարած ուղիղ հեռարձակման տեսանյութում:
Ներկայացնելով դեպքի ու դրան հաջորդած իրադարձությունների՝ իրենց ձեռնտու տարբերակը՝ Ստյոպա Սաֆարյանը պատմում է, թե ինչ փորձությունների միջով է ստիպված եղել անցնել Սեդա Սաֆարյանը՝ պաշտպանելու համար ըստ իրենց՝ ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող ընտանիքին:
Ստյոպա Սաֆարյանը թեպետ փաստում է, որ ՄԻԵԴ որոշումից հետո գործը վերաբացվել է, ու ընդհանուր առմամբ իր հրապարակած տեքստից կարող էր տպավորություն ստեղծվել, որ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, բայց փաստն այն է, որ ՄԻԵԴ-ը արձանագրել է՝տեղի է ունեցել միայն խոշտանգում և պաշտպանության իրավունքի խախտում, սակայն գործը վերաբացելուց 8 տարի անց, այս պահի դրությամբ չկա արդարացման դատավճիռ: Փաստացի մեղադրյալները դեռևս արդարացված չեն:
168.am-ը այս գործի իրավական մանրամասները չի դարձրել քննության առարկա, այլ այն, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը որպես կողմի ներկայացուցիչ՝ հանդես է եկել այն ժամանակ, երբ դրա իրավունքը չուներ:
Կրկնում ենք՝ մեր ոչ մի հրապարակման մեջ մենք գործին չենք անդրադարձել՝ չշահարկելու համար այն. Ստյոպա Սաֆարյանն է արդեն երկու օր թե գրավոր ու թե ուղիղ եթերում խոսում դրա մասին՝ փորձելով հիմնական թեման մոռացության տալ կամ քողարկել հիրավի զգայացունց ու հուզական պատմությամբ:
Եվ ամփոփելով՝
Եթե դեկտեմբերի 28-ին դատարան մուտքագրումը ներկայացվում է որպես տեխնիկական, կարո՞ղ էր ցանկացած անձ, ասենք, նույն Ստյոպա Սաֆարյանը դատավարական փաստաթուղթ ներկայացնել դատարան, թե՞ դրա համար անհրաժեշտ էր լինել ներկայացուցիչ և ունենալ փաստաբանի արտոնագիր: Այս հարցի իրավական ամենաճիշտ պատասխանը տվել է Վերաքննիչ դատարանը, ով բողոքը թողել է առանց քննության այն հիմքով, որ Սեդա Սաֆարյանը այն ներկայացնելու իրավունք չուներ:
Եվս մեկ անգամ՝ Ստյոպա և Սեդա Սաֆարյանների մանիպուլյացիային անդրադառնալով՝ նորից հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանի «Գյուլնազ տատի հեքիաթը» թեմայի էական հանգամանքը մոռացության տալու մասին էր, բայց…
Դեկտեմբերի 5-ը վերաբերում է բողոքը վարույթ ընդունելուն, իսկ դա որևէ նշանակություն չունի դատավարական գործողություններից զերծ մնալու պարտավորության առումով:
Նորից անդրադառնանք «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին՝ հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն: Նույնիսկ խորհրդատվություն չէր կարող ներկայացնել, ուր մնաց՝ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմքերը շտկելու վերաբերյալ ՆՈՐԻՑ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՐ: Չէ՞ որ նույն ցանկացած դատարանի աչքերում ինքը հանդես է գալիս որպես ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆ:
Մի բան էլ՝ դատավորները, հաշվի առնելով վերջիններիս հատուկ կարգավիճակը և օրենքով այդ կարգավիճակով պայմանավորված սահմանափակումները, պարտավոր են այնպես իրականացնել իրենց գործողությունները, որ դրանք չհանգեցնեն անհամատեղելիության պահանջների խախտման:
Սա, ի դեպ, ասել է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)՝ դատավոր Գագիկ Խանդանյանի վերաբերյալ, երբ նրա լիազորությունները դադարեցրեցին, ի միջի այլոց, Սեդա Սաֆարյանի սիրելի Գագիկ Ջհանգիրյանի ժամանակ:
Երբ դու արդեն իսկ սեպտեմբերից գիտես (Ստյոպա Սաֆարյանին խոստացել էինք անդրադառնալ իր կողմից դաշտ նետված այս թեմային.- Գ.Ս.), որ հետագայում չես կարող քո վստահորդներին ներկայացնել դատարանում, ուրեմն չպետք է վստահորդին այնպիսի անելանելի վիճակում դնես, որ ինքը ստիպված լինի սեղմ ժամկետներում ինչ-որ կերպ ներկայացնել իր բողոքները: Սրա մասին էլ Սեդա Սաֆարյանը՝ որպես փաստաբան, պետք է իմանար փաստաբանի վարքագծի կանոններից:
Եթե Սեդա Սաֆարյանը, ինչպես եղբայրն է ներկայացրել, այդքան հետևողական է այս գործի նկատմամբ, այդքան ցանկացել է ավարտին հասցնել այն ու հասնել արդարության, եթե նա վստահորդի շահերը պաշտպանում է անգամ օրենքի խախտման գնով, չի՞ հասկանում արդյոք, որ իրավասություն չունենալով բողոք ներկայացնելու՝ 13+8 տարի պայքարող իր վստահորդներին զրկում է բողոքարկման հնարավորությունից:
Սեդա Սաֆարյանի շարժառիթները…
Մենք ամեն դեպքում փորձեցինք հասկանալ՝ ի՞նչը կարող էր լինել Սեդա Սաֆարյանի՝ իրավաբանությունից հեռու գործողություն կատարելու պատճառը կամ շարժառիթը:
• Գուցե Սեդա Սաֆարյանն իրոք այնքան հեռու է իր մասնագիտությունից, որ չի պատկերացրել իր գործողությունների նախ և առաջ հակաիրավական բնույթը, ապա և այն, որ դրանով վնասում է իր նախկին վստահորդներին: Այդպիսի տարրական մասնագիտական գիտելիքների բացակայությունը, ի դեպ, խիստ հակացուցված է ՍԴ անդամին:
• Գուցե Սեդա Սաֆարյանը, հասկանալով, որ սխալ է անում, բայց և չցանկանալով վնասել իր վստահորդներին, ամեն դեպքում գիտակցաբար գնացել է այդ քայլին, քանի որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելուց հետո չի կարողացել պատշաճ ավարտին հասցնել իր գործերը, իր վստահորդներին չի պատրաստել դրանց շարունակության համար, սխալ տեղեկություններ է ներկայացրել գործերի ընթացքի մասին և վերջում հույս է ունեցել ինչ-որ կերպ կոծկել այդ թերությունները, որ հետո իր վստահորդների հետ խնդիրներ չունենա:
• Իսկ եթե Սեդա Սաֆարյանը ունի պատշաճ գիտելիքներ ու հասկացել է, որ ինքը իրավունք չունի կատարել այդ գործողությունը, բայց այնուամենայնիվ, կատարել է այն, գուցե դիտավորություն է ունեցել վնասել իր նախկին վստահորդների շահերին:
Սրանք ենթադրություններ են, բայց եթե կաայլ ռացիոնալ բացատրություն, ոչ թե Սաֆարյան ընտանիքի այն հեքիաթը, որ ամեն ինչ ճիշտ է և օրենքի տառին համապատասխան, պատրաստ ենք լսել նաև Սեդա Սաֆարյանի շարժառիթների այլ բացատրություն ևս: