Երբ լինի քաղաքական հրահանգ, Արման Դիլանյանն արագ կգտնի Սեդա Սաֆարյանին պատժելու պատրաստակամություն ունեցող ՍԴ 3 դատավորի
Ուղիղ 7 օր առաջ 168.am-ը մի հրապարակում ներկայացրեց, որում բերված էին փաստեր առ այն, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը, վերազանցել իր լիազորությունները, կատարել ՍԴ դատավորի վարքագծի կոպտագույն խախտում:
Խոսքն այն մասին էր, որ արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում, ստանձնած լինելով ՍԴ դատավորի բարձր պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը որպես դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ:
Հրապարակման մեջ նշված էին փաստական հանգամանքներ, տվյալներ, դիմելու օրը, որպեսզի թե կասկածի տեղիք չտար մեր հրապարակումը, և թե ՍԴ դատավորին նախ և առաջ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություն ունեցող մարմինը՝ ՍԴ-ն կարողանար հեշտությամբ հասկանալ՝ խոսքն ինչի մասին է և իրավաբանական մտքի ինչ հսկայի հետ են իրենք աշխատում:
ՍԴ-ի խնդիրը հեշտացնելու համար հղումներ էինք կատարել նաև Մայր օրենքի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այն հոդվածներին, որոնք արգելում էին Սեդա Սաֆարյանին որպես ներկայացուցիչ հանդես գալ դատարանում: Կոպիտ ասած՝ դա նույն բանն է, որ ասենք վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանի դատավորը հանդես գա որպես փաստաբան:
Մինչ իրադարձությունների ժամանակագրությանը և ՍԴ մանևրներին անդրադառնալը, նախ փարատենք տարբեր կողմերից հնչող ու 168.am-ի խմբագրություն հասնող կասկածներն այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է նման բան: Հնարավոր է, պարոնայք և տիկնայք, և ոչ միայն հնարավոր է, այլև հրապարակվածը կայացած փաստ է:
Առաջարկում ենք ուշադիր ուսումնասիրել ստորև բերված փաստաթուղթը, ուշադրություն դարձնել պահանջին, ստորագրությանը, անուն-ազգանվանը և ամսաթվին:
Մենք չէինք հրապարակի այս փաստաթուղթը, եթե առաջին հերթին ՍԴ-ն ադեկվատ արձագանքեր տեղի ունեցածին, շահագրգիռ լիներ իր հեղինակության չխաթարման առնչությամբ, որովհետև, կրկնում ենք, հրապարկման մեջ նշել էինք տվյալներ, որոնք գուցե միջին վիճակագրական ընթերցողին բան չէին ասի, բայց առնվազն ՍԴ-ի համար շատ խոսուն էին: Ըստ ամենայնի, մենք ավելի շատ էինք մտածում ՍԴ վարկի մասին, քան հենց իրենք՝ ՍԴ նախագահն ու դատավորները:
Ինչևէ, նախորդող օրերի ընթացքում 168.am-ը բազմիցս փորձեց հասկանալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ու նրա ընդունարանի աշխատակցուհին, ով ընդամենը մեկ անգամ մեր հարցը լսելուց հետո այլևս հեռախոս չվերցրեց, թեպետ խոստացել էր միացնել ՍԴ նախագահի հետ, ՍԴ աշխատակազմի ղեկավարը, ով երբեք հեռախոսազանգերին չի պատասխանում, ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ով խորհուրդ տվեց, այնուամենայնիվ, կապ հաստատել աշխատակազմի ղեկավարի հետ, որովհետև ինքը տնտեսական ոլորտն է համակարգում, ՍԴ նախագահի օգնականը, ՍԴ-ում գրեթե բոլորը, այդ թվում՝ դատավորները, հերթապահ արտահայտություններով փորձում էին պատասխանատվության իրենց բաժինն իրենցից հեռացնել, ու տպավորություն էր, թե մեկ օրն էլ հաշիվ է:
Ինչևէ, մեզ հաջողվեց կապ հաստատել ՍԴ լրատվական ծառայության հետ, որտեղից մեզ փոխանցեցին խնդրի առնչությամբ ՍԴ պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ «ՍԴ դատավորներն, այդ թվում՝ ՍԴ նախագահը, ՍԴ մեկ այլ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը կարող են հայտնել բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի, 1-ին կետով սահմանված գործընթացի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ հարցրել էինք՝ ինչպիսի՞ն է ՍԴ նախագահի ու առհասարակ ՍԴ դատավորների դիրքորոշումը 168.am–ի հրապարակման մեջ նշված փաստերի առնչությամբ, և արդյո՞ք առհասարակ ՍԴ-ում այդ առնչությամբ կատարվում են որոշակի գործողություններ:
ՍԴ-ից նաև հավելել էին, որ գործընթացի մասին այս պահին տեղեկություն չկա:
Փորձենք հասկանալ՝ ի՞նչ են մեզ օրենքով քողարկված հասկացնում ՍԴ-ից:
Եվ այսպես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք, հոդված 82:
Այս հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննության կարգը:
Ըստ այդմ՝ սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր: Դիմումում պետք է մատնանշվի Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքը: Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը հավաստող ապացույցներ: Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 50 օր հետո, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) դիմումը մերժելու մասին.
2) Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու մասին:
10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերից որևէ մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն:
Մենք ունենք իրավիճակ, երբ ՍԴ-ն չի հերքում հրապարակման իսկությունը, փաստը, բայց փաստացի ասում է՝ չունենք դիմում տվող 3 դատավոր:
Ուշագրավ է, որ ՍԴ-ում վկայակոչել են ոչ թե հոդված 12-ը, որը սահմանում է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման ու դադարեցման հիմքերը, այլ հոդված 82-ը:
Ի դեպ, հոդված 12-ի 3-րդ կետով՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով, իսկ էական կարգապահական խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
ՍԴ նախագահի հաշվարկը պարզ է. թեման մոռացության տալ շառից ու փորձանքից ու Նիկոլ Փաշինյանի ցասումից հեռու:
Իսկ դրա հնարավորությունը տալիս է նույն օրենքի հոդված 13-ը:
Ըստ այդ հոդվածի 3-րդ կետի՝ Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները դատավորի կողմից խախտվելու հիմքով այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո:
Խախտումը կատարվել է դեկտեմբերի 28-ին, հայտնաբերվել է հունվարի 19-ին, այսօր հունվարի 25-ն է: Որևէ տարբերակով որևէ ժամկետ բաց թողնված չէ, և որքան էլ ՍԴ-ն ջանքեր թափի թեման «սղղացնելու» համար, փաստ է, որ խախտումն ակնհայտ է, և ՍԴ-ն, ուզի-չուզի, մտնելու է այդ պատասխանատվության տակ: Հիմա հարցն այն է, թե ոնց դուրս կգա դրա տակից՝ խարանո՞վ, թե՞ ամեն դեպքում դեմքը պահած:
Մի հանգամանք ևս՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ըստ էության ասում է՝ է թող 3 դատավոր նախաձեռնեն Սեդա Սաֆարյանի կարգապահական վարույթ: Հիշեցնենք, որ մի դատավոր էլ Արման Դիլանյանն է ու ինքը կարող է նախաձեռնել այն, իսկ երկու դատավոր այդ դեպքում հաստատ կմիանա:
Այսինքն՝ ստացվում է, որ ՍԴ-ն ընդունում է՝ խախտումն առկա է, բայց չկա դրա հետևից գնացող 3 դատավոր: Հուշենք՝ թող դիմեն Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)-ին: Էնտեղ այդ փորձը լավ կիրառվում է, ձևը կասեն:
Իսկ միգուցե Արման Դիլանյանը դեռ իր անելիքը չի՞ ճշտել Նիկոլ Փաշինյանի հետ, ու հիմա սպասում են՝ քաղաքական հրահանգների, որ հասկանան՝ ինչ անեն:
Հիշեցնենք, որ հարցեր կան, որոնց պատասխանները հասարակությունը պետք է ստանա՝ արդյո՞ք Սեդա Սաֆարյանը չի խախտել ՍԴ դատավորի վարքագծի կանոնները, չի չարաշահել իր լիազորությունները, պաշտոնական դիրքը, արդյո՞ք վարձատրություն ստացել է իր մատուցած ծառայությունների դիմաց, կամ եթե նույնիսկ չի ստացել, օրենքն արգելում է ՍԴ դատավորին հանդես գալ որպես ներկայացուցիչ, արդյո՞ք ՍԴ դատավորի կողմից փորձ չի արվել ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի վրա…
Մինչ այդ մենք գրավոր հարցումներ ենք ուղարկել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն, որովհետև Սեդա Սաֆարյանի գործողություններում ակնհայտ է պաշտոնական դիրքի չարաշահման փաստը, մնացածը թող դատախազությունը ձևակերպի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ որպես Սեդա Սաֆարյանին ընտրող մարմնի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ որպես Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավորի պաշտոնում ընտրող միակ խմբակցության ղեկավար:
Դրանց պատասխանները ստանալուն պես մենք անպայման կհրապարակենք: Հույս ունենք՝ քաղաքական իշխանությունն ու դատախազ Աննա Վարդապետյանը հասկանում են, որ այս թեմային ընթացք չտալն ու դրան հետևողական չլինելը բազմաթիվ հարցեր է առաջացնելու: Թե չէ՝ ստացվում է՝ թավշյա իշխանությունը ամենաաննշան զանցանքի համար պատժում է ոչ յուրային դատավորին, իսկ յուրայինները կարող են անել՝ ինչ ուզում են: