Բաժիններ՝

Նախագիծը մշակման փուլում է. ԿԳՄՍՆ-ը՝ կոմիտեները միացնելու մասին

ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հունվարի 24-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ չի ընդունում «բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍՆ ներկայիս վարվող քաղաքականությունը:

168.am-ի տեղեկություններով՝ մոտ օրերս համապատասխան օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է միավորել ԲՈԿ-ը, Գիտության կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը, իսկ ստեղծվող մարմինն էլ կոչվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։

Այս հարցով դիմեցինք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն միանալու է Գիտության կոմիտեին, և եթե այո, ապա ինչո՞ւ, ինչպե՞ս է կոչվելու և ի՞նչ գործառույթներ է ունենալու:

Պատասխանելով մեր գրավոր հարցմանը՝ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը մշակման փուլում է՝ նպատակ հետապնդելով ստեղծելու ինստիտուցիոնալ հենք՝ ապահովելու բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, որը միտված է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրմանը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական բաղադրիչի ընդլայնմանը, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրմանը: Նախագիծը սահմանված կարգով կշրջանառվի:

Կարդացեք նաև

Հավելենք, որ ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանն այս միավորմանն անդրադառնալով՝ հայտնել է իր մտահոգությունները՝ նշելով.

«Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները: Դրա հետևանքով հակակշիռներ են վերանում: Այս պահին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա՝ 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելն այս մակարդակում կվերանա: Օրակարգ ստեղծողների և փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են:

ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկանական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը: Եվ վերջապես տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե անկախության, թե մասնագիտական, և թե ֆինանսական տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս