Ի՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը. Եկեղեցականը քաղաքացի չէ՞. Սրբուհի Ստամբոլցյան

168.am-ի զրուցակիցը երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանն է։

 – Ինչպիսի՞ն է Ձեր կյանքի երաժշտությունը։

– Բազմազան, ինչպես երաժշտական նախընտրություններս։ Լսում եմ բոլոր ոճերը, բայց նախընտրությունը տալիս եմ դասականին։

– Ձեր երգերը հիմնականում սիրո, միայնության, տխրության, ինչպես նաև հայրենիքի մասին են։ Հաճախ եք նշում, որ ուզում եք գնալ մոռացության աշխարհ։ Ի՞նչն է Ձեզ ստիպում գնալ այդ աշխարհ և ի՞նչն եք ուզում մոռանալ։

Կարդացեք նաև

– Ամբողջ գիտական կյանքս քաղաքական, ազգային պայքար է եղել։ Եվ այն, ինչ կատարվում է տասնամյակներ՝ բնականաբար, ուղեղդ, միտքդ, հոգիդ հոգնում են, դրա համար մոռացության աշխարհը փրկություն է, որ, ինչպես երգերիցս մեկում եմ ասում՝ հետոյին դիմանաս։

Դուք այն արվեստագետներից եք, ով միշտ իր կարծիքը հայտնել է այս կամ այն երևույթի վերաբերյալ։ Ձեր հայրը՝ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, բազմիցս ասել է, որ մտավորականները պետք է քաղաքականությունից խոսեն, եթե չէ, ապա վախկոտ են։ Հետևո՞ւմ եք իր հորդորին։

– Բնականաբար։ Ծնված օրվանից քաղաքականացված եմ եղել, որովհետև այդպիսին է եղել իմ ընտանիքը։ Այսօրվա սերնդին թվում է, որ ԽՍՀՄ-ում այդ խնդիրները չեն եղել։ Այդ շրջանում էլ էին մեր հողերը մաս-մաս կրծոտվում։ Լսել եմ հորս, ընկերների զրույցները, մտահոգությունները։ Հայրս գլուխ էր գովում, որ միշտ ընդդիմադիր է եղել, ես՝ ևս։ Հայրս էլ, չասեմ, որ հակակրեմլիստ էր, ու 1937 թվականին իր ամբողջ ցեղին տարան անվերադարձ։ Ես անգամ պիոներական վզկապ չեմ կապել, որովհետև անգամ դա էր մեր տանն արգելված։

– Հիմա, որպես մտավորականի, Ձեզ ի՞նչն է անհանգստացնում։

– Սուտն ու կեղծիքը։ Աշխարհաքաղաքականությունը կիսել են երկու մասի, ժողովրդին էլ։ Տարիներ է, ես գրում եմ, որ արևն Արևելքից է ծագում, ուստի մեր փրկությունն Արևելքում եմ տեսնում․ Իրան, Հնդկաստան, գուցե Չինաստան։ Դեմոկրատիա կոչվածը շատ մեծ վտանգներ ունի։ Վիճաբանելիս միշտ ասում են՝ միջազգային իրավունք, խաղաղության օրակարգ, դա ո՞րն է։ Միջազգային իրավունքո՞վ է Իսրայելը Գազայում ցեղասպանություն անում։ Միջազգային ո՞ր իրավունքն է այսօր գործում, ո՛չ մի։ Ուժեղի ձեռքում է։ Պետք է իսկապես ազգային իշխանություն ունենանք, որ կարողանանք մեզ համար գործընկերներ ընտրենք։ Երբ ասում ես՝ «թշնամի», բոլորը գնում են Ռուսաստանի ուղղությամբ։ Մենք Ռուսաստանի դարպասն ենք, բայց ինֆորմացիոն գրոհներով ժողովրդի ուղեղը թմրեցնում են։ Հիմա նայում եմ, թե ճնշող մեծամասնության ուղեղն ինչպես են լվանում։ Հետո այդ մարդիկ են մեզ համար կառավարություն ընտրելու։ Այդ դեմոկրատիայով, չէ՞, Նիկոլ ընտրեցինք։

– Հիմա փոշմանե՞լ եք։

– Իհարկե։ Շատ շուտ հասկացա, որ սա խաբեություն է՝ ի տարբերություն շատերի։ Երբ ԼԳԲՏ ծուխը երևաց՝ հասկացա, որ դեղին հեղափոխություն է, ազգային ոչինչ չկա, հետո եկան-կպան եկեղեցուն, կրթությանը, գիտությանը, մշակույթին․․․

– Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը շարժում է սկսել Տավուշից, ու շատերն ասում են, որ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

– Ի՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Եկեղեցականը քաղաքացի չէ՞։ Հոգևորականների մեծ մասը փայլուն կրթություն է ստանում, ավելին, քան շատ բուհերում։ Նրանք լուրջ մտավոր խավ են։ Մեր եկեղեցու պատմության մեջ շատ օրինակներ կան․ պետականություն չունենալու պարագայում եկեղեցին՝ որպես քաղաքական միավոր, պահել է մեր մշակույթը, գիրն ու գրականությունը։ Եկեղեցին այնքա՜ն բարեգործություն է արել, որ կառավարությունները չեն արել։

– Տեսեք, մտավորականներին վախկոտ են համարում, բայց ասում են՝ ի՞նչ խոսենք, չգիտենք՝ սահմանազատումը լա՞վ է, թե՞ վատ։

– Սահմանազատումը ոչ թե վատ է, այլ շատ վատ է։ Քաղաքագետ լինել պետք չէ․ երբ նայում ես քարտեզին՝ տեսնում ես, որ այնքան շատ են վտանգները։ Մեր բոլոր բարձունքները գրավել են։ Ո՞վ է երաշխավորելու սահմանների անվտանգությունը։ Սուտը ստի հետևից։ Միջազգային օրենքներով են սահմանները զատում՝ հաշվի առնելով 1000 ու մի խնդիր, ոչ թե երկու երկիր։

 – Հաճախ եք ասում, որ պետք է քննադատեք, քարը քարին դնեք, որ ունենաք մեր երազած երկիրը։ Ինչպիսի՞ն է Ձեր երազած Հայաստանը։

– Պինդ, ազգային։ Հաճախ եմ երանի տալիս այն շրջանը, երբ մարդկանց դռները բաց էին, կարող էիր երեխային հարևանի մոտ թողնել։ Մարդկայնությունը վերացել է այսօր։

– Պարբերաբար ազգային հերոսների մտքեր եք տեղադրում ֆեյսբուքյան էջումո՞ւմ կարիքը կա այսօր։

– Բոլորի։ Քիչ, բայց այսօր ունենք նմանները։ Ասում են՝ պատերազմ լինի, ո՞վ է գնալու կռվի։ Կան կռվողներ։ 1988թ․ զարթոնք էր, ուզում եմ դա տեսնել, երբ մարդիկ մի ազգ են դառնում, մի ընտանիք։ Այդ դեպքում կվերածնվի այն, ինչ դրված է մեր ազգի մեջ։

Մի ծանոթ ունեի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, չի հետաքրքրվել, անտարբեր է, իսկ, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, իր որդին, ով երեք երեխա ուներ, կամավոր մեկնեց ռազմի դաշտ, ցավոք, զոհվեց։ Աստվածային նախախնամություն կա։ Ինչ-որ պահի մարդու մոտ արթնանում է։ Զարթոնք լինելու է։

– Համախմբվելու համար ի՞նչն է խանգարում:

– Բզկտում են մարդկանց ուղեղները: Սրբազանն ասաց՝ չկա սև ու սպիտակ, ով ուզում՝ միանում է, իրենք ասում են՝ սա միացավ, նա միացավ: Վերջում մենք ենք, չէ՞, ընտրելու…

Տեսանյութեր

Լրահոս