Եթե այսքան մարդ փողոց է դուրս եկել, նշանակում է՝ երկրում խնդիր կա. Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ ներքին գործերին միջամտող բազմաթիվ քայլեր են արել. Աշոտ Մելքոնյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լուրջ անհանգստացրել ու մտահոգում է Ադրբեջանին, նախնական պայմանավորվածությունների ու մշակված ծրագրերի տապալման վտանգ են զգում: Այդ պատճառով էլ երկրի մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են անում օգնության հասնել ՀՀ իշխանություններին։
Օրինակ, ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն ասել է. «Եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը:
Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանն աջակցելու համար»։
Այս գործընթացներին զուգահեռ՝ Ադրբեջանի ղեկավարն էլ հայտարարում է, թե «սահմանազատումը Հայաստանի հետ տեղի է ունենում Ադրբեջանի պահանջների հիման վրա, ավելին՝ Հայաստանն առանց որևէ կրակոցի Ղազախի շրջանից 4 գյուղ է զիջում»։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով ՀՀ-ում սկսված շարժմանն ու դրա դեմ ուղղված Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ նախ չզարմացավ, որովհետև այս ամենին նախորդող շրջանում ևս Ադրբեջանն ու Թուրքիան մեր երկրի գործերին միջամտող բազմաթիվ քայլեր են արել՝ օգտվելով աշխարհաքաղաքական այն իրավիճակից, որը ստեղծվել է 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո։
«Ինձ համար սա զարմանալի չէ, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թելադրողի կարգավիճակում են, և սա դրանցից մեկն է։ Եվ ինչպես իրենք են պնդում՝ «հաշտ ու խաղաղ» դելիմիտացիա և դեմարկացիա անցկացնելու պայմաններում իրենք շահեկան վիճակում են։ Հիմա էլ տեսնելով, որ այդ գործընթացը կարող է կանգ առնել, բնականաբար, ուժի դիրքերից նորից շարունակում են իրենց քայլերը»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, Աշոտ Մելքոնյանի գնահատմամբ՝ անձամբ իր համար շարժման ամենակարևոր կողմն այն է, որ Բագրատ սրբազանի առաջարկած համերաշխության մթնոլորտը, որն ուղղակի խախտվել է «սև ու սպիտակի» բաժանման արդյունքում, գոնե այս պարագայում առաջին հերթին կփոխվի։
«Այս թշնամական մթնոլորտում անհնարին է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, և, ի վերջո, դա բերելու է նույնիսկ քաղաքական բախման։ Ամեն դեպքում իշխանական այն ուժերը, որոնք արշավ են սկսել Բագրատ սրբազանի դեմ, գոնե զսպվածություն ունենան նրան աշխարհական անունով չդիմելու, ուղղակի անհարմար է, երևույթը շատ տգեղ է։
Բոլոր դեպքում իշխանությունը պետք է մեծահոգի լինի, որովհետև իշխանությունն ուժ է, ունի ուժային կառույցներ։ Բայց փորձում է ցեխ շպրտել, առանց փորձելու հասկանալ, որ արդյոք հասարակական պահանջ կա՞, թե՞ ոչ։ Եթե այսքան մարդ փողոց է դուրս եկել, նշանակում է՝ այս երկրում խնդիր կա»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Պատմաբանի փոխանցմամբ՝ Հայ եկեղեցին հայոց պատմության մեջ մեծ ու կարևոր դեր է կատարել, ընդհուպ մինչև քաղաքական շարժումներ է ղեկավարել, երբ խոսում են Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսի, Միքայել Սեբաստացու, Հակոբ Ջուղայեցու, Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Գևորգ Չորեքչյանի, Վազգեն կաթողիկոսի մասին։
«Երբ քաղաքական խնդիրներ էին լինում, նրանք ինչ-որ ձևով միջամտություններ էին անում, նորմալ էր ընկալվում, հիմա, չգիտես ինչու, նորմալ չի ընկալվում։
Այս պրոցեսը շատ նորմալ եմ համարում, անկասկած չեմ կարող ենթադրել, թե ինչ ավարտ կունենա, որովհետև ցավոք, մեզանում, այսպես ասած, խաղաղ տարբերակով երբեք իշխանափոխություն չի եղել։ Մի անգամ եղել է 1997-1998 թվականին, բնականաբար, ճնշման ներքո եղավ, ու հետո արդեն կայացան ընտրություններ։ Այնուհետև 2018 թվականին՝ ժողովրդական ճնշման ներքո, որը՝ մի մասը հիմա «խեղափոխություն» է որակում, մյուս մասը՝ հեղաշրջում կամ իշխանափոխություն»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ իշխանությունները պետք է լսեն ու փորձեն հասկանալ, հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։
«Ժամանակն է՝ իշխանությունն ու ընդդիմությունը նստեն կողք կողքի ու փորձեն հասկանալ, թե ինչու են թուրքերն ու ադրբեջանցիներն այդքան համարձակ ու լկտի դարձել, որ կարող են ՀՀ-ում ընթացող ամեն մի գործընթացի միջամտել։ Սա նշանակում է, որ հասարակության մեջ ամեն մի պառակտված վիճակ նրանց համար ստեղծում է նման հնարավորություն։ Կարծում եմ, որևէ պարագայում չի կարելի մեր խնդիրները հանել դուրս ու դարձնել այս կամ այն երկրի, առավել ևս՝ թշնամի երկրների միջամտության հնարավորության միջոց»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։