Բաժիններ՝

ԲՈԿ նախկին նախագահը՝ իր հրաժարականի, նոր կոմիտե ստեղծելու ԿԳՄՍՆ որոշման և իր մտահոգությունների մասին

ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հունվարի 24-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով. «Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍՆ ներկայիս վարվող քաղաքականությունը՝ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»:

168.am-ի տեղեկություններով՝ մոտ օրերս համապատասխան օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է միավորել ԲՈԿ-ը, Գիտության կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը, իսկ ստեղծվող մարմինն էլ կոչվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Նախագծի հիմնավորման մեջ նշվելու է, թե որն է այդ կառույցները միավորելու նպատակահարմարությունը և ի՞նչ գործառույթներ են տրվելու նորաստեղծ մարմնին:

Կարեն Քեռյանը խոստմանը համաձայն՝ Ֆեյսբուքում գրառում է կատարել, ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և հայտնել նախագծով ենթադրվող նոր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի վերաբերյալ իր մտահոգությունները:

«Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները: Դրա հետևանքով հակակշիռներ են վերանում: Այս պահին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա:

Կարդացեք նաև

Օրակարգ ստեղծողների և փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են: ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկանական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը: Եվ վերջապես տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե անկախության, թե մասնագիտական և թե ֆինանսական տեսանկյունից»,- գրել է ԲՈԿ նախկին նախագահը:

Անդրադառնալով իր հրաժարականին՝ Կարեն Քեռյանը գրել է.« Ես տեղեկացել եմ նախագծի մասին անցած երկուշաբթի նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր: Վերը նշված մտահոգությունները քննարկման ընթացքում ներկայացրեցի նախարարին, որոնք չէին ընդունվել: Նախարարն ասաց, որ նախորդ շաբաթվա վերջ այս նախագիծը պետք է ուղարկվի Արդարադատության նախարարություն (փաստացի առանց հանրային քննարկման):

Երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել եմ ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում, քան հրաժարական տալս: Հավանաբար այս նախագիծը Արդարադատության նախարարություն դեռ չի ուղարկվել»:

168.am-ը ԲՈԿ նախկին նախագահից հետաքրքրվեց, թե ԿԳՄՍՆ-ում հանդիպման ժամանակ ինչպե՞ս են հիմնավորել միացման գաղափարը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմնավորումը եղել է միասնական քաղաքականության իրականացումը, բայց հասկանալի չէ, թե ինչո՞ւ նորաստեղծ կոմիտեի նախագահը պետք է կարողանա դա անել, իսկ իրենից մի մակարդակ բարձր գտնվող նախարարը՝ չկարողանա»:

Մեր դիտարկմանը՝ նոր կոմիտեն կկարողանա՞, օրինակ, գրագողության դեմ պայքարել, ինչը փորձում էր անել ԲՈԿ-ը, Կարեն Քեռյանը պատասխանեց. «Շատ ավելի մեծ հարցեր կան, որոնք բոլորը նախագծում են, որ լուծի նորաստեղծ կոմիտեն՝ ի դեմս դրա նախագահի: Դրանցից մեկը ԳԱԱ ինստիտուտների և բուհերի միավորման հարցն է, մեկ այլ հարց է նաև վարչապետի կողմից բազմիցս հնչեցված 2030թ. 500 բուհերի մեջ 4 հայկական բուհ ունենալը, ու մի շարք հարցեր, որոնց լուծման համար հիմա շատ ավելի քիչ ռեսուրս են մտադրված տրամադրել։ Իսկ ինչ վերաբերում է գրագողությանը, հիմա էլ ներդրվում է նոր ծրագիր՝ ավելի լայն հնարավորություններով։ Իսկ ԲՈԿ-ի կողմից արվող արմատական փոփոխությունը դա աստիճանաշնորհման կարգի կառավարության կողմից հաստատումը կլինի, որը տեսնենք, թե ինչ ճակատագիր կունենա»:

Նշենք, որ ԲՈԿ-ի նպատակներն են՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի աշխատանքի կազմակերպումը, գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորումը: Կոմիտեի խնդիրներն են՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը և պահպանումը, գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման պետական չափանիշների մշակումը և պահպանումը, գիտական աստիճանների շնորհումը, մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը։

Իսկ Գիտության կոմիտեի նպատակներն են` գիտության բնագավառի բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն, հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը նպաստելը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումին նպաստելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս