Կմիանան ԲՈԿ-ը, Գիտության կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը
ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հունվարի 24-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով. «Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍՆ ներկայիս վարվող քաղաքականությունը՝ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»:
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:
168.am-ի տեղեկություններով՝ մոտ օրերս համապատասխան օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է միավորել ԲՈԿ-ը, Գիտության կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը, իսկ ստեղծվող մարմինն էլ կոչվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։
Նախագծի հիմնավորման մեջ նշվելու է, թե որն է այդ կառույցները միավորելու նպատակահարմարությունը և ի՞նչ գործառույթներ է տրվելու նորաստեղծ մարմնին:
Նշենք, որ ԲՈԿ-ի նպատակներն են՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի աշխատանքի կազմակերպումը, գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորումը: Կոմիտեի խնդիրներն են՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը և պահպանումը, գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման պետական չափանիշների մշակումը և պահպանումը, գիտական աստիճանների շնորհումը, մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը։
Իսկ Գիտության կոմիտեի նպատակներն են` գիտության բնագավառի բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն, հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը նպաստելը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումին նպաստելը: