Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,

հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:

Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նշվում է, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է այս կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 7-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Տեսանյութեր

Լրահոս