Քաղցկեղների 40 տոկոսը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, ծխելու դեմ համառ պայքար, պատվաստումներ որոշ վիրուսներից, ֆիզիկական ակտիվություն. Ուռուցքաբան

«Հայաստանում արդեն տարիներ շարունակ առաջին տեղում կանանց շրջանում զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք ենք ունենում»,- այսօր մամուլի ասուլիսի  ժամանակ հայտնեց  Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի տարեկան 250 դեպք է գրանցվում: Շատացել են նաև շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը. միջինում գրանցվում է 350 դեպք:

«Հաճախ կանայք ամեն շաբաթ գրանցվում են մատնահարդարի մոտ, համառորեն ժամ են վերցնում ու գնում են, և այդպես՝ ամբողջ տարին: Բայց որ հարցնես՝ վերջին անգամ ե՞րբ ես ստուգվել, այդ հարցի պատասխանը չի կարողանա տալ:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք ուռուցքային հիվանդությունների երիտասարդացում նկատում եք, եթե այո, ապա, ըստ Ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված, Արթուր Ավետիսյանը պատասխանեց.

«Այո, նկատում եմ այդպիսի բան: Փաստացի, կա կարծիք, որ բոլոր քաղցկեղների 40 տոկոսը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, ծխելու դեմ համառ պայքար, ինֆեկցիաների հսկողություն, պատվաստումներ որոշ վիրուսներից, ֆիզիկական ակտիվություն»:

Կարդացեք նաև

Մեր հաջորդ հարցին՝ դեղորայքային բուժման հատվածն ամենաթանկարժեք մասն է քաղցկեղի բուժման համար. ո՞ր մասն է պետությունը լուծում, ո՞ր մասը՝ բուժառուն, ուռուցքաբանը հայտնեց, որ դեղորայքն իսկապես շատ թանկ է, և այդ խնդիրը միայն Հայաստանում չէ:

«Դեղորայքն ամբողջ աշխարհում է թանկ և կարող է տատանվել մի քանի հազար դրամից մինչև մի քանի հազար եվրո՝ ամսական կտրվածքով: Նոր դեղերի՝ շուկայում հայտնվելը նույնպես շատ արագ է տեղի ունենում: Անգամ զարգացած երկրներում միշտ չէ, որ նորագույն դեղերը հասանելի են լինում ամեն կենտրոնի: Այս մասով ցանկալիից շատ հեռու ենք, բայց պետությունն ունի, այսպես ասած, համավճարային մոտեցում. որոշակի գումար տրամադրում է դեղորայքի գնման համար: Բժշկի, բուժքույրների ծառայությունը պետությունն ամբողջովին վերցնում է իր վրա: Իսկ եթե բուժման սխեման գերազանցում է տրամադրած գումարը՝ տարբերությունը մնում է պացիենտի, հարազատների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս