Կանանց 30 տոկոսը կրծքում բարորակ գոյացություն է ունենում՝ չիմանալով դրա մասին. Ուռուցքաբան

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, վերջին տասնամյակներում կտրուկ աճել է ուռուցքային խնդիրներով հիվանդների թիվը: Մասնագետների պնդմամբ՝ սա համաշխարհային խնդիր է՝ կապված մարդկանց ապրելակերպի ու տարբեր վնասակար գործոնների ազդեցության հետ: Ուռուցքային հիվանդությունների և հատկապես կրծքագեղձի քաղցկեղի մասին զրուցել ենք Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանի հետ:

– Ինչպե՞ս ընտրեցիք ուռուցքաբան-վիրաբույժի մասնագիտությունը: Այն բարդ է և հաճախ, բացի լավ լուրերից, պետք է հայտնեք նաև վատերը: Ինչպե՞ս եք կարողանում այդ ամենը կազմակերպել:

– Իրականում շատ երկար չեմ մտածել մասնագիտությունն ընտրելիս: Իմ կարծիքով՝ ուռուցքաբանությունը բժշկագիտության ամենահետաքրքիր ոլորտներից մեկն է: Ինչ վերաբերում է վատ լուրերին, ապա այն մասնագիտության բացասական կողմերից մեկն է: Ոչ միայն տարիների փորձով է ձեռք բերվում, այլև կան հատուկ դասընթացներ, թե ինչպես զրուցել ուռուցք ունեցող պացիենտի կամ նրա հարազատի հետ:

Ուռուցքային ո՞ր հիվանդություններն են ավելի շատ տարածված Հայաստանում:

Կարդացեք նաև

– Ուռուցքային հիվանդությունների տարածվածությունը տարբեր երկրներում տարբեր է, սակայն ընդհանուր առմամբ իրար շատ նման են: Օրինակ՝ կանանց շրջանում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը:

Արդյո՞ք դատավճիռ է կնոջ համար այս հիվանդությունը։

Մարդը, երբ իմանում է իր մոտ ուռուցքային խնդրի մասին, և դա շատ ընդգծված է Հայաստանում, հաճախ այն ընդունում է՝ որպես դատավճիռ: Կա մի քանի պատճառ, որոնցից մեկն այն է, որ սովորաբար հասարակության շրջանում ավելի հեշտ ու արագ տարածվում են վատ լուրերը, բայց հավատացեք, մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր հաղթահարել են այս խնդիրը, հաջողությամբ բուժվել են հիվանդությունից, սակայն առանձնապես դրա մասին չեն խոսում, և հաճախ փորձում են ավելի շուտ մոռանալ: Ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդությունը, կարելի է ասել, մոռացվել է թե՛ մեր, թե՛ պացիենտի կողմից, նրանց մոտ կասկած է առաջացել՝ արդյոք ունեցե՞լ են ուռուցք, թե՞ ոչ: Երբեմն կարծում են՝ ուրեմն ուռուցք չէր, որ այսքան տարի ապրում եմ: Եվ դա է պատճառը, որ վատ լուրը շատ ավելի արագ տարածվելով՝ հասարակության մոտ սխալ կարծարտիպ է ստեղծում:

– Ժամանակակից բժշկությունը վիրահատության ի՞նչ մեթոդներ է առաջարկում:

Ցավոք, տարիներ առաջ ու բավականին երկար ժամանակ ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում կրծքագեղձի քաղցկեղի հիմնական բուժումը կրծքագեղձի և տվյալ կողմի անութափոսերի ավշահանգույցների հեռացումն էր, որը, բնականաբար, բերում էր հոգեբանական ծանր վիճակի, որովհետև բոլորս գիտենք կրծքագեղձի նշանակությունը կնոջ համար: Մինչև անգամ հանգեցնում էր հաշմանդամության, որովհետև անութափոսի հանգույցները հեռացնելիս հատվում են բազմաթիվ նյարդաթելեր, անոթներ, և հաճախ կանայք ունենում էին այտուցներ կամ ձեռքի ֆունկցիայի սահմանափակում: Սակայն բժշկագիտությունը զարգացել է և այսօր պացիենտին վիրաբուժական մոտեցման լայն սպեկտր ենք առաջարկում: Նախևառաջ աշխատում ենք պահպանել կրծքագեղձը՝ հեռացնելով միայն ուռուցքային գոյացությունը, իսկ, եթե կարիք կա բուժման համար ազատվել կրծքագեղձից, ապա կուրծքը հեռացնելուն պես վերականգնողական վիրահատություններ ենք իրականացնում, այսինքն, տեղադրում ենք իմպլանտ, կինն արթնանում է առանց գեղձի, բայց, փաստորեն, կրծքագեղձով: Իսկ անութափոսի հետ կապված՝ կան ժամանակակից մեթոդներ, որոնք թույլ են տալիս հեռացնել ոչ թե բոլոր ավշային հանգույցները, այլ ընտրողաբար հեռացնում ենք նրանք, որոնք կարող է ախտահարված լինեն կամ գտնվում են ռիսկի խմբում: Հատուկ սարքերի, նյութերի միջոցով գտնում ու հեռացնում ենք միայն դրանք: Իմ ունեցած տվյալներով՝ նման սարքեր միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնն առայժմ ունի, իսկ սարքերից որոշները չունեն անգամ շատ այլ երկրների կենտրոնները:

Հաճախ խոսում են ուռուցքաբանության ոլորտի թերֆինանսավորման մասին։ Ոլորտում ի՞նչ խնդիրներ կան: Նկատել եմ, որ քաղաքացիները նեղսրտում են քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման արժեքից: Այս առումով ի՞նչ լուծումներ են գտնվել քաղաքացիների համար:

– Համեմատած նախկին ժամանակների հետ՝ զգալի առաջընթաց ունենք. պետության մասնակցությունը կա ուռուցքաբանության ոլորտում: Որոշ մինիմալ, անհրաժեշտ ծախսերը պետությունը հոգում է: Սակայն բժշկագիտությունը շատ արագ է զարգանում, քան շատ երկրների ֆինանսական հնարավորությունները կարող են դրա հետևից հասցնել: Խոսքը հատկապես զարգացող երկրների մասին է, և նույնը մեզ մոտ է տեղի ունենում: Այն գումարը, որը կարելի է ծախսել ուռուցքաբանության ոլորտում՝ անսահման է: Բայց տարբերությունն ակնհայտ է: Ներկա պահին սովորական վիրաբուժական մեթոդները, ճառագայթային բուժումն ամբողջովին կատարվում է պետպատվերի շրջանակում, իսկ դեղորայքային բուժումը՝ համավճարի սկզբունքով: Այսինքն, պետությունը որոշակի մասնակցություն է ունենում դեղերի գնման մեջ, ու, եթե պարզվում է, որ դեղն ավելի թանկ արժե, տարբերությունը մնում է հարազատների ուսերին: Կարող եմ ասել, որ սա ամենազգայուն և դժվար մասն է նաև պետության համար, որովհետև դեղերի գնման շրջանակը չափազանց մեծ է: Կարող է լինել մի քանի հազար դրամից մինչև մի քանի տասնյակ հազար եվրո: Բայց միևնույն է, ուռուցքաբանության ոլորտի վրա գումար խնայելն անհետևանք չի կարող մնալ: Ցանկալի է, որ պատկան մարմիններն ավելի ուշադիր լինեն նորամուծություններին և կարողանան նաև ֆինանսապես «հասցնել»:

– Նորամուծությունների պակասի՞ց է, որ քաղաքացիները նախընտրում են բուժման համար մեկնել արտերկիր: Ըստ Ձեզ, ինչո՞ւ են նախընտրում դրսում բուժում ստանալ:

– Խոսքը սարքավորումների մասին չէ, այլ ծառայությունների: Պատկերացրեք, ձևավորվում է մի բյուջե, բայց հաջորդ տարի նոր ծառայություններ են առաջարկվում բժիշկների կամ համաշխարհային բժշկական հանրության կողմից: Նոր ծառայություններ, նոր մոտեցումներ և այլն: Իսկ արտերկիր մեկնելու հետ կապված… եթե մի բան անում են ինչ-որ մի տեղ, ապա տեսականորեն դա հնարավոր է անել նաև Հայաստանում: Պարզապես պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել:

Հաճախ մարդիկ խուսափում են մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտություններից: Վախ կա, որ դա էլ հնարավոր է՝ հանգեցնի քաղցկեղի առաջացման: Ո՞ր տարիքից պետք է գնան այս հետազոտություններին:

– Իրականում ավելի շատ վախենում են վատ լուր լսելուց, քան մամոգրաֆիկ սարքի վնասից: Հաճախ կեսկատակ-կեսլուրջ պացիենտներին ասում եմ՝ այսինքն, ըստ ձեզ, ստեղծել են մի սարք, որով փորձում են համատարած, ամբողջ աշխարհում բոլոր կանանց վնաս տա՞լ: Մի փոքր տրամաբանելուց հասկանում են, որ դա այդպես չէ: Եվ, շատ հաճախ, կանայք վախենում են հենց վատ լուր լսելուց։ Իրենց թվում է, եթե վատ լուրի մասին չիմանան, ավելի պաշտպանված կլինեն, սակայն ընդհանրապես կյանքում, հոգեբանության մեջ ինֆորմացիան զենք է, և հակառակը, որքան ինֆորմացված ես, այնքան պաշտպանված ես լինում։ Հաճախ հարցնում եմ նրանց, թե չեն վախենո՞ւմ խնդիր ունենալուց և դրա մասին չիմանալուց, որովհետև հատկապես կրծքագեղձի քաղցկեղի դեպքում երբ խնդրի մասին իմանում ես վաղ փուլում, այդ հարցը, կարելի է ասել, այսօր լուծելի է։ Բուժման հավանականությունն անցնում է անգամ 90 տոկոսը, եթե ժամանակին ես կարողանում հայտնաբերել։

– Կրծքում հայտնված ամեն ուռուցք վտանգավո՞ր է կնոջ համար, թե՞ կան ուռուցքներ, որոնք անվտանգ են։

Բոլոր կանայք, անգամ 30 տոկոսը, կրծքում բարորակ գոյացություն են ունենում՝ չիմանալով դրա մասին, և կարող են ամբողջ կյանքն ապրել դրանց հետ՝ որևէ կերպ չվնասվելով։ Տեսականորեն, եթե պետք լիներ բոլոր բարորակ ուռուցքները հեռացնել, որևէ բժիշկ չէր հասցնի տուն գնալ։ Այսինքն, կարելի է ճիշտ բացատրել կնոջը հետազոտության արդյունքները, որպեսզի հասկանա, որ անգամ իր բարորակ գոյացությունով կարող է ամբողջ կյանքն ապրել և խնդիր չունենալ։ Սակայն, միաժամանակ, ամենամյա հեռազոտությունները շատ կարևոր են։ Ընդհանուր առմամբ, եթե բոլոր տարիքային խմբերից 1000 կին հետազոտվի, ապա ընդամենը 1-2-ը վատ լուր կլսի։ Իսկ, եթե կանոնավոր հետազոտվեն, ապա 1-2-ը հիվանդությանը կհանդիպեն այն փուլում, որը բացարձակ լուծելի է։

Բարորակ գոյացությունները զարգանում են հորմոնալ հավասարակշռության խախտման հետևանքո՞վ, թե՞ այլ։

Քաղցկեղի առաջացման ոչ բոլոր ռիսկերն են հայտնի։ Դրանց թվում կարելի է նշել հորմոնների գրոհը կանանց կրծքագեղձի վրա՝ երկար տարիների ընթացքում։ Հստակ ապացուցված գործոններից է ավելորդ քաշը, ալկոհոլի չարաշահումը, նստակյաց կյանքը։ Միշտ խորհուրդ եմ տալիս, որ երեխային ջրի հետևից չուղարկեն, իրենք գնան, վերցնեն, ընդհանրապես շարժուն, ակտիվ լինեն։ Գերադասելի է սպորտը։ Երբ ուսումնասիրում ես կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց շրջանում ռիսկի գործոնները՝ տեսնում ես, որ 70 տոկոսի դեպքերում նրանք չունեն ռիսկի որևէ գործոն։ Ամբողջովին ապահովագրված լինել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալուց՝ պարզապես ճիշտ և առողջ ապրելակերպ վարելով, հնարավոր չէ։ Դու կարող ես ռիսկը զգալի նվազեցնել, բայց ամբողջովին քեզ ապահովագրելը որևէ կերպ հնարավոր չէ։ Այստեղ երկու կողմից է պետք մոտենալ՝ և՛ առողջ ապրելակերպ, և՛ պարբերաբար զննումներ ու հետազոտություններ։

– Հասարակության մեջ կա՞ պարբերաբար զննումների գնալու մշակույթը։

– Վերջին երկու տասնամյակում հասարակության մեջ զգալի փոփոխություն կա։ Ավելի են շատանում կանայք, ովքեր պարբերաբար հետազոտությունների են գնում։ Իդեալականից շատ հեռու ենք, քանի որ պետք է իրականացվի կանոնակարգված՝ անգամ պետության կողմից։ Դա կոչվում է պոպուլյացիոն սկրինինգ։ Ներկա պահին Հայաստանում պիլոտային ծրագիր է իրականացվում, Տավուշի, Լոռու մարզում արդեն ավարտել ենք, ներկա պահին Սյունիքի մարզում ենք։ Իրականացվում են սկրինինգային մամոգրաֆիկ հետազոտություններ՝ շարժական բարձր որակի թվային մամոգրաֆով, և շատ հետաքրքիր արդյունքներ ենք ստանում։ Որպես թիրախային խումբ՝ ընտրված են 50-69 տարեկան կանայք։ Սկրինինգով անցած կանանց շրջանում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի փուլերը զգալի տարբերվում են այն մարզերից, որտեղ առայժմ չի անցկացվում սկրինինգային ծրագիրը։ Հայաստանի այլ տարածքներում 0-ից մինչև 2-րդ փուլ քաղցկեղի տոկոսը չի գերազանցում 60-65 տոկոսը, իսկ սկրինինգային ծրագրով անցած մարզերում՝ օրինակ, Տավուշի և Լոռու մարզում, այն մոտենում է 90 տոկոսի։ Այսինքն, զգալի տարբերություն ունենք ժամանակին ախտորոշման տոկոսով, և դա չի կարող չանդրադառնալ բուժման արդյունքների վրա։ Միանշանակ, այդ կանանց բուժվելու շանսերը շատ ավելի բարձր են։ Եվ, եթե չլիներ սկրինինգային ծրագիրը, այդ կանանց ճնշող մեծամասնությունն ուռուցքի մասին կիմանար, երբ ակնհայտ կդառնար կամ, միգուցե, անբուժելի։ Այսինքն, կիմանային մի քանի տարի հետո, իսկ այսօր ամբողջովին բուժվելու շատ մեծ շանս ունեն։ 1,5 տարվա ընթացքում հետազոտել ենք արդեն 15․000-ից ավելի կնոջ, և ներկա պահին մոտ 180 կին արդեն հաստատված քաղցկեղով ստանում կամ ստացել է իր բուժումը։

Պատկերացրեք, մեզ համար անսպասելի խնդիրներ էլ կային։ Օրինակ, երբ կնոջը հայտնում են, որ գտել են նրա մոտ քաղցկեղ՝ հիվանդության վաղ փուլում, նա պարզապես չի հավատում՝ ասելով, որ որևէ գանգատ չունի, և բուժման ցանկություն չի հայտնում։ Զավեշտալի պահ էր։ Փաստորեն դու գտնում ես վաղ փուլում, բայց նրան չբուժելով՝ որևէ դրական ստատիստիկայի չես կարող հասնել։ Չբուժվելով՝ հաջորդ տարի կունենա 2-ր կամ երրորդ փուլ, և այդպես շարունակ։ Այսինքն, հասարակության մեջ որոշ կարծրատիպեր կան, որոնց ուղղությամբ պետք է աշխատեն ոչ միայն բժիշկները, այլև լրատվամիջոցները։

-Նշեցիք, որ 180 կնոջ մոտ հաստատվել է քաղցկեղխոսքը ո՞ր աստիճանի քաղցկեղի մասին է և, ընդհանրապես, կրծքագեղձում որևէ գոյացության առկայության դեպքում ի՞նչ գանգատներ են ունենում կանայք։

180-ից ավելի կանանց համարյա 90 տոկոսը քաղցկեղի 0-2-րդ փուլում էր գտնվում։ Սկրինինգային ծրագիրը միտված է ոչ թե հիվանդ, այլ առողջ կանանց համար։ Կանայք, ովքեր չունեն որևէ ախտանիշ և գանգատ, պարբերաբար հետազոտվում են։ Իմ նշած կանայք, փաստացի, որևէ գանգատ չունեին։ Ուռուցքը հայտնաբերվել էր մամոգրաֆիկ հետազոտության շնորհիվ։ Ինչ վերաբերում է գանգատներին, ապա մենք՝ բժիշկներս, փորձում ենք քաղցկեղի նշանների մասին չասել մի պարզ պատճառով, որովհետև եթե որևէ նշան ունես՝ կապ չունի նորմալ, թե աննորմալ փոփոխություն է, կուրծքը տարբերվում է երեկվանից, միանշանակ պետք է գնալ բժշկի։ Չկա նշան, որի ժամանակ չարժե գնալ բժշկի։ Իսկ ընդհանրապես պետք չէ սպասել որևէ նշանի, այլ ժամանակ առ ժամանակ ստուգվել։ Ոչ բոլոր հիվանդությունների համար են բժիշկներն ասում՝ տարին մեկ գնացեք, ստուգվեք, բայց կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ասվում է։ Կան քաղցկեղի տեսակներ, որոնք դրական արդյունքով են պատասխանում այդ մոտեցմանը: Օրինակ՝ հաստ աղիի քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղն ունի այդպիսի մոտեցում:

– Որքանո՞վ են կրծքում քաղցկեղի զարգացմանը նպաստում կալցիֆիկատները (կալցիումի փոքրիկ կուտակումներ)։

Չեն նպաստում․ կամ կան կրծքագեղձում, կամ զուգորդում են քաղցկեղին։ Լինում են տարբեր տեսակի․ բարորակ, չարորակ և անորոշ։ Բարորակ կալցիֆիկատներն ուշադրության արժանի չեն, կարող ենք համարել՝ որպես կրծքագեղձի բարորակ փոփոխություն, իսկ անորոշների դեպքում կամ պետք է պարզել, կամ դինամիկ հսկել՝ տեսնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում։ Իսկ հստակ չարորակ կալցիֆիկատները, անգամ, եթե որևէ այլ գոյացություն չկա կրծքում, կարող են կրծքագեղձի քաղցկեղի զրո փուլի նշան լինել։ Հաճախ նրանք զուգորդում են նոր առաջացած քաղցկեղին։ Այդ իսկ պատճառով ժամանակակից մամոգրաֆիայի սարքավորումները կարողանում են գտնել ուռուցքը ամենափոքր չափսերում՝ հանձինս կալցիֆիկատների տեսքով։

Ի դեպ, ուռուցքների բուժման դեպքում հաճախ են դիմում հարևաններին, բարեկամներին, ստանում բուսաբուժության հետ կապված խորհուրդներ։ Նման դեպքեր կա՞ն, որ բույսերը բուժեն ուռուցքները։

– Ցավալի կետ է։ Հաճախ, այսպես կոչված, բժիշկների մոտ «բուժվելու» ընթացքում պացիենտներն այնքան ժամանակ են կորցնում, որ գալիս են հիվանդանոց, և երբեմն բժիշկները որևէ բանով չեն կարողանում օգնել։ Եվ շատ անգամ տեսնում ենք, որ պացիենտները կարող են բողոքել բժշկից, բայց չեմ տեսել պացիենտ, որը բողոքի իր սնղչիից։ Շատ զարմանալի և անհասկանալի երևույթ է։ Երբ ասում ենք՝ եկեք միասին գտնենք, ըստ իս, այդ հանցագործին, այնպես են պաշտպանում, որ ինձ համար զարմանալի է դա։ Նրանց դեմ պետք է պայքարել։ Հիմնականում ինչ նրանցից ստանում ենք, դրանք ուշացած դեպքերն են։ Իսկ ուշացած դեպքերը կորսված կյանքեր են։

Շատ բժիշկներ վիրահատությունից առաջ աղոթում են, ոմանք սիրելի երգն են լսում, ձեր դեպքում ո՞ր տարբերակն է:

Վիրահատության գնալուց առաջ ես ևս մեկ անգամ զրուցում եմ պացիենտի և հարազատների հետ։ Հարազատների հետ զրուցելիս ես տեսնում եմ այն մեծ պատասխանատվությունը, որը իրենք թողել են իմ ուսերին։ Բերել են հարազատին, վստահում են ինձ, որպեսզի վիրահատեմ։ Սա ինձ համար պարզ նախադասություն չէ։ Տեսնելով, թե ինչպիսի վստահություն են ցուցաբերում՝ դա ավելի մեծ պատասխանատվություն է ինձ մոտ առաջացնում։

Տեսանյութեր

Լրահոս