Բաժիններ՝

Հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ արձանագրվելու դեպքում օբյեկտները միանգամից կփակվեն

Բոլոր այն օբյեկտներում, որտեղ այսուհետև կարձանագրվեն հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, միանգամից կկայացվի գործունեության կասեցման որոշում։ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը:

Մեր հարցին՝ բացի «Մալաթիայի» տոնավաճառից, կա՞ն մարզերում և Երևանում կենտրոններ, որոնք ևս փակման ռիսկի տակ են, և ի՞նչ գործունեություն են ծավալում դրանք, Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը պատասխանեց.

«Տարեսկզբից տեսչական մարմինն ակտիվ ստուգումներ է իրականացնում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Ստուգման ընթացքը ցույց կտա, թե էլ որ օբյեկտների նկատմամբ կկայացվի նման որոշումներ։ Այս պահին Տեսչական մարմնի խոշորացույցի տակ առևտրի խոշոր կենտրոններն են, փայտամշակման, տպագրական արտադրամասերը, նավթամթերքի պահեստարանները, ընդհանուր նշանակության պահեստները, բազաները և հասարակական նշանակության օբյեկտները, այսինքն՝ բոլոր այն օբյեկտները, որտեղ կարող են լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ»:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշում էր կայացրել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնելու մասին: Ստուգումների արդյունքում արձանագրված 17 խախտումներից տնտեսվարողը մի քանիսը չէր վերացրել։ Ուստի որոշվել էր փակել տոնավաճառը, և միայն ընկերության տնօրինության աշխատանքից է կախված, թե որքան ժամանակ այն փակ կմնա կամ կբացվի երբևէ: Որքան շուտ կատարվեն համապատասխան շտկումները, բնականաբար, այդքան շուտ կվերաբացվի տոնավաճառը:

Կարդացեք նաև

Հավելենք, որ հունվարի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Արդյունքում՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումներ է կայացրել։

Տեսանյութեր

Լրահոս