1992 թվականին Քարինտակի ճակատամարտը ճակատագրական եղավ ամբողջ Արցախի համար՝ ճակատամարտը տևեց 12 ժամ

1992 թվականի հունվարի 26-ին ազատագրվեց Արցախի Հանրապետության Քարինտակ գյուղը։ Այդ օրերին խաղաղ բնակիչները գյուղի ներսում էին, իսկ թշնամին շրջափակել էր գյուղը և անդադար կրակում էր։

168.am հետ զրույցում Շուշիի քաղաքապետ, ծնունդով քարինտակցի Արծվիկ Սարգսյանը պատմեց՝ 1992 թվականին թշնամին շրջափակել էր գյուղն ու ադրբեջանցի դիպուկահարները կրակում էին։

«Անասնաբույժ Ալյոշա Հովհաննիսյանին էին սպանել, Գուրգեն Ավանեսյանին՝ իր տան բակում։ Մշտական ուզում էին ժողովրդին վախի մեջ պահեին։ Այս ժամանակ գյուղում կար 40 ավտոմատ, մեկ «պուլիմյոտ», մնացածը որսորդական հրացաններ էին։ Հունվարի 26-ին թշնամին երրորդ անգամ հարձակվեց գյուղի վրա, առաջինը՝ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին էր, երկրորդը՝ 1992 թվականի հունվարի 19-ին, իսկ երրորդը՝ հունվարի 26-ին։ Գյուղը վերցնելու համար աշխատում էին ադրբեջանական հատուկջոկատայինները, Քարինտակում զոհվեց նրանց հրամանատարը, որն Ադրբեջանի ազգային հերոս է։

Կարդացեք նաև

Հունվարի 26-ին արդեն գյուղն ամբողջությամբ շրջափակված էր, այն ուղղություններից, որտեղից սպասում էին, որ օգնության կհասնեն, այդ ուղղություններն էլ էր թշնամին փակել՝ Սղնախ, Ավետարանոց, Շուշի։ Քարինտակի ազատագրման ճակատամարտը տևել է 12 ժամ, ու այդ ամբողջ ընթացքում գյուղի բնակիչները՝ կին, երեխա, բոլորը գյուղում են եղել։ Կար հրաման, որ բնակիչները պետք է գյուղը վառեն ու դուրս գան, բայց բնակիչները դիմադրեցին։ Մենք մեր դիրքերում կանգնած՝ չէինք մտածում, որ պետք է դիրքը թողնենք, որովհետև գիտեինք, որ մեր հետևում մեր ընտանիքներն են։ Փամփուշտը քչություն էր անում, բայց թշնամու զինվորներից հնարավոր եղավ հավաքել փամփուշտները»,- վերհիշելով ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցածը՝ պատմեց Արծվիկ Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ Քարինտակի ազատագրումը ճակատագրական եղավ ամբողջ Արցախի համար։ Եթե այդ օրը թշնամին գրավեր Քարինտակը, հետո դուրս էին գալու Սղնախի ճանապարհին, անցնեին Շուշիով ու փակեին Հադրութի ճանապարհը։

«Քարինտակում ադրբեջանական բանակն այնպես ջախջախվեց, որ նրա վրա սև բիծ դրվեց, այդ օրը նրանց մեջքը ջարդվեց, դրա համար Քարինտակը մինչև հիմա ասում են «արյունոտ ձոր», չնայած ադրբեջանցիներն արդեն գյուղ տեխնիկա էին մտցրել, բայց դեմն առանք։

44-օրյա պատերազմի ժամանակ սցենարը նրանք մի քիչ փոխեցին՝ սկսեցին Հադրութից, նրանք Հադրութից քայլելով եկան-հասան Քարինտակ, նոյեմբերի 4-ին գյուղն արդեն հանձնվել էր, կարելի է ասել՝ գյուղի դիրքերի տղաները մենակ մնացին։ Անկազմակերպ էր, եթե կազմակերպված լիներ, թշնամուն Քարինտակում կջախջախեին, այլևս Շուշի չէին հասնի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Քարինտակի ազատագրման ժամանակ՝ 1992 թվականի հունվարի 26-ին, զոհվել էր ԼՂ Գերագույն խորհրդի պատգամավոր, Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Քարինտակում զոհվեց նրա որդին, Քարինտակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը։

Հայր և որդի զոհվել են նույն նպատակի համար, գրեթե նույն տարիքում հայրենի գյուղում՝ Քարինտակում։ Այդ ժամանակ զոհվեցին նաև Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Երեքն էլ զոհվել են 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ դիրքերում։

«Կարելի է ասել, նրանց զոհվելը բացասական ազդեց գյուղի պաշտպանության վրա, որովհետև հրամատարները չկային, եթե լինեին՝ կկազմակերպեին ու ամեն ինչ լավ կլիներ։ Մխիթարն ու Արթուր Առաքելյանը որևէ նպատակ չունեին գյուղը թողնելու։ Մխիթար Առուշանյանի հայրը՝ Վաղարշակը, առաջին էր 1992 թվականին բերել զենք, սկզբում՝ չորս զենք, հետո՝ 5, մինչև 40 ավտոմատ եղել է։ Դե, նրա զոհվելուց հետո հրամանատար է դառնում Արթուր Առաքելյանը։ Քարինտակի ազատագրումից հետո սկսվեց Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի ազատագրումը։ Քարինտակի ջոկատը եղել է այն բոլոր վայրերում, որտեղ համարվել է թեժ գիծ՝ Արթուր Առաքելյանի գլխավորությամբ»,- ընդգծեց նա։

Քարինտակը թշնամու կողմից օկուպացվելուց հետո, բնակիչների մեծ մասը տեղափոխվել է Արցախի այլ բնակավայրեր, քիչ մասն է տեղափոխվել Հայաստան։ Իրենց հույսը չեն կորցնում, հավատում են, որ մի օր վերադառնալու են հարազատ գյուղ՝ Քարինտակ։

Տեսանյութեր

Լրահոս