«Շուշիի հաղթանակը եղել է, 30 տարի իր իսկական տիրոջ՝ հայերի ձեռքին էր, սա մի ողջ պատմություն է, ինչպես կարող ենք դնել ու ջնջել». Արծվիկ Սարգսյան

Բաքվի դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»։ Դատական վերջին նիստի ընթացքում դատարանն անդրադարձել է Շուշիի ազատագրմանը, որի ժամանակ աշխարհի բոլոր կատարած ու չկատարած մեղքերը բարդել էր հայ ազգի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վրա, անմասն չեն մնացել նաև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները։ Սա հերթական կեղծ դատավարական նիստն էր, որն անցկացնում է Բաքուն։

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ այսօր Բաքուն հավանաբար նպատակ ունի դատական գործեր հարուցել նաև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ, դրա համար բոլոր կեղծ մեղադրանքները հնչեցնում է դատարանում։ Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, ապա քաղաքի ազատագրմամբ հաջողվեց խուսափել մեծ կոտորածից, որն ադրբեջանցիները պատրաստում էին, քանի որ Շուշիից ամեն օր կրակահերթի տակ էին պահում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Շուշիի հաղթանակը եղել է, հաղթանակի ձեռքբերման համար ունեցել ենք կորուստներ, զոհեր, վիրավորներ, հանուն դրա մենք իրավունք չունենք մոռանալու մեր տղաներին։ 30 տարի մենք ապրել ենք ազատագրված Շուշիիում, քաղաքը 30 տարի եղել է իր իսկական տիրոջ՝ հայերի ձեռքին։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ Շուշին եղել է բուն հայկական քաղաք, դա վկայում է նաև ճարտարապետությունը, պատմությունը, որն այսօր Ադրբեջանի ձեռամբ ոչնչացվում է։

Հայ ազգի համար Շուշիի ազատագրումն օրհասական էր, ադրբեջանցիներն իրենց հրետանին դրել էին Շուշիիում ու գնդակոծում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը։ Օրինակ, Քարին Տակի վրա բազմիցս անիվներ են գլորել, քարեր նետել, ինչն էլ հանգեցրել է հայտնի հերոսական ճակատամարտին՝ 1992 թվականի հունվարի 26-ին, երբ տեղի ունեցավ գյուղի ազատագրումը»,- 168.am հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Քարին Տակն ազատագրելուց հետո արդեն չէին կարող չխոսել Շուշիի ազատագրման մասին։ Գյուղի ազատագրման համար 12 ժամ ԼՂ պաշտպանական ուժերը պայքարել են ճակատամարտում և ունեցել հաղթանակ։

«Շուշիում բնակվող մեծահարուստ ադրբեջանցիներն արդեն սկսեցին քաղաքից հանել իրենց գույքն ու հարստությունը, մենք տեսնում էինք, որ բարձած մեքենաները հեռանում էին։ Իրենք էլ էին հասկանում, որ արցախցիներն անվերջ չեն կարող ապրել իրենց արձակած կրակոցների տակ։

Շուշիի ազատագրումից հետո հիմք դրվեց Արցախի ազատագրմանը։ Մյուս 7 շրջանները ևս ազատագրվեցին, որպեսզի Արցախում ապրելն ապահով լինի, գոնե ադրբեջանական հրետանին չհասներ քաղաքին։ Սա մի ողջ պատմություն է, մենք ինչպե՞ս կարող ենք դնել ու ջնջել կամ մոռանալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արծվիկ Սարգսյանը ցավով է արձանագրում, որ այսօր Ադրբեջանը ոչնչացնելով Արցախի ճարտարապետությունը, մշակույթը՝ փորձում է ցույց տալ, որ Արցախը հայկական չէ։

«Գերեզմաններն են քանդում, խաչքարերը ոչնչացնում, պատմությունն են ուզում ջնջել։ Խորհրդային ժամանակներում որոշ չափով գոնե հայկական հուշարձանները պահպանվում էին, հիմա հիմնովին վերացնում են։ Չնայած այն ժամանակ էլ իրենք տրակտորը բերել էին ու ուզում էին հայերի հին գերեզմանոցը քանդել, երևի ինչ-որ մեկը հասկացրել էր՝ չանեն, քանի որ դա կարող է հայերի շրջանում մեծ բողոքի ալիք բարձրացնել։

Դրա համար իրենք հրաժարվեցին այդ մտքից ու բերեցին ծառեր տնկեցին, ակացիաներ, պոպոքի ծառեր տնկեցին, հատուկ արեցին, որպեսզի հին գերեզմանոցը ոչնչացնեն։ Մենք այդ տարածքը տարին 2-3 անգամ խոտերից, տերևներից մաքրում էինք։ Գիտեմ, որ նույն տարածքը ադրբեջանցիները քանդել են ու ինչ-որ շինություն են կառուցել տեղը»,- ընդգծեց Արծվիկ Սարգսյանը։

Շուշիի քաղաքապետը նաև ասաց՝ մայիսի 9-ին կայցելի Եռաբլուր, ծաղիկներ կխոնարհի տղաների շիրիմներին, որոնք իրենց կյանքի գնով ազատագրեցին Շուշին ու Արցախը։

Նշենք, որ Շուշին ազատագրվել է 1992 թվականի մայիսի 8-ին, այն ստացել է «Հարսանիք լեռներում» անվանումը, ռազմական գործողությունների հրամանատարը եղել է լուսահոգի Արկադի Տեր-Թադևոսյանը։

Շուշին Ադրբեջանի կողմից օկուպացվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

Տեսանյութեր

Լրահոս