1000 խոշոր հարկատուների ցանկը կեղծիք է. ՊՆ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը քսանյակում միտումնավոր չեն ներառվել. Սարգսյան

Երեկ ՊԵԿ-ը հրապարակեց 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ հարկ են վճարել:

Ինչպես 2021 թվականին, այնպես էլ 2022 թվականին Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարեկան վճարել է մոտ 144 միլիարդ դրամ հարկ:

Առաջին 3 հորիզոնականում գտնվող ընկերությունները ապահովել են բոլոր 1000 խոշոր հարկատուների պետբյուջե վճարված գումարի շուրջ 17 տոկոսը, իսկ առաջին տասնյակում գտնվողները միասին՝ ¼ մասը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անարժանահավատ որակեց ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ շեշտելով՝ Կառավարությունը զբաղված է թվանկարչությամբ։

Կարդացեք նաև

«Երբ նախորդ անգամ ՊԵԿ-ը հրապարակեց 1000 խոշոր հարկատուների ցանկը, այդ ցանկի առաջին հարյուրյակում էին հայտնվել գրեթե բոլոր նախարարությունները, հիմա միանգամից բոլորը բացակայում են։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը միայն առաջին եռամսյակում վճարել է 8.6 միլիարդ դրամ հարկ, բայց չի հայտնվել 1000 խոշոր հարկատուների քսանյակում, մինչդեռ այդքան վճարած այլ ընկերություն հայտնվել է։ Իմ համոզմամբ՝ Պաշտպանության նախարարությունն այդ քսանյակում չի ներառվել, որպեսզի Կառավարությունը չքննադատվի, ինչպես եղավ նախորդ անգամ։

Ի դեպ, իրենց վճարած հարկերի ծավալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում պետք է հայտնվեին այլ պետական գերատեսչություններ ևս՝ Ազգային անվտանգության ծառայությունից մինչև ոստիկանություն։ Իմ գնահատմամբ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը կեղծիք է. խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել ընկերություններ, որոնք իրենց վճարած հարկերի ծավալներով զիջում են նախարարությունների վճարած հարկերի չափին»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Աուդիտորների պալատի նախագահը շեշտեց՝ հրապարակված կեղծիքի պատասխանատուն Կառավարությունն է, որն իր նախընտրությամբ թվեր նկարելով՝ փորձում է ստեղծել այլ Հայաստանի պատկեր։

«1000 խոշոր հարկատուների ցանկն ապացույցն է այն բանի, որ մենք ապրում ենք երկու՝ իրարից տարբեր Հայաստանում. առաջինն իրական Հայաստանն է, որտեղ կյանքը ինչպես ծանր կար, այնպես էլ ծանր շարունակում է մնալ, երկրորդն իշխանությունների Հայաստանն է, որտեղ ներկայացվում են նկարված թվեր բոլոր ոլորտներում և որտեղ իշխանություններն ապրում են ճոխ և երջանիկ»,- ասաց Սարգսյանը։

Ուշադրություն հրավիրելով 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկի չափին՝ 143 միլիարդ դրամ, Նաիրի Սարգսյանը նշեց, որ հարկի այդ ծավալը պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտում ավելացրել է հարկային բեռը, բայց քանի որ այդ կոմբինատի փայատեր դառնալուց հետո Կառավարությունը որոշեց ազատվել այդ բեռից, ուստի հաջորդ հարկային եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կվճարի ոչ թե 143 միլիարդ դրամ, այլ 63 միլիարդ դրամ՝ ինչ չափով վճարում էր նախքան Կառավարությանը բաժնեմաս նվիրելը։

Սարգսյանի խոսքով՝ Կառավարության վարած անպատասխանատու քաղաքականությունը, պետության անվտանգային խնդիրները լուծելու անկարողությունը հանգեցրել են մի իրավիճակի, որ մշտապես խոշոր հարկատու «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2021 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 4-րդն էր, հիմա դարձել է 80-րդը:

«Սա պատերազմի և ոչ կոմպետենտ իշխանություն ունենալու ուղիղ հետևանքն է»,- խոսքը եզրափակեց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս