«Եթե զինծառայողը անհայտ կորած է կամ մահացած, պետք է վերջնահաշվարկ կատարեն՝ տան չօգտագործված արձակուրդների, աշխատած, սակայն չվճարված աշխատավարձի գումարները». Մարտիկ Մարտիրոսյան
168.am–ն արդեն անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի դեպքին։
Շիրազ Խաչատրյանի ընտանիքի անդամները պնդում են, որ նրա մարմինը գտնվում է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերիմիջև ընկածչեզոք գոտում, բայց մինչ օրս չեն կարողանում դին դուրս բերել։
168.am-ին Շիրազ Խաչատրյանի կինն ասել էր, որ թեպետ իրենք տեսնում են, թե որտեղ է ամուսնու դին, սակայն Շիրազի զոհվելուց երեք ամիս անց զորամասից ինչ-որ փաստաթղթովանհետ կորածի կարգավիճակ են տվել ամուսնուն։ Ավելին՝ միայն դեկտեմբերին են ամուսնու չորս ամսվա աշխատավարձից՝ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել։
Արդյո՞ք զոհվելու կամ անհետ կորելու դեպքում պետությունը չպետք է ամբողջությամբ վճարի զինծառայողի աշխատավարձն ընտանիքին։
168.am-ը փաստաբան, ռազմական օրենսդրության մասնագետ Մարտիկ Մարտիրոսյանին խնդրեց իրավական պարզաբանումտալ ոչ միայն կոնկրետ այս դեպքի, այլ նաև ընդհանրապես նման երևույթի մասին, քանի որ մեր ուսումնասիրությունները, մամուլում տեղ գտած հրապարակումները փաստում են, որ նման դեպքեր շատ կան, երբ զինծառայողի աշխատավարձը զոհվելուց հետո չեն տալիս, կամ մասամբ են տալիս։
«Նախ ասեմ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կառավարությունն առանձին որոշում էր ընդունել, որտեղ տրամադրում էր որոշակի գումար, մոտ 300 հազար դրամ ինքը տրամադրում էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։ Երբ անձը դառնում էր հիմնադրամի շահառու, տրամադրվող միանվագ գումարից նվազեցվում էր այդ գումարը, այդպես նոր լրացուցիչ գումար չէին տրամադրում, այսինքն՝ մինչև թղթաբանությունն ավարտվեր, այդ գումարը լրացվում էր։
Ինչ վերաբերում է նախորդ տարվա սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված կամ անհետ կորածներին, ապա կառավարությունն առանձին որոշում չունի, այսինքն՝ հիմնադրամը նախօրոք գումարներ չի վճարում։ Տվյալ պարագայում, եթե անձն անհայտ կորած է, պետք է քաղաքացիական դատավարության կարգով դատարանի կողմից ճանաչվի անհայտ կորած և դառնա հիմնադրամի շահառու, որևէ այլ արտոնություն, կարգավորում այս պահին չկա»,- պարզաբանեց Մարտիկ Մարտիրոսյանը։
Հղում կատարելով Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքին՝ մեր զրուցակիցն ասաց, որ պայմանագրային զինծառայողը եթե անհայտ կորում է, ապաթողնվում են հաշվառման կադրերի տրամադրության տակ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից կհամարվեն անհայտ կորած, այսինքն՝ այդ ամենը կհաստատվի։
«Գերության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը պահպանում է աշխաավարձը, ի տարբերություն անհայտ կորած զինծառայողի։ Կարծում եմ՝ այստեղ այն տրամաբանությունն է, որ անհայտ կորած զինծառայողը հիմնադրամի շահառու է, իսկ գերության մեջ գտնվողը՝ ոչ։ Եթե զինծառայողը զոհվել է, բայց նրա գտվելու վայրն անհայտ է, ուղղակի ընտանիքի անդամները հստակ գիտեն և դիմում են դատարան, ապա այդ ամբողջ գործընթացը տևելու է մեկ տարի, իսկ մյուս պարագայում, եթե անհայտ բացակայող ճանաչվեց՝ ռազմական գործողությունների հետևանքով, ապա այդ ամենը տևելու է 3 ամիս։ Այսինքն՝ եթե դեպքը եղել է սեպտեմբերին, ապա խորհուրդ կտամ՝ դիմեն դատարան՝ անհայտ բացակայող ճանաչվելու պահանջով, դրանից հետո դառնան հիմնադրամի շահառու։ Մի կողմ թողնենք օրենսդրական թերությունները, բայց ամենաօպտիմալ ճանապարհը սա է։ Կարող են դիմել հանրային պաշտպանի, փաստաբանի, որպեսզի նրանք օգնեն դիմել դատարան»,- շեշտեց նա։
Միաժամանակ փաստաբանն ուշադրություն հրավիրեց մեկ կարևոր հանգամանքի վրա և հնչեցրեց հետևյալ հարցը՝ զոհված զինառայողների պարագայում արդյո՞ք վերջնահաշվարկ արվել է։
«Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձը ծառայությունից արձակվում է զոհվելու կամ դատարանի կարգով անհայտ բացակայելու դեպքում, ոչ թե պաշտոնից, այլ ծառայությունից է արձակվում։ Տվյալ պարագայում պետք է կատարվի վերջնահաշվարկ, որի դեպքում պետք է տվյալ զինծառայողի ընտանիքին տրամադրվի զինծառայողի չստացած ամբողջ գումարը։
Ըստ օրենքի՝ վճարման ենթակա, սակայն քաղաքացու կենդանության օրոք որևէ պատճառով չվճարված աշխաըտավարձի, թոշակի, նպաստի, կյանքին կամ մասնավոր վնասի հատուցման գումարը պատկանում է մահացածի ընտանիքին։ Եթե զինծառայողը անհայտ կորած է կամ մահացած է,պետք է վերջնահաշվարկ կատարեն, տան նրա բոլոր չօգտագործված արձակուրդների և աշխատած, սակայն չվճարված աշխատավարձի գումարները։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի ընտանիքի անդամները հետևողական լինեն և տեսնեն, թե վերջնահաշվարկում ինչ են տրամադրում։ Չեմ բացառում, որ վերը բերված մասնավոր դեպքում վերջնահաշվարկ են տրամադրել, այլ ոչ թե աշխատավարձը։ Երբ դատարանի թուղթը լինի, քաղաքացին պետք է դիմի համապատասխան զորամաս կամ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով, որպեսզի վերջնահաշվարկ կատարեն և տրամադրեն ամբողջ գումարը։ Ես բողոքներ չեմ լսել, որ վերջնահաշվարկ չեն արել, կարծում եմ՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ տեղյակ չեն իրենց այդ իրավունքի մասին»,- եզրափակեց Մարտիկ Մարտիրոսյանը։