«4 ամիս է՝ տանջվում ենք, ամեն օր նայում եմ այդ սարին». Շիրազ Խաչատրյանի կինը դիմում է բոլորին՝ ամուսնու դին չեզոք գոտուց հանել

Դեռ շաբաթներ առաջ տարբեր լրատվամիջոցներ գրեցին, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի  միջև ընկած  չեզոք գոտում, բայց մինչ օրս չեն կարողանում դին դուրս բերել։

Հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե Շիրազ Խաչատրյանի դին դուրս բերելու համար ի՞նչ քայլեր են իրականացնում համապատասխան կառույցները, հատկապես այն դեպքում, երբ զինծառայողի ընտանիքի անդամները հստակ ցույց են տվել, թե որտեղ է իրենց որդու դին։

«Նախ՝ շատ ցավում եմ այդ իրավիճակի համար, բայց որոնողական աշխատանքներ արվում են ոչ անընդհատ, այսինքն՝ այնպես չէ, որ անընդհատ դա արվում է, բայց պարբերաբար արվում են։ Իհարկե, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված։

Վերջին անգամ Գեղարքունիքի մարզի հատվածում մեկ շաբաթ առաջ են որոնողական աշխատանքներ արվել, համոզված եմ՝ մեր մարմինները կկապվեն՝ հասկանան, ինչ է… որովհետև նման դեպքեր էլի են եղել, որ մենք հստակ տեղեկություններ ենք ունեցել, բայց չի հաջողվել հայտնաբերել հենց այդ կոնկրետ տեղում, նույնիսկ մեր վերահսկողությունից դուրս գտնվող գոտում գնացել են, իրականացրել են, բայց չի հայտնաբերվել»,- հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը և Շիրազ Խաչատրյանի անուն-ազգանունը գրեց՝  վստահեցնելով, թե ասուլիսից հետո կզբաղվի խնդրով։

Կարդացեք նաև

168.am Շիրազ Խաչատրյանի կնոջից՝ Մարիամ Ղարագոզյանից հետաքրքրվեց՝ այս ընթացքում արդյո՞ք համապատասխան կառույցներից կամ Կառավարությունից կապ հաստատել են իրենց հետ՝ խնդրի առանչությամբ մանրամասները ճշտելու համար։

«Մեզ որևէ մեկը չի զանգահարել,  ոչ էլ որևէ բան են հարցրել, իրենք տեղեկություն ունե՞ն, թե՞ զորամասից վերցրել են՝ չգիտեմ։ Մենք ամեն տեղ դիմել ենք, եթե ասում են, որ որոնողական աշխատանքները կատարվում են,  լուրեր են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզում 2 մարմին կա, այդ դեպքում մեր զորամասից ինչո՞ւ չեն ասում, որ որոնողական աշխատանքներ են կատարվում։ Մենք մարմնի կոնկրետ գտնվելու վայրը գիտենք, ինչո՞ւ բան չեն անում»,- ասաց Մարիամը։

Ըստ նրա, ամուսնու եղբայրը խնդրի առնչությամբ բոլոր մարմիններին ու կառույցներին դիմել է, պատասխանել են, թե խնդրով զբաղվում են, և դիմել են նույնիսկ Եվրոպական դատարան։ Զինծառայողի ընտանիքը նաև  դիմել է Կարմիր խաչին՝ տրամադրելով ձեռքի տակ եղած տեղեկությունը, այնտեղից էլ պատասխանել են, որ պատրաստ են այդ տարածք մտնելու, սակայն երկու երկրների իշխանությունները պետք է թույլատրեն։

Այսօր Մարիամը միայնակ մեծացնում է երկու անչափահաս երեխաներին՝ 5 և 8 տարեկան աղջկան ու տղային։

«Շիրազը ինձ ու երկու երեխաներին թողել է ու սեպտեմբերի 13-ին բարձրացել դիրքեր, նրա զոհվելուց հետո որևէ մեկը չի եկել ու մեզ որևէ տեղեկություն չի տվել։ Հետո ենք տեղեկություն ստացել, որ Շիրազը զոհվել է, ամեն մեկը մի բան է ասում, մի օր գյուղում են մի բան ասում, մի օր՝ զորամասից։ Ամուսնուս եղբայրը դրոնով նկարել է, և զորամասից էլ այդ տեղեկությունն ասել են, որ մի մարմին կա Կուտականի դիրքերում ու այդ մարմինն էլ ամուսնուս մարմինն է։ Շիրազի ծառայակից տղաներն էլ են ասել, որ Շիրազը զոհվել է։ Նրանք մեզ ասացին, որ Շիրազը հերոսաբար կռվել է, բայց թշնամու գնդակը կպել է նրա գլխին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մարիամ Ղարագյոզյանի խոսքով՝  այս ամբողջ ընթացքում իրենց այցելել են միայն Սեյրան Օհանյանը և Արման Թաթոյանը, նրանք խնդրից տեղյակ են։ Ընտանիքի կողքին գրեթե բոլոր հարցերով կանգնած է Փոքր Մասրիկի համայնքապետը՝ Սարգիս Նշանյանը, զորամասից էլ օգնել են որոշակի բաներ տրամադրելով՝ սնունդ, փայտ։

«Ես երեխաներիս հետ ապրում եմ ամուսնուս ծնողների տանը, քանի որ ինքներս տուն չունենք։ Սկեսուրս ու սկեսրայրս տեգրոջս հետ ՌԴ-ից վերադարձել են, որ զբաղվեն, ու ամուսնուս դին  հանենք։ Մեզ որևէ մեկը չի օգնում ու դին չեն հանում, որ գոնե հուղարկավորենք։ Զորամասից էլ ասում են, որ վերևներից պետք է ասեն, որ մի բան անեն, ասում են՝ թուրքը թույլ չի տալիս։

Զորամասից կարող են հստակ տեղը ցույց տալ, թե որտեղ է գտնվում դին։ Մեր տան հետևի հատվածում է, ամեն օր նայում եմ այդ սարին, քանի ամիս է՝ մենք տանջվում ենք, բայց որևէ բան չեն անում, չեն օգնում։ Այս չորս ամսվա ընթացքում մեկ ամսվա աշխատավարձն ենք ստացել, դրանից զատ՝ որևէ օգնություն չենք ստացել, ամուսնուս աշխատավարձը կտրել են։ Երեք ամիսը լրանալուց հետո զորամասից թուղթ են տվել՝ անհետ կորածի կարգավիճակ են տվել ամուսնուս։ Բայց նա անհետ կորած չէ, մենք նրա տեղը գիտենք, ստույգ ասել ենք, թե որտեղ է, մնում է  հանեն, էլ չգիտենք՝ ում դիմենք, ֆինանսապես էլ ի վիճակի չենք, որ որևէ տեղ գնանք դիմենք»,- ընդգծեց նա։

Մարիամը աշխատանք չունի, մի կերպ հոգում է  երկու անչափահաս երեխաների պահանջները։  2019 թվականին ընտանիքով մեկնել են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, երեխայի 6 տարին լրանալուց հետո վերադարձել են գյուղ, որպեսզի երեխան Հայաստանում գնա դպրոց։ Փորձել են որևէ սեփականություն ձեռք բերել և Գեղամասարում տուն են վերցրել՝ գումարը մաս-մաս տալու պայմանով, սակայն սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Շիրազ Խաչատրյանն առանց վարանելու մեկնել է պատերազմի դաշտ, տուն է  վերադարձել պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ին՝ իրենց նշանադրության օրը։

«Քանի որ տան գումարը չկարողացանք տալ, տունը կորցրեցինք, ոչինչ չունենք։ Սեպտեմբերի 13-ին, որ բարձրացավ դիրքեր, ինձ ասաց՝ դու չզանգես, ես կզանգեմ, ու այդպես էլ չզանգեց։ 4 ամիս տանջվում ենք, մեզ որևէ մեկը չի օգնում, որ գոնե իր մարմինը բերեն, մենք գոնե հուղարկավորենք՝ տուն չունեցավ, գոնե գերեզման ունենա։ Իսկապես էլ չգիտենք, ում դիմենք, ինչ անենք, ում խնդրեմ ու աղաչեմ, որ մի բան անեն։ Թող ամուսնուս դին հանեն ու մեզ տան։

Շիրազի ծառայակից ընկերներից երկուսը երկու օր առաջ մեր տանն էին, ասացին, որ Շիրազն իրենց ձեռքերի մեջ է մահացել, նրանց ընկերներից մեկը վիրավոր է եղել, Շիրազը նրան իջեցրել է ներքև, նորից բարձրացել է, կռվել ու զոհվել։ Փորձել են նրան հանել, բայց մինչև վերջ չեն կարողացել հանել, որովհետև ասում են՝ թուրքերը շատ են մոտեցել»,- եզրափակեց Մարիամ Ղարագոզյանը։

Տեսանյութեր

Լրահոս