Պետք է բացառել խաղաղության օրակարգին հակասող բառապաշարն առավելապես պաշտոնյաների կողմից. Նիկոլ Փաշինյան

«Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում։ Բայց կրկին պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»,- Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

Նրա փոխանցմամբ՝ շարունակում են հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերում, և որևէ սադրանքով պետք է հնարավոր չլինի շեղել այդ օրակարգից։

«Միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ, որ պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով՝ նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, Հայաստանի ու սփյուռքի անհատներ ու կազմակերպություններ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ։

Ուշադրություն դարձրեք, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է  միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ հոսանքի ու գազի մատակարարումը դադարեցված չէ։ Ակնհայտորեն ԼՂ-ն ու Հայաստանը հակառակն են պնդում։ Կարծում եմ՝ այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն այս ուղղությամբ պետք է աշխատենք։ Իսկ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք  չունի, մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանում ենք բոլոր դժվարությունները և բարդությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս