«Վարանդայից Շուշի տանող թունելները կիսատ են. նպատակն Ադրբեջանի հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, հավանական է՝ ճյուղավորեն դեպի ՀՀ սահման». Շիրազ Խաչատրյան

Վերջին օրերին մամուլում և տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ «Ադրբեջանը Քարվաճառի կողմից թունել է փորում դեպի ՀՀ ինքնիշխան օկուպացված տարածքներ, որպեսզի հարմար պահի նոր հարձակում նախաձեռնի և փորձի կտրել Սյունիքը ՀՀ-ից: Մեկ այլ տեղեկություններով, Ադրբեջանը ՀՀ զավթած տարածքներում 4-5 բարձր որակի ճանապարհ է կառուցել, նաև՝ ապահովման խնդիրներ լուծելու նպատակով:

Այս թեմայի շուրջ 168.amը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Անկեղծ ասած, չեմ հասցրել ծանոթանալ տելեգրամյան ալիքների այդ տեղեկատվությանը, բայց կարող եմ մի բան ասել՝ ադրբեջանական զինված ուժերը և՛ 44-օրյա պատերազմից, և՛ հատկապես 2022թ. սեպտեմբերյան էսկալացիայից անմիջապես հետո ՀՀ օկուպացված տարածքներում անմիջապես սկսել են ինժեներական աշխատանքներ, և այդ աշխատանքները շարունակվում են, ադրբեջանական կողմը շարունակում է ամրանալ ՀՀ օկուպացված տարածքներում:

Արդանիշից մինչև Նռնաձոր ընկած շփման գծի հատվածներում գնալով ամրանում են, ՀՀ գրաված տարածքների կարևոր ռազմավարական կետերում Ադրբեջանը ենթակառուցվածքներ է կառուցում, և նրանց կողմից ետ քաշվելու որևէ հավանականություն չկա, քանի դեռ այս իշխանությունները մեզ այսպիսի անօգնական վիճակի մեջ են դրել։

Կարդացեք նաև

Ես ձեզ հետ զրույցների ժամանակ տարբեր առիթներով խոսել եմ Սյունիքը կտրելու հավանական ուղղությունների մասին, նշել եմ, որ Վարանդայից (Ֆիզուլի) Շուշի տանող թունելները կիսատ են, և դրանց նպատակը Ադրբեջանի հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, ամենայն հավանականությամբ, ճյուղավորելու են նաև դեպի արևմուտք, ՀՀ սահման՝ Նախիջևանին միանալու հեռանկարով։

Այնպես որ՝ զարմանալի չէ, և միանգամայն հավանական է, որ Քարվաճառի ուղղությամբ թունելներ կփորվեն ՀՀ սահմանի ուղղությամբ, ռազմական կամ մեկ այլ եղանակով հետագայում խնդիր կատարելու նպատակով։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը երկարատև հեռանկարում ոչ միայն թիրախային հարվածի ուղղություններ է մշակում, այլև ամենահավանական ուղղություններից մեկը հենց Քարվաճառ-Գորայք-Նախիջևան ամենակարճ տարածությամբ սահմանի ուղղությունն է, հատկապես այն պարագայում, որ Մեղրիի մայրուղով, այսպես կոչված, միջանցք բացելու, սահմանները փոփոխելու մասին Ալիևի պրովոկացիոն հայտարարություններին Իրանը միշտ շատ խիստ է արձագանքում։

-Դուք հիշատակեցիք մեր նախորդ հարցազրույցները, այո, Ձեզ հետ միասին առնվազն մեկ տարի առաջ ենք ասել, որ տարբեր ժամանակահատվածներում ադրբեջանական զորքերը Սյունիքի սահմանային հատվածներում առաջխաղացումներ են ապահովել, մասնավորապես՝ Ջերմուկի, Իշխանասարի, Սև լիճ-Խոզնավար հատվածի, Արավուսի, Ճակատենի, Ներքին Հանդի, Նռնաձորի ուղղություններում կարևոր ռազմավարական կետեր են գրավել, և, որ գնալով ամրապնդվում են հայկական օկուպացված այդ տարածքներում: Այսինքն, Սյունիքը հայտնվել է աքցանի մեջ, և Ալիևը, որը խոսում է «Զանգեզուրի միջանցքից», երկարաժամկետ հեռանկարում ավելի մաքսիմալիստական պլաններ ունի:

 Ալիևը չի էլ թաքցնում իր մինիմալիստական կամ մաքսիմալիստական պլանները: Վերջին օրինակը՝ մեկ շաբաթ առաջ Ալիևն ասուլիսի ընթացքում ասաց, որ եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը ճիշտ կհամարի։ Ժամանակ առ ժամանակ նույն բովանդակությամբ սպառնալիքներ և պայմաններ են հնչում նաև, այսպես կոչված, «միջանցքը» ստանալու ուղղությամբ, ես Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած տասնյակ նման սպառնալիքներ եմ հիշում։ Եվ այդ սպառնալիքներն ու սադրիչ հայտարարությունները լոկ խոսքեր չեն, դա արդեն Ադրբեջանի ծրագրերի, նպատակների իրագործման լեգիտիմ հիմքեր ստեղծելու մի ամբողջական պլան է։ Մենք մի բան պետք է գիտակցենք, որ ադրբեջանցիներն ու թուրքերը շարունակական ձևով էսկալացիա ստեղծելու նպատակներ ունեն։ Նույնիսկ Փաշինյանն է իր խոսքում նշել՝ կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց մեկ շաբաթ հետո ստանալ նոր պատերազմ կամ էսկալացիա, մյուս կողմից՝ նշում է, թե Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից, և այլն։

Հարց՝ այդ դեպքում դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում այդ ուղղությամբ։ Ըստ իս՝ ադրբեջանցիների կողմից երկարաժամկետ հեռանկարներում ոչ միայն Արցախի հայաթափման, Արցախն իրենցով անելու խնդիր է դրված, այլև ավելի շատ Սյունիքը պարալիզացնելու, իր ազդեցության գոտիով Նախիջևանը Ադրբեջանին կապելու խնդիր է դրված։ Իսկ բանավոր պայմանավորվածությամբ կամ բանակցային մեկ այլ եղանակով այդ խնդիրներին չեն հասնի, ավելի հավանական տարբերակը ռազմական գործողությունների միջոցով հարցը լուծելու մաքսիմալիստական նպատակ է դրված։ Աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների դեպքում նման իրավիճակ առավել քան հավանական է։ Դրա համար երկիրը պետք է շատ արագ ռազմական ռելսերի վրա դրվի՝ հավանական սպառնալիքներին դիմագրավելու համար:

– Այսինքն՝ Սյունիք-Նախիջևան թուրք-ադրբեջանական հեռանկարներն Արցախի խնդրի հետ զուգահեռ՝ առաջին պլանում է:

– Միանշանակ, այո, այդ խնդիրները, և ընդհանրապես, այս տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած զարգացում փոխկապակցված են։ Ադրբեջանական կողմն իր համար խնդիրների լուծման մեծ ֆրոնտ է բացել: Այսօր հիմնական զարգացումները ծավալված են Լաչինի միջանցքի փակման և դրա դիմաց հայկական կողմից նոր զիջումներ կորզելու ուղղությամբ, վաղը կարող է դա տեղի ունենալ, օրինակ, անկլավների հարցի շուրջ սակարկություններով: Սակայն Ադրբեջանի համար հեռանկարային նպատակը ու պլան մաքսիմումը միշտ մնալու է Սյունիքի հարցն իր ուզած ձևով լուծելը, դրա համար նրանք ամեն օր զինվում են, զորավարժություններ անցկացնում, աշխատում դիվանագիտական ճակատում՝ սպասելով հարմար գեոպոլիտիկ շրջադարձի։ Իսկ մենք դոփում ենք տեղում, և ժամանակը, անկասկած, մեր օգտին չի աշխատում։

Ադրբեջանը պատերազմից հետո փայլուն ճանապարհներ է կառուցել ոչ միայն Սյունիքի՝ Գորիս, Կապան, այլև Վարդենիսի, Ջերմուկի հատվածում՝ ՀՀ սուվերեն տարածքներում: Ինչպե՞ս ենք սրան կարողանալու հակազդել, երբ բավականին ժամանակ ենք կորցրել, հիմա էլ ինտենսիվ չենք աշխատում:

– Մեխանիզմը պարզ է՝ պետք է ինտենսիվորեն զինվել և առաջնագծում աշխատանքներ տանել։ Այլ տարբերակ չկա։ Եթե այդ ուղղությամբ աշխատանքներ չտարվեն, ընդ որում՝ շատ կարճ ժամանակամիջոցում, ապա անընդհատ մարդկային և տարածքային կորուստներ ենք ունենալու։

Արդյոք պատրաստվո՞ւմ ենք գալիք փորձություններին, հարցս հռետորական է, իսկ պատասխանն էլ շատերի համար պարզ։ Քանի դեռ այս իշխանությունները կան, նոր վտանգների ու կորուստների ռիսկը մեծ է, քանի որ իրենք երկրի անվտանգային խնդիրների վերաբերյալ ունեն շատ մակերեսային պատկերացումներ։ Քանի դեռ իշխանական վերին էշելոնների մակարդակով «ոչինչ չենք կարող անել» մակարդակի թեզերն են գեներացվում, ինչ-որ պրոցեսների շուրջ լավատեսական հույսեր ունենալն անշնորհակալ և ոչ տրամաբանական գործ կլինի։

Տեսանյութեր

Լրահոս