ԵԽ բանաձևը քաղաքավարության դրսևորում է, այն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի ունենալու. Լարիսա Ալավերդյան

Հակառակ հումանիտար ճգնաժամը դատապարտող կոչերի, բանաձևերի ու հայտարարությունների՝ 43-րդ օրն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է:

Փորձագիտական տարբեր շրջանակներ, թեև կարևորում են ապաշրջափակմանն ուղղված հերթական միջազգային արձագանքը՝ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը, այդուահանդերձ, կարծում են, որ դա ևս որևէ ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա:

Նկատենք՝ բանաձևը ենթադրում է ԵԽ-ի կողմից շուրջ 11 քայլ, այդ թվում՝ Ադրբեջանին կոչ է անում հարգել և կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը, ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, Ադրբեջանին կոչ է անում ապագայում զերծ մնալ տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցական կապերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաթարելուց, կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Ուշադրության է արժանի հատկապես այն, որ ԵԽ-ն հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց մեջ է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

Կարդացեք նաև

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ԵԽ բանաձևը համարում է բացառապես քաղաքավարության դրսևորում և դրանից մեծ ակնկալիքներ չունի:

«Այսօր չէ, որ իրենք հասկացել են՝ ինչ է տեղի ունենում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ: Բայց այն, ինչ նրանք ասում են, քաղաքավարության դրսևորում է, ինչը ես ողջունում եմ, քանի որ ինչը մինչ այսօր չի ասվել, այսօր ասվում է: Սակայն համոզված եմ՝ այս բանաձևն Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի ունենալու, եթե ԵՄ կողմից Ադրբեջանի վրա չկա մեզ համար անհայտ այլ ճնշման ձևեր, կամ մեզ համար հայտնի՝ սանկցիաների կիրառումը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը նկատեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վրդովված է Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի կեցվածքից՝ շեշտելով, որ ցայսօր, բացի քաղաքավարության և բարեկրթության դրսևորումներից, այլ բանի ականատես չենք լինում:

«Ողջունում եմ որոշ շեշտադրումների փոփոխությունը, բայց շատ մեծ բան չեմ սպասում»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս