Մենք արդեն ականատես ենք վեկտորի փոփոխման գործընթացին. Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսում ստրատեգիական նոր շեշտադրումներ չի նկատել:

«Որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, և ոչ միայն՝ որպես անվտանգության երաշխավոր, կարծում եմ՝ նորություն չէ: ՀՀ իշխանությունները լավագույն դեպքում փող են տալիս Արցախի բնակչությանը և կառավարման ապարատին, որպեսզի գոյատևեն, սակայն դա այնպիսի մուննաթով ու պաթոսով է ասվում, որ ցույց տան, թե կարող ենք և չտալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը՝ արձանագրելով, որ ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցով ընտրված ճանապարհը կործանարար է և համահունչ է Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց հետևում կանգնած գեոքաղաքական կենտրոնների ծրագրերի հետ:

Բերձորի շրջափակումը, ըստ Վիգեն Հակոբյանի, հայաստանյան իշխանությունների համար դիսկոմֆորտ է առաջացրել, քանի որ, հաշվի առնելով «Նիկոլ Փաշինյանի խաղաոճը», պետք է փորձի մեղավորներ գտնել:

«Տվյալ պարագայում միակ մեղավորը դարձավ ռուս խաղաղապահը՝ մատնանշելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Դա էժանագին մանիպուլյացիա է, որն ուղղված է իր ընտրազանգվածին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ իր խնդիրը հանրության այդ հատվածը պահպանելն է. «ծիգրովկա» հագած կանանց և տարօրինակ հայացքով տղամարդկանց մեսիջներ է ուղարկում, և ինչ էլ ասի, նրանք ընկալելու են հալած յուղի պես,- նշեց քաղտեխնոլոգը՝ պարզաբանելով, թե ինչու է Փաշինյանի մոտեցումը համարում մանիպուլյացիա,- Ինքն ասում է՝ ռուսներն են մեղավոր, բայց եթե մի կողմ թողնենք այն, որ 120 հազար արցախահայերը ՀՀ քաղաքացիներ են, և ՀՀ իշխանություններն ու նրա ղեկավարը, ըստ Սահմանադրության, պարտավոր են պաշտպանել նրանց իրավունքները, նաև՝ եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությունը կա։ Այսինքն՝ երաշխավորներից մեկն ինքն է»:

Կարդացեք նաև

Եթե Արցախի առնչությամբ ասուլիսում հնչած մտքերի մեջ Վիգեն Հակոբյանը նորություն չէր տեսել, ապա հակառուսական հայտարարությունների դեպքում, ըստ փորձագետի՝ Փաշինյանը ևս մեկ կարմիր գիծ է հատել:

«Սա օվերտոնի պատուհանի մեծ բացման արձանագրում է։ Այսինքն՝ առաջին անգամ ՀՀ այսօրվա իշխանություն կոչեցյալը և նրա լիդերը ուղղակիորեն հայտարարեցին, որ ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ մեր անվտանգությանը ոչ թե օգուտ է, այլ՝ վնաս»,- նկատեց նա:

Հիշեցնենք՝ իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Բոլորս գիտենք, որ, բնականաբար, աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից՝ նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում:

Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար, և մենք այս փաստերից, բնականաբար, հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այս փաստերը»:

Հարցին՝ արդյոք նման հայտարարությունները կարո՞ղ ենք համարել ՀՀ արտաքին վեկտորի հնարավոր փոփոխությանն ուղղված քայլեր,Վիգեն Հակոբյանը պատասխանեց.

«Մենք արդեն ականատես ենք վեկտորի փոփոխման գործընթացին»:

Այս համատեքստում խոսելով ՌԴ պաշտոնական արձագանքների մասին՝ վերլուծաբանը նկատեց, որ դրանք բավականին կոշտ էին, նաև չբացառեց անվտանգային և տնտեսական ասպեկտների վրա ռուսական «արձագանքի» հետևանքները:

Արցախում հանգստյան օրերին հրաժարականների մասին շրջանառվող տեղեկություններին անդրադառնալով՝ քաղտեխնոլոգը մանրամասնեց.

«Արցախում հիմա կա իշխանության երկրորդ ռեալ բևեռը՝ ի դեմս պետնախարարի և նրա թիմի, որը հայտարարում է, որ իրենք պետք է պայքարեն, որ բացառվում է՝ այս շրջափակումների, շանտաժի ճանապահով Արցախը հայաթափվի: Իրենք հասկանում են, որ Ադրբեջանն էթնիկ զտումների քաղաքականություն է վարում:

Հիշում եք՝ նույն Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո հայտարարեց, որ «պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա», ինչը բավականին կոշտ հարված էր ՀՀ իշխանություններին, որովհետև մինչև հիմա Արցախից ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նման գնահատական չէր տրվել. այնտեղ մինչև հիմա միշտ փորձում էին հարմարվել»:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ հենց այս պատճառով ինչ-ինչ նախաձեռնություններով փորձեցին Արցախի իշխանությունում վերացնել անվերահսկելի հոսանքը, ինչը խանգարում է Ադրբեջան-ՀՀ իշխանություն-Թուրքիա և գուցե՝ ՌԴ որոշ հոսանքների կուրսին:

«Հիմա Արցախում դիմադրության օջախ է բացվել Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ»,- նկատեց վերլուծաբանը:

Նա Արցախից հնչող հավանական հրաժարականների մասին տեղեկությունների հիմք համարեց ասուլիսում Փաշինյանի մեսիջ-«հանձնարարական»-ը, թե Արցախի իշխանությունները պետք է խուսափեն իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից և ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ:

Իրավիճակից ելքերը Վիգեն Հակոբյանը տեսնում է դիմադրության ու պայքարի մեջ՝ վստահեցնելով.

«Ներքին դիմադրության օջախների դեպքում՝ կլինեն արտաքին լուրջ ուժեր, որոնց շահերն ուղղակիորեն համընկնելու են դրա հետ»:

Տեսանյութեր

Լրահոս