Պետության դիրքորոշումն, ակնհայտ է, մինիմալիզացված է. Սուրեն Սարգսյան
«Միջազգային հանրությունն արձագանքում է այն պարագայում, երբ ազգային կամ պետական իշխանությունները խնդիրների մասին բարձրաձայնում են, ներկայացնում են իրենց դիրքորոշումը։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններն այս առիթով առանձնապես ակտիվ չեն. մեծ հաշվով, պատասխանատվությունը մեծ մասամբ «գցում են» ռուսների վրա»,- «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանն անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Միջազգայնագետն արձանագրեց՝ այս առնչությամբ հնչող հայտարարությունները առանձին գործիչների, լոբբիստական կառույցների աշխատանքի արդյունքն են: Ըստ նրա՝ պետության դիրքորոշումը մինիմալիզացված է:
Սուրեն Սարգսյանը նկատեց՝ պետության նման կեցվածքը միջազգային հարթակներում ընկալվում է՝ որպես մեսիջ. ասում են՝ եթե ձեզ համար կարևոր չէ, մեզ համար էլ կարևոր չէ. չենք կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ ավելի հայ լինել։
Նա հավելեց՝ Հայաստանի դեսպանները, երբ հանդիպում են դեսպանընկալ պետության իշխանությունների հետ, նրանց հարց են տալիս՝ ինչպե՞ս կարող ենք ձեզ օգնել, օգտակար լինել, պատասխանում են՝ օգնեք, որ խաղաղության դարաշրջան բացենք։
«Այսինքն՝ խոսքը ոչ թե Արցախին օգնելու, ուղիղ ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին է. Երբ խոսք է լինում Հայաստանի, Արցախի անվտանգության հարցերի մասին, մեր դիվանագետներն ասում են՝ մեր առաջնահերթությունը խաղաղության դարաշրջանի բացումն է։
Այստեղ զարմանալու բան չկա. մեսիջները Երևանից են գնում։ Կարծում եմ, սա ամենամեծ խնդիրն է, որը սպառնում է մեր անվտանգությանը։ Եվ նման պարագայում, ակնհայտ է, որ առաջնահերթ չեն կարող լինել Արցախը, Ցեղասպանության ճանաչումը (դա ընդհանրապես դուրս է եկել մեր արտաքին քաղաքական օրակարգից, շատ երկրներում մեր դեսպանները չեն մասնակցում Ցեղասպանության, Արցախի վերաբերյալ միջոցառումներին, որոնք կազմակերպվում են համայնքի կողմից): Մինչև 2018 թ. ես չեմ հիշում դեպք, որ Արցախի, Ցեղասպանության վերաբերյալ միջոցառում, քննարկում կազմակերպվեր, դեսպանին հրավիրեին, չգնար։ Այսինքն՝ արտաքին քաղաքական օրակարգը փոխվել է, և պտտվում է ընդամենը մի գաղափարի շուրջ՝ այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացման, ինչը միակողմանի է»,- ասաց միջազգայնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում