«10 մլն հայի լուռ համաձայնությամբ 120 հազար հայ գերի է Արցախում». Հակոբ Հակոբյան
«24 օր շարունակ Արցախ դադարել է մուտք գործել բացարձակ որևէ տեսակի սննդամթերք, վառելիք, տնտեսական ապրանքներ, ընդհանուր բլոկադայի մեջ ենք: 24 օրվա ընթացքում Արցախում եղած պահուստային մասերը սպառվում են, խանութները գրեթե դատարկ են: Այս երևույթը գնալով ահագնանում և դառնում է շատ ավելի վտանգավոր, քան սկզբի օրերին մենք մտածում էինք: Արցախում իրադրությունը գնալով էլ ավելի սրվելու է, եթե որևէ գործուն քայլեր չձեռնարկվեն և չդադարեցվի այս հանցագործությունը, որն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 21-րդ դարում բոլորի աչքի առաջ իրականացնում է: Փաստացի, այսօր 120 հազար ՀՀ քաղաքացի, որոնք ունեն ՀՀ անձնագիր, գտնվում են գերության մեջ: Աշխարհը լուռ է: Եթե նույնիսկ ընդունենք, որ Արցախի Հանրապետությունը չճանաչված պետություն է, այնուամենայնիվ, ցանկացած երկրի քաղաքացի ունի ապրելու իրավունք, և այսօր կարծես թե վտանգված է այդ քաղաքացիների ապրելու իրավունքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
«Արցախցին պատրաստ է դիմանալ այս արհավիրքին, և դեռևս չունենք այդ անկումային տրամադրությունները: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ գալու է մի պահ, երբ մենք դիմանալու հետ կապված խնդիրներ ունենանք»,- շեշտեց նա:
Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է այս կերպ ավարտին հասցնել 2020թ. սանձազերծած պատերազմը. «Արցախի իշխանությունների առջև մեծ և դժվար լուծելի հարցեր կան դրված, պետք է այդ հարցերին լուծում տան, նրանց գերխնդիրը դա է, ոչ թե եղած սնունդը այնպես բաժանել մարդկանց, որ որքան հնարավոր է՝ երկար բավարարի: Արցախի իշխանություններն այսօր պետք է իրենց դրսևորեն իրական իշխանության նման: Նրանք, առաջին հերթին, իրենց պահանջները պետք է առաջադրեն ՀՀ իշխանություններին: Որքան էլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ այսօր ՀՀ-ն չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավորը, դա սոսկ նրա և նրա խմբակիցների կարծիքն է: Արցախի միակ, հիմնարար երաշխավորը ՀՀ-ն է:
Արցախի հարցը ոչ թե այստեղ բնակվող 120 հազար անձի, այլ 10 մլն հայի խնդիր է: Արցախը, որը 30 տարի շարունակ հանդիսացել է մեր հպարտությունը, այժմ ՀՀ իշխանությունների վարած ապիկար և անհեռանկար քաղաքականության շնորհիվ հայտնվել է մի իրավիճակում, որ կարող ենք այն կորցնել: Արցախի իշխանությունները պետք է այս հարցը բարձրացնեն և իրենց պահանջը դնեն ՀՀ իշխանությունների դիմաց: Եթե ՀՀ իշխանությունները չեն կարողանում այդ հարցը լուծել, թող իրենց տեղը զիջեն կարող ուժերի, որ նրանք կարողանան այդ հարցը լուծել»:
Նա ընդգծեց. «Այսօր 10 մլն հայի լուռ համաձայնությամբ 120 հազար հայ գերի է Արցախում: Այսօր ՀՀ իշխանությունները համակ ուշադրությամբ հետևում են, թե ինչ է լինելու այդ շրջափակման մեջ գտնվող անձանց հետ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում