Նիկոլ Փաշինյանի հրաժեշտի ելույթը

20-րդ օրն է՝ Արցախը գտնվում է քաղաքական ճգնաժամի պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում։

Հումանիտար ճգնաժամը ստեղծել է Ադրբեջանը, ռուս խաղաղապահները կամ չեն կարողանում, կամ դեռևս չեն ցանկանում լուծել այն, բայց ահա ստեղծված իրավիճակի խորքային պատճառը քաղաքական ճգնաժամն է, որն առաջացել է նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ Հայաստանի իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության, ամբողջությամբ ձախողած դիվանագիտության, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ էժանագին առևտրի ու մանր խորամանկությունների պատճառով։

Ահա այս պայմաններում, Հայաստանը եթե ունենար իշխանություն, կամ եթե եղածը լիներ նորմալ իշխանություն, այն ընդամենը մեկ անելիք պետք է ունենար՝ 24-ժամյա ռեժիմով աշխատել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, դադարել զբաղվել որևէ այլ երկրորդական անելիքով, բացի 120 հազար արցախահայերի կյանքին սպառնացող խնդրի լուծումից։

Բայց քանի որ Հայաստանի իշխանությունն իշխանություն է ոչ թե բովանդակությամբ, այլ ձևով, այսինքն՝ իշխանություն չէ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը բավարար է համարում Արցախին աջակցելու հարցերով ինչ-որ ձևական օպերատիվ շտաբ ստեղծելը, անդեմ մեկին դրա ղեկավար կարգելը, որից հետո իրեն թույլ է տալիս անցնել խրախճանքի։

Կարդացեք նաև

Նա նախագահական նստավայրում հավաքել է իշխանության բոլոր ներկայացուցիչներին ու էժան հանդիսատեսի առաջ մի ելույթ է ունեցել ու հայտարարել, թե ունեցել ենք դժվարություններ, սխալներ, բայց ձախողում ոչ մի համակարգում չի եղել։

15 րոպեանոց այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է ամեն ինչի մասին (դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, գլխավոր դատախազի սեռի մասին և այլն), բայց մի նախադասություն անգամ չի արտաբերել Լաչինի միջանցքի փակման, մեր հայրենակիցների շրջափակման մասին։

Նրա երկարաշունչ ելույթը բացառիկ է իր ցինիզմով և հակահայկականությամբ։

Նախ՝ բառ անգամ չարտասանելով Արցախի մասին, նա ուղերձ է հղում բոլորին, բայց առաջին հերթին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որ Արցախն այլևս հայկական շահերի, հայկական պետականության պաշտպանության տիրույթում չէ։

Չխոսելով Արցախի մասին՝ նա անուղղակիորեն Ալիևին փոխանցում է՝ կարող ես փակ պահել միջանցքն այնքան, որքան սիրտդ կուզենա։

Բայց ցինիզմը միայն այդ անտարբերությամբ չի սահմանափակվում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետական կառավարման համակարգն ունեցել է սխալներ, բայց ձախողում ոչ մի համակարգում չի եղել։

Նա կա՛մ անտեղյակ է, որ բանակն ու արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի անբաժանելի ու առանցքային բաղկացուցիչներն են, կա՛մ տեղյակ է, բայց իրեն պահում է այնպիսի առանձնյակի նման, որոնց իրավունքների պաշտպանությամբ կարող են զբաղվել ադրբեջանցի «էկոակտիվիստները»։

Ընդամենը 3 ամիս առաջ՝ սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան 250 հայ զինծառայող, թշնամու վերահսկողության տակ են անցել ռազմավարական նշանակության բարձունքներ, այսինքն՝ բանակը, որ պետական կառավարման համակարգի մաս է, ձախողել է իր պարտականությունների կատարումը, բայց ահա այդ բանակին պարգևավճար բաժանածն իրեն թույլ է տալիս ասել, որ առավելագույնը «սխալվել են», բայց չեն ձախողել։

Ինչ վերաբերում է կրկին պետական կառավարման համակարգի մաս կազմող արտաքին քաղաքական գերատեսչությանը, ապա այն կատարելապես ձախողել է իր առաքելությունը, կարողացել է Հայաստանը թշնամացնել անգամ դաշնակիցների հետ, աշխարհում որևէ նոր իրական դաշնակից ձեռք չի բերել և, ի վերջո, տապալել է բանակցային գործընթացն այնպես, որ հնարավոր է դարձել Լաչինի միջանցքի փակումը։

Եվ ահա այդ արտաքին քաղաքականությունը մշակողն ու իրականացնողը հայտարարում է, թե «ձախողում ոչ մի համակարգում չի եղել»։

Իրականությունն այն է, որ անցնող 2022 թվականին, նաև նախորդող տարիներին Հայաստանում ոչ միայն առանձին համակարգերում են ձախողումներ արձանագրվել, այլև լայն իմաստով ձախողվել է Հայաստանի պետությունն ու պետականությունը։

Նիկոլ Փաշինյանի այդ ելույթն իրականում հրաժեշտի ելույթ էր, չնայած նա տարեմուտի ելույթ է ունենալու նաև այս գիշեր։

Իսկ այդ ելույթով Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ էր տալիս Արցախին, 2 տարի առաջ զոհված 4000-ից ավելի և ընդամենը 3 ամիս առաջ զոհված ավելի քան 250 զինվորների հիշատակին, Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ էր տալիս այն իրականությանը, որում ապրում են այսօր Արցախն ու Հայաստանը, և որը չի երևում նախագահական պալատների ու զրահապատ մեքենաների պատուհաններից։

Որևէ սկզբունքի ու որևէ հավատամքի չդավանող Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ առաջնորդվում է մի սկզբունքով՝ պատրաստ է հրաժեշտ տալ ամենայնին, բացի իշխանությունից։

Նա այդպիսով հերթական անգամ հաստատում է, որ հայ հասարակությունը, Արցախն ու Հայաստանն իրենց հերթին կարող են հրաժեշտ տալ ամենայնին, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ չտա իշխանությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս