Միայն փուչիկի պես փչվող աճերն են տեսնում
Չնայած հնչող կոչերին, Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Հետևանքներն արդեն տեղափոխվել են նաև տնտեսության մեջ։ Առանձին արտադրություններ փակվել են կամ հայտնվել են փակման եզրին, ինչն էլ ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը։
Որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այնքան ազդեցություններն ավելի կմեծանան և ոչ միայն՝ Արցախի, այլև՝ Հայաստանի տնտեսության վրա։
Մինչ այդ արդեն Հայաստանի տնտեսության մեջ մտահոգիչ երևույթներ են նկատվում։ Երկրորդ ամիսն անընդմեջ ավելի ցածր ակտիվություն է արձանագրվում։ Այդպես եղավ նախ՝ հոկտեմբերին, ապա նաև՝ նոյեմբերին։
Հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, արձանագրվեց տնտեսական ակտիվության անկում. տնտեսական ակտիվությունը 2 տոկոսով ցածր էր, քան սեպտեմբերին։
Նոյեմբերին անկումն ավելի խորացավ։ Անկման տեմպը կրկնակի ավելին էր, քան հոկտեմբերին։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ակտիվությունը նվազել է 4 տոկոսով։ Դրա վրա ազդել են գերազանցապես ծառայություններն ու արտաքին առևտուրը, որոնք դարձել են այս տարվա Հայաստանի բարձր տնտեսական աճի հիմնական գործոնները։ Երկու դեպքում էլ անկում է գրանցվել։ Ծառայությունների ծավալը նախորդ ամսվա համեմատ նվազել է՝ 4,2, արտաքին առևտրինը՝ 2 տոկոսով։
Մեծապես կրճատվել է հատկապես արտահանումը` մեկ ամսվա ընթացքում` 8,4 տոկոսով։
Չնայած տնտեսության մյուս հատվածներում աճը պահպանվել է, այնուհանդերձ գրանցվել է տնտեսական ակտիվության նվազում։
Նոյեմբերին տնտեսության ակտիվությունն ավելի ցածր է եղել ոչ միայն հոկտեմբերից, այլև սեպտեմբերից։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարարը դեռ անցած ամիս շտապեց հայտարարել, որ սեպտեմբերյան շոկից հետո տնտեսությունը հասցրեց արագ վերականգնվել։
Եթե սա է տնտեսության վերականգնումը, ապա ո՞րն է անկումը։
Թե ինչո՞ւ է հիմա իրավիճակը այսպիսին, կրկին պետք է փնտրել արտաքին գործոնների մեջ, որոնք դարձել են այս տարվա տնտեսական աճի հիմնական շարժառիթը։
Ի տարբերություն տնտեսության մյուս հատվածների, արդյունաբերության մեջ նոյեմբերին անկում է գրանցվել նաև նախորդ տարվա նկատմամբ։ Արտադրության ծավալներն անցած նոյեմբերի համեմատ նվազել են 2,3 տոկոսով։
Իսկ այն, որ տարվա կտրվածքով տնտեսությունը պահպանում է բարձր ակտիվությունը, շատ քիչ է տնտեսության բարվոք վիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար։ Տնտեսական ակտիվությունն ու աճը նստած են հիմնականում ծառայությունների ու առևտրի վրա։
Ծառայությունների աճը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կազմել է՝ գրեթե 31, ներքին առևտրինը՝ ավելի քան 22 տոկոս։ Ռեկորդակիրը, իհարկե, արտաքին առևտուրն է, որտեղ նոյեմբերին շրջանառությունների 75 տոկոսին մոտ աճ է գրանցվել, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ Արտահանումը գրեթե կրկնապատկվել է։
Արդյունաբերական ապրանքների արտադրությունն այդ ամսին նվազել է, մինչդեռ՝ արտահանումը կրկնապատկվել է։ 587 մլն դոլարի ապրանք է գնացել Հայաստանից։
Նոյեմբերին արտահանումը հոկտեմբերի համեմատ 54 միլիոնով քիչ է եղել, բայց նույնիսկ այդ պարագայում կրկնակի ավելի է եղել նախորդ տարվանից։
Իհարկե, դրանում կա նաև դոլարի էժանացման ազդեցությունը։ Սակայն, եթե անգամ այդ հանգամանքը հաշվի առնենք, միևնույն է, արտահանման ահռելի աճեր են արձանագրվել։
Աճեր, որոնք կապված են առաջին հերթին՝ հայտնի վերարտահանումների հետ։ Կա նաև ներքին տնտեսության դերը, բայց այդ դերն անհամեմատ ավելի փոքր է։ Ու եթե չլինեին վերարտահանումները, հիմա արտաքին առևտրի ոլորտում շատ ավելի համեստ պատկեր կունենայինք։ Նաև ներմուծման պարագայում, որը պակաս ռեկորդներ չի գրանցում։
Նոյեմբերին ներմուծումը գերազանցել է 981 մլն դոլարը. գրեթե 64 տոկոսով ավելին է եղել, քան անցած տարի։
Ներքին սպառողական, մասնավորապես՝ մանրածախ շուկայում առկա ոչ բարձր ակտիվության պայմաններում, սա էլ վերարտահանումների ուղղակի արդյունք է։ Բայց դա չէ, որ այսօր կարևոր է մեր տնտեսության համար։
Ներմուծում-արտահանումներով ժամանակավոր աճեր կունենանք, ինչպես այս տարի, սակայն դրանից մեր տնտեսությունը չի շահի, չի փոխվի նաև տնտեսության որակը։ Պաշտոնական վիճակագրության ցուցանիշները վկայում են, որ տնտեսական արձանագրվող աճերը հիմնականում կապված են ծառայությունների ու առևտրի հետ։ Երկուսն էլ պայմանավորված են գերազանցապես արտաքին ժամանակավոր գործոններով։
Բայց միայն դրանք չէ, որ արտաքին գործոնների արդյունք են։ Արտաքին գործոնների հետ են կապված նաև աշխատատեղերի ավելացումն ու աշխատավարձերի այն բարձրացումները, որոնցով այդքան պարծենում են իշխանությունները։
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանում է հանգրվանել շուրջ 55 հազար ՌԴ քաղաքացի։ Նրանց մի մասն այստեղ է եկել իր աշխատատեղով ու բիզնեսով հանդերձ։ Դա էլ հանգեցրել է գրանցված աշխատողների թվի ավելացման։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք շատ ավելի բարձր վարձատրվող աշխատողներ են՝ արհեստականորեն ավելացել է նաև մեր երկրում վճարվող միջին աշխատավարձը։ Չնայած այդ նույն ժամանակ մեր տնտեսության շատ հատվածներում ունենք աշխատավարձերի տխուր պատկեր։
Միջին աշխատավարձերի 18-20 տոկոսանոց աճերից են խոսում ու դրա հիման վրա հետևություններ անում, որ աշխատող քաղաքացիները սկսել են ավելի լավ ապրել, որովհետև միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճը։ Բայց թաքցնում են, որ, ասենք, կրթության ոլորտում, որտեղ 130 հազարից ավելի մարդ է աշխատում, միջին աշխատավարձի ավելացումը կազմել է ընդամենը 4-5 տոկոս։ Կրկնակի ավելի քիչ, քան գնաճը։ Սննդամթերքի կամ այլ առաջնային ապրանքների գնաճի մասին չենք խոսում։
Կրթությունը միակ ոլորտը չէ, որտեղ աշխատավարձերի աճի պատկերը այդպիսին է։ Նույնն է նաև մշակույթի ոլորտում, սոցիալական հատվածում, առողջապահության մեջ, որտեղ ևս տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում, ու որոնց աշխատավարձերի աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան միջինացված գնաճը։
Միայն փուչիկի պես փչվող տնտեսական աճերն ու արձանագրվող ցուցանիշներն են նկատում։ Իսկ թե իրականում ինչ կա դրանց հետևում, խնամքով թաքցնում են։ Բայց դրանք, միևնույն է, մի օր դուրս են գալու ջրի երես։
Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը էլ ավելի խոցելի է դարձնում մեր տնտեսությունը։ Անվտանգային միջավայրից բխող ռիսկերը շարունակում են ավելանալ, ինչի հետևանքները կերևան հետագայում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ