Ազգը պետք է կեղծիքից հեռու մնա, զինվի ճշմարտությամբ. անվտանգության միակ երաշխավորը հայ զինվորն է. զինվորների տոնական մաղթանքը

Դեկտեմբերի 12-ից Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի մարդասիրական միջանցքը դեռ փակ է։ Այս օրերին արդիական է հարցը՝ ով է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգության երսշխավորը, հատկապես, երբ Ադրբեջանը, Լաչինի միջանցքի փակ լինելու ֆոնին, ակտիվացրել էր պահանջները նաև հասցեագրված ՀՀ-ին:

Արդյո՞ք 44-օրյա պատերազմից դասեր քաղել ենք, ի՞նչ զինվոր ենք այսօր պատրաստում, երբ ապահովագրված չենք նոր պատերազմից…

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից օրեր առաջ Պաշտպանության  նախարարության կազմակերպած  լրագրողական այցը ՊՆ N ուսումնական  զորամասերից մեկը, թերևս, այս առումով տրամաբանական էր:

Լրագրողների այցից ժամեր առաջ Արմավիրի մարզում տեղակայված ուսումնական զորամաս էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և մասնակցել անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը:

Կարդացեք նաև

Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները հաշված օրերի ընթացքում մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ:

Լրագրողներն ավելի ուշ հնարավորություն ունեցան ծանոթանալ ուսումնական զորամասում ստեղծված պայմաններին, ուսուցման մեթոդներին, տեղեկացան, որ ուսումնական զորամասում բացվել է ադրբեջանագիտական կենտրոն, որտեղ զորակոչիկները հնարավորություն կունենան սովորել ադրբեջաներեն։

Այցի, այսպես ասած, արարողակարգային մասի վրա շեշտադրում չենք անի, որովհետև պաշտոնական հաղորդագրություններում և հաղորդումներում ամեն ինչ արդեն ասվել է:

  

Ուսումնական զորամասն իր մասնակցությունն է ունեցել 44-օրյա պատերազմին, տվել ավելի քան 10 զոհ:

2002-ին ծնված կուրսանտ Գարիկ Արայի Ստեփանյանը նրանցից մեկն էր, մասնակցել է Որոտանի (Կուբաթլու) պաշտպանական մարտերին, զոհվել է 2020-ի հոկտեմբերի 25-ին:

Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում 44-օրյա պատերազմում զոհված, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան լսարան կա:

Գնդապետը 2015-2017թթ․ եղել է ՀՀ ՊՆ այս զորամասի հրամանատարը: Շրջում ես զորամասում և հիշում Ազգային հերոսի խոսքերը, որ ասում էր հենց այս վայրում:

Ռազմական մի քանի բուհում ուսանած հրամանատար Վահագն Ասատրյանը համոզված էր, որ փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է։

«Եթե ուզում ենք, որ զինվորը ենթարկվի ու հարգի հրամանատարին, այդ հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած: Դրանով դառնալու ես առաջնորդ, ստեղծելու հարգանք, թիմ, որով վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդին»,- ասում էր Վահագն Ասատրյանը:

Իսկ զինվորին բացատրում էր՝ բանակում ոչ մի բան ձևական չէ, ամեն ինչ մտածված է, եթե դու հասկանալով ես անում, ավելի շուտ ես ընկալում, այսինքն՝ եթե դու անում ես, որովհետև ասել են, չի ստացվելու:

«Առանց ամաչելու հարցրու՝ հրամանատար, որ ասում ես՝ զեկուցի, ինչի՞ համար եմ դա անում, չի՞ լինի չզեկուցեմ: Ես էլ քեզ կբացատրեմ՝ սա սրա համար է, և դու կհասկանաս»,- ասում էր ՀՀ ազգային հերոսը:

Վահագն Ասատրյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 12-ին՝ Հադրութում, 44-օրյա պատերազմին մասնակցել է՝ որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար:

Մեր թշնամին չի փոխվել, նա հային ընկալում է այնպես, ինչպես ընկալել է, ըստ այդմ՝ հայ զինվորների մեջ չպետք է փորձել այլ ընկալում ամրացնել: Մեր թշնամին դեռ մեր թշնամին է, ինչում համոզվեցինք անցնող տարվա սեպտեմբերին, ինչում համոզվում ենք ամեն օր:

Ի վերջո, թշնամու նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքն ու նրա հետ կապված մեր ընկալումն է թելադրում մեր հետագա ռազմական քայլերն ու զորքի պատրաստվածության մակարդակը:

Ուսումնական զորամասի ներկա հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը 168.amին վստահեցրեց, թե 44-օրյա պատերազմից դասեր են քաղել, այժմ կենտրոնացած են ստրատեգիական զինվոր պատրաստելու վրա և անվտանգային բարդ իրավիճակում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով իր մաղթանքում շեշտում՝ լավ է լինելու:

«Պարտադիր չի, որ ամեն մեկս ունենանք ազգը փրկելու ծրագիր, պարզապես ամեն մեկս պետք է մեր գործը կատարենք՝ որպես իսկական պրոֆեսիոնալներ: Ամեն ինչ լավ է լինելու, ու չկասկածեք, որ լավ է լինելու»,- շեշտեց գնդապետը:

Ուսումնական զորամասի կուրսանտներն անմասն չմնացին տոնական մաղթանքներից՝ խաղաղություն, հաղթանակներ:

Նրանցից մեկը՝ կրտսեր սերժանտ Ղուկասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությամբ է առաջնորդվում, 168.am-ի հետ զրույցում անվտանգային ներկա բարդ իրավիճակում խոսելով անվտանգության իր բանաձևի մասին, նշեց՝ ազգը պետք է կեղծիքից հեռու մնա, զինվի ճշմարտությամբ. մեր անվտանգության միակ երաշխավորը հայ զինվորն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս