Փաշինյանի խաղաղության գինն Արցախն է՝ Ադրբեջանի կազմում. Ալբերտ Բազեյան
Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին. այս պարզ ճշմարտության գիտակցումն էր պատճառը, որ Շուշիի ազատագրումը մեզ համար հրաշք էր թվում, մինչդեռ ներկա իշխանության ղեկավարի համար Շուշին դարձավ դժգույն ու դժբախտ, ազգային հերոս լինելը՝ անարժեք մի բան. անարժեք, որովհետև պարտված պատերազմում ազգային հերոսների կոչումներ տվեց մարդկանց, որոնց վրա հետո հարուցվեցին քրեական գործեր։
168 TV-ի եթերում, խոսելով Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին, նման դիտարկում արեց Երևանի նախկին քաղաքապետ, հասարակական գործիչ Ալբերտ Բազեյանը՝ ընդգծելով. նախկինում ունեցած բոլոր հաջողությունները Փաշինյանի իշխանությունը կորցրեց. հանձնեց թշնամուն ուզածից մի բան էլ ավելին՝ Շուշին ու Հադրութը։
«Ուստի այն վիճակը, որը հիմա ունենք, ունի պատասխանատու. այս ամենի պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատար հռչակված Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Բազեյանը՝ շարունակելով, թե ցավալիորեն տապալումներից հետո պարտված իշխանության ղեկավարը խոսում է խաղաղության մասին, ինչը, սակայն, գին ունի.
«Խաղաղության գինը Արցախն է՝ Ադրբեջանի կազմում, բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելուց է բացվում, և Արցախից հետո Ադրբեջանը գալու է Սյունիք, Երևան և Սևան»,- ասաց Բազեյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։