«Ռուսաստանը պատժելու է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանությունների համար Արցախի հարցը վերջնականապես փակված է:
«Նրանք ասում են, որ Բերձորի միջանցքի հարցը ռուս-ադրբեջանական պատասխանատվության գոտում է, իրենք էլ թող լուծեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունն իրեն հեռու է պահում դրանից: Եթե դու պաշտոնապես նման դիրքորոշում ես որդեգրում, ապա ի՞նչ իրավունք ունես ասելու՝ գիտեք, եթե չեք կարողանում՝ դիմեք ՄԱԿ: Հայաստանն Արցախի հարցում միջնո՞րդ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ո՞վ է Հայաստանը, որպես ի՞նչ է հանդես գալիս: Պետք է մի քանի բան ֆիքսել, և այս իշխանության հետ կապված հարցերն ինձ համար այդքանով պարզ են: Արձանագրում համար 1. նրանք հրաժարվել են Արցախից, դա իրենց խնդիրը չեն համարում: Արձանագրում համար 2. Հայաստանն ունի արտաքին քաղաքական վեկտոր փոխելու խնդիր: Նիկոլենք ունեն այդ խնդիրը և լուծում են այն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին դարձյալ խոսել է Արցախին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, իսկ ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, նա նորից ընդգծել է, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Ավելին, Փաշինյանը նշել է, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ապա Ռուսաստանն ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ Արցախի հարցը գործող իշխանությունների կողմից այնքանով է շահարկվում, որքան նրանց հարկավոր է՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար. «Իրենք կարող են ասել՝ գիտեք՝ ռուսներն Արցախը հանձնեցին Ադրբեջանին կամ նպաստում են Արցախի հայաթափմանը, և այդ ամենն արվում է մի պարզ պատճառով, որ մենք մտածենք՝ ռուսները, տեսեք, ինչքան վատն են, որ Արցախը հանձնում են: Բայց այն, որ ռուսների «հանձնելուց» առաջ նիկոլենք 10 անգամ հանձնել են արդեն Արցախը՝ բոլոր հնարավոր հարթակներով և ձևերով, դա ակնհայտ է: Դրա համար արձանագրում համար երկու՝ նրանք սպասարկում են Արևմուտքի օրակարգը՝ տարածաշրջանից դուրս բերելու ռուսական զորքերը, և դրա համար բոլոր մեղքերը պետք է դրվեն ռուսական խաղաղապահների և Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի վրա: Երրորդ՝ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի համար միջանցիկ, նրանց շահերը սպասարկող երկրի վերածելու քաղաքականություն է իրականացվում այս իշխանությունների կողմից»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ եթե Ռուսաստանի խնդիրն Արցախն Ադրբեջանին հանձնելը լիներ, դա կարող էր 2020թ. նոյեմբերի 9-ին անել. «Արցախում այսօր կան հայեր, որովհետև կան ռուս խաղաղապահ զորքեր այնտեղ: Ես մեծ ցավով եմ սա ասում, որ մենք մեր անվտանգային խնդիրների լուծումը գործուղել ենք Ռուսաստանին: Ռուս խաղաղապահները Արցախը հայաթափելու համար ճանապարհ չէին փակի, կարող էին շատ հանգիստ իրենց իրերը վերցնել ու հեռանալ՝ նշելով, որ իրենց բանակը հիմա իրենց է պետք»:
Նա ընդգծեց՝ Ռուսաստանի երեսին թքում են մեր տարածաշրջանում. «Ռուսաստանի երեսին թքում են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը: Ադրբեջանն ու Թուրքիան թքում են Ռուսաստանի երեսին, Հայաստանը փոխանակ օգտվի այդ իրավիճակից, ինչ-որ բան անի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Ռուսաստանը պատժի նրանց, ճիշտ հակառակն է անում՝ ինքն էլ այս կողմից է սկսում թքել Ռուսաստանի երեսին: Եթե դուք լինեք Ռուսաստանի ղեկավարը և վաղը հնարավորություն ունենաք պատժելու, մի՞թե հավասարաչափ չեք պատժելու և՛ նրանց, և՛ նրանց՝ այդ նույն վարքագծի համար: Այո, այնտեղ խաղաղապահների երեսին են թքում, բայց Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստին է թքում: Այս իշխանությունների վարքագծի պատճառով հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ այլևս գոյություն չունեն, դա պատմություն է: Դե յուրե դա չի չեղարկվել, բայց փաստացի դրանք այլևս չկան. Ռուսաստանն այլևս Հայաստանի դաշնակիցը չէ, Հայաստանն էլ առավել ևս Ռուսաստանի դաշնակիցը չէ, եթե չասենք՝ մրցակիցը, կամ արդեն՝ հակառակորդը»:
Քաղաքագետը նկատեց՝ Ռուսաստանն այլևս Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում դիվանագիտական մեթոդներով չի գործելու, դրա հնարավորություններն էլ են ավարտվել. «Պետք է սպասել ուղիղ ճնշումների՝ բոլոր ոլորտներում. և՛ տնտեսական ճնշումներ, և՛ ռազմական, ընդ որում՝ և՛ մեզ, և՛ Ադրբեջանին ուղղված: Այն պահից, երբ Ռուսաստանը կարողանա իր խնդիրները լուծել Ուկրաինայում, իսկ ես համոզված եմ, որ լուծելու են, Ռուսաստանն այլևս չի նստելու Ալիևի և Փաշինյանի հետ դիվանագիտական լուծումներ փնտրի, լինելու են ուղիղ պարտադրման մեխանիզմներ»:
Նա շեշտեց՝ Ադրբեջանի արտգործնախարարն ասում է, որ Ադրբեջանը չի ընդունում Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է ապագայում լուծվի, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը մինչ այս պահն այդ հարցն իր օրակարգում պահում է. «Սա Հայաստանի համար փրկության օղակ է: Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը չի կիսում այդ մոտեցումը: Դե հիմա ասեք՝ այսքանից հետո կարելի՞ է խոսել Ադրբեջան-Ռուսաստան լավ հարաբերությունների մասին: Կամ Ալիևի ուղիղ սպառնալիքները՝ ուղղված Իրանին և Ռուսաստանին, խոսո՞ւմ են Ադրբեջանի և Ռուսաստանի լավ հարաբերությունների մասին: Բայց մեր իշխանություններն այնքան են սպասարկում թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը, որ նույնիսկ Ռուսաստանի հետ թշնամանալու հարցում կարողանում են ավելի առաջ անցնել, քան Թուրքիան և Ադրբեջանը»:
Հարցին՝ տրամաբանությունը ո՞րն է, եթե չլինի Հայաստանի Հանրապետություն, իրենք որտե՞ղ են իշխանություն լինելու, նա պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ չի լինելու Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չի սպառնում, եթե, իհարկե, Ռուսաստանը չանցնի խնդիրներն այդ ճանապարհով լուծելու մարտավարությանը»:
Խնդրեցինք՝ ավելի պարզ խոսել:
«Շատ պարզ եմ ասում՝ Հայաստանի անկախությանն այս պահին ոչինչ չի սպառնում»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ Թուրքիան և Ադրբեջանը չե՞ն սպառնում Հայաստանի անկախությանը, նա պատասխանեց. «Թուրքիան և Ադրբեջանը չեն սպառնում, նրանք ուզում են ունենալ հնազանդ Հայաստանի Հանրապետություն: Միակ խնդիրն այս պահին որ դրված է՝ միջանցքը բացելու խնդիրն է: Տարածքներ չեն գրավելու, որովհետև այնտեղ կա Իրանի, Ռուսաստանի գործոն, Արևմուտքի գործոն: Այո, դիրքերն անընդհատ բարելավում են, որ անհրաժեշտության դեպքում կարողանան ճնշում գործադրել, բայց չեն ուզում Սյունիքը գրավել, իրենց այդ գլխացավանքը պետք չէ, իրենց Սյունիքը պետք է զուտ՝ որպես միջանցք: Այդ հարցը կլուծեն, եթե սրանք մնան իշխանության»:
Նկատեցինք՝ ռուսատյացները հիմա իր խոսքի այս հատվածը կվերցնեն և կասեն, որ մեր սպառնալիքն ամեն դեպքում Ռուսաստանն է լինելու:
«Այո, լինելու է Ռուսաստանը, ես էլ եմ դա ասում: Ես ասում եմ՝ Հայաստանի անկախությանը կարող է սպառնալ Ռուսաստանի ցանկությունը՝ այստեղ ամեն ինչ վերջացնել, դադարեցնել դիվանագիտությունը և ասել, որ՝ դուք չկայացաք՝ որպես անկախ պետություն, հետևաբար՝ դու եղիր միութենական պետության մաս, դու չգիտեմ՝ ինչ եղիր: Եթե չենք ուզում դրան հասնել, ուրեմն՝ Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականությունը հիմա պետք է դադարեցվի: Չպետք է Հայաստանի ղեկավարը կառավարության շենքում նստի և նման հայտարարություններ անի: Այդ հայտարարությունները մեզ տանում են ուղիղ կոնֆլիկտի Ռուսաստանի հետ, իսկ այդ կոնֆլիկտի ելքը բոլորի համար պարզ է՝ ինչ է լինելու: Դժվար Հայաստանը կարողանա հաղթել Ռուսաստանին, Հայաստանը պետք է պայմանավորվի Ռուսաստանի հետ: Այո, կարող են հակասություններ ունենալ, բայց ոչ կենսական հակասություններ, չպետք է հակամարտությունը հասցնել այդ մակարդակի: Եթե հասցնենք այդ մակարդակին, այո, Ռուսաստանը դառնալու է մեր անկախության հիմնական սպառնալիքը և հիմա գնում է այդ ճանապարհով»,- պարզաբանեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում