«Մեզ ձեռնտու է, որպեսզի գոնե այս կարգավիճակով Արցախը պահվի, որովհետև դա մեզ համար սուր վահան է». ադրբեջանագետ
«Արցախ-Հայաաստան ճանապարհն ադրբեջանցի կեղծ բնապահպանները երկար փակ չեն պահի, բայց սա էլի կկրկնվի»,- վստահ է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ թշնամու հիմնական նպատակը հայ հասարակությանն ահաբեկելն է, Արցախը հայաթափելը, սակայն դա չի լինելու:
«Իրենք դրան չեն հասնելու, և դա հաստատում են Արցախում տեղի ունեցող հանրահավաքները, պետնախարար Ռուբեն Վարդանյանի ելույթը:
Ադրբեջանագետը ստեղծված իրավիճակում հարցի միակ լուծումը տեսնում է «անջատում հանուն փրկության» մեջ՝ Կոսովոյի օրինակով:
«Մեզ ձեռնտու է, որպեսզի գոնե այս կարգավիճակով Արցախը պահվի, որովհետև դա մեզ համար սուր վահան է: Ինչպես նկատում եք, Ուկրաինայում ՌԴ վիճակը բարվոք է, իսկ եթե դա չլիներ՝ Թուրքիան արդեն երկրորդ ճակատն էր փորձում բացել Ադրբեջանի ձեռքով, բայց իրենց մոտ ոչ մի բան չի ստացվելու: Կարևոր է՝ արցախահայությունը չպետք է լքի իր հայրենիքը»,- նշեց Գրիգորի Այվազյանը՝ շեշտելով, որ հակամարտությունը այլևս մեր ձեռքում չենք կարող պահել, այն լինելու է արցախա-ադրբեջանական, Ռուսաստան-Ադրբեջան:
Հիշեցնենք՝ 18 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:
Հավելենք, որ դեռևս 2022թ. նոյեմբերի 8-ին թշնամի երկրի ղեկավարն ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է: Երկու տարի է՝ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկատնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»: