«Իրան-Ադրբեջան հարաբերությունները շատ լարված են. Իրանը չի՛ նահանջելու». Արամ Շահնազարյան

«Եթե հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, Սյունիքի մարզին, դա Իրանի հստակ կարմիր գիծն է, որի կապակցությամբ անմիջապես պաշտոնական Թեհրանն արձագանքում է, և անհրաժեշտության դեպքում նաև քայլեր և գործողություններ է ձեռնարկում: Լաչինի կամ Բերձորի միջանցքի հարցը քանի որ կապ ունի Արցախի Հանրապետության և ԼՂ հակամարտության հետ, Իրանը չափազանց զգուշավոր է՝ հաշվի առնելով այն հարցը, որ կան շատ լուրջ էթնիկ խնդիրներ Իրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը:

Իրանը Լաչինի միջանցքի փակման միայն 9-րդ օրն անդրադարձավ այդ հարցին. Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս էր հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով:

«Էթնիկ հարցերից ելնելով է, որ Իրանն ուշ է արձագանքում կամ շատ անուղղակի է արձագանքը: Բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ սա այն եզակի դեպքերից էր, որ իրենք արձագանքեցին, հայտարարություն արեցին, և հայտարարության բովանդակությունն էլ կարելի է որոշ չափով հայանպաստ համարել: Այո, երկու կողմերին կոչ են անում բանակցությունների միջոցով հարցը լուծել, բայց խոսվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին: Այսինքն՝ ակնարկն Իրանի հայտարարության մեջ ուղղակի և անուղղակի կա»:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանն իր համար կարմիր գիծ է: Լաչինի միջանցքի փակումը շատերը մեկնաբանում են՝ նաև որպես «Զանգեզուրի միջանցք» ստանալու ճնշում՝ Ադրբեջանի կողմից: Հայաստանի փորձագիտական շրջանակները նշում են, որ Իրանը կարող է դիմել նույնիսկ ռազմական գործողությունների, եթե տեսնի, որ հայ-իրանական սահմանին վտանգ է սպառնում: Արամ Շահնազարյանը ևս այդ կարծիքին է:

Կարդացեք նաև

«Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է այդ մասին: Ամենակարևոր հարցը, որ մենք պետք է հաշվի առնենք, այն է, որ ամենաբարձր մակարդակով է այդ հայտարարությունը կատարվել: Չմոռանանք Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի հանդիպումները թե՛ ՌԴ նախագահի, թե՛ Թուրքիայի նախագահի հետ, որտեղ նա առանց տողատակերի հստակ հայտարարեց, որ Իրան-Հայաստան սահմանը, այդ սահմանի բաց լինելը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Սյունիքի մարզը համարվում են Իրանի կարմիր գծերը: Դա Իրանի հստակ դիրքորոշումն է, և այդ դիրքորոշումից իրենք չեն նահանջելու: Դա կապված է իրենց անվտանգային շահերի հետ: Իրանը շատ լավ գիտի, որ Բերձորի միջանցքի հետ կապված այսօր ինչ տեղի է ունենում, ուղղակի կապված է նաև իրենց ազգային անվտանգության հետ, իրենք շատ լավ գիտակցում են, որ Ադրբեջանի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի», Սյունիքի հետ կապված, նշանակում են, որ նրանք չեն բավարարվելու լոկ այդ տարածքներով, և դրանց թիկունքում կան ռազմավարական նպատակներ: Թուրք-ադրբեջանական ալյանսի ցանկությունն է՝ վերացնել կամ հնարավորինս թուլացնել Հայաստանը՝ որպես պետական միավորում»,- նշեց նա՝ շեշտելով, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները հիմա շատ լարված են:

Անդրադառնալով իրանահայ համայնքում առկա տրամադրություններին, նա նշեց, որ ինչպես 2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ իշխանությունները հետո Հայաստանի ներսում հասարակությանը բևեռացրին, նույնը փորձում են իրականացնել Սփյուռքում. «Բայց հասարակությունը շատ արագ այս թմբիրը հաղթահարում է: Իրանահայ հասարակությունը ևս շատ արագ հասկանում է՝ ինչ է կատարվում: Վերջիվերջո, մենք ականատես եղանք 44-օրյա պատերազմին, Արցախի կորստին, այն քաղաքականությունը, որ հիմա է տարվում Ադրբեջանի հետ, երբ ձեռքերը պարզած թշնամին ինչ ուզում է՝ տալիս ենք՝ հանուն ենթադրյալ խաղաղության: Այն, ինչ գործող վարչապետն է ասում՝ խաղաղության դարաշրջան, ոչ ոք չգիտի՝ որն է դա, անգամ իրենք են նշում, որ չեն երաշխավորում խաղաղություն: Իրանահայերն էլ չեն կարողանում հասկանալ, թե այս իշխանություններն ինչ քաղաքականություն են վարում, ուր է սա տանելու: Արցախը կորցրինք, հետո Սյունի՞քն ենք կորցնելու, հետո՞, վերջում ի՞նչ է մնալու հայկական պետականությունից, որի կարևոր բաղադրիչները Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն են»:

Արամ Շահնազարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանում պետք է ձևավորվի ազգային իշխանություն. «Այս իշխանությունները չեն կարողանում ապահովել ՀՀ շահերը: Խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով՝ ամբիոնից կրկնում են, որ չեն կարողանում զենք գնել, արտաքին քաղաքականություն վարել, պաշտպանել մեզ: Եթե մի իշխանություն իր առաջնահերթ գործառույթները չի կարողանում կատարել, ուրեմն՝ պետք է գնա, և գա մի իշխանություն, որն ունենա ազգային հայեցակարգ, իմանա՝ ինչ է ցանկանում, դեպի ուր ենք գնում, ինչ վիճակում ենք, այս վիճակն ինչպես կարող ենք կայունացնել, և ինչպես կարելի է ապագա քայլերը ձեռնարկել, որպեսզի կարողանանք կորցրածը վերականգնել: Առաջավոր Ասիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության մասին խոսելը ծիծաղելի է: Տասնամյակներ, հարյուրամյակներ այս տարածաշրջանում խաղաղություն չի եղել: Սա պատերազմի վերջը չէր, ընդամենը ճակատամարտերից մեկն էր, որը մենք տանուլ տվեցինք: Նոր պատերազմներ, նոր հակամարտություններ, ցավոք, հաճախ լինելու են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս