Արցախցիները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք անկոտրում են, և ոչ ոք չի կարող իրենց հպատակեցնել. Տիգրան Վարդանյան
«Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքով արցախցիները հերթական անգամ ապացուցեցին, որ անկոտրում են, և ոչ ոք չի կարող իրենց հպատակեցնել: Ցույց տվեցին, որ պայքարելու են սեփական արժանապատվության, պետության համար»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիները ևս պետք է միանան:
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ասուլիսի բանախոսներից ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանն էլ անդրադարձավ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին:
«Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո մեկ անգամ չէ, որ պնդել ենք այն, որ այդ փաստաղթղթի ստորագրումը, նման ընթացքը բերելու է մեր պարտության շարունակականությանը, անգամ ավելի մեծ պարտությունների, քան կարելի էր պատկերացնել: Դրանից հետո ականատես եղանք, թե ինչպես Հայաստանը սկսեց զիջումների գնալ թե՛ Արցախի հարցում, թե՛ ՀՀ մասով: Մենք ականատես եղանք Գորիս-Կապան ճանապարհահատվածի, Սև լճի, Փառուխի, Աղավնոյի և Բերձորի զիջմանը, իսկ այժմ Լաչինի միջանցքի խնդիրն է:
Այս գործընթացն առանձին պետք չի դիտարկել: Այն սկիզբ է առել նոյեմբերի 9-ից, իսկ իրական պրոցեսը սկսվել է 2018 թվականից, երբ հակաղարաբաղյան շարժումը սկիզբ առավ, և ժողովրդին խաբելով, մարդկանց մոլորեցնելով՝ եկավ այն իշխանությունը, որը շարունակում է ամեն ինչ զիջել, իսկ հիմա առավել բարդ իրավիճակի առջև է մեզ կանգնեցրել: Փաստացի մնացել ենք մենակ՝ ողջ աշխարհի առջև:
Այս իշխանությունները շարունակում են իրենց հարաբերությունները վատացնել Ռուսաստանի հետ, ինչ-որ կեղծ թեզեր օգտագործել Արևմուտքի հետ: Մենք ունենք շատ բարդ տարածաշրջան, որտեղ այս պահին ՀՀ իշխանությունները ՀՀ-ի և Արցախի գլխին աղետ բերած մարդիկ են: Իսկ նրանք, ովքեր աղետ են բերել, ովքեր ճգնաժամ են առաջացրել, ոչ կարող են հակաճգնաժամային կառավարում իրականացնել, ոչ էլ կարող են այդ աղետը վերացնել»,- նշեց Հայկ Դերզյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում