«Հանրահավաքն Արցախի բնակչության մինի ռեֆերենդումն էր. մեսիջը մի քանի ուղղությամբ գնաց». Տիգրան Քոչարյան
Դեկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցում էին պետական ապարատի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահները։ Հանրահավաքի ժամանակ բոլոր ելույթ ունեցողները հստակ հայտարարեցին, որ որքան էլ Ադրբեջանը շրջափակված պահի Արցախը, արցախահայությունը հետ չի կանգնելու իր նպատակներից՝ ապրել ազատ ու անկախ Արցախում։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ելույթում մասնավորապես շեշտեց, որ Ադրբեջանը պետք է Արցախից սովորի.
«Մենք ենք սովորեցնելու, թե իրենք ոնց պիտի ապրեն, ոչ թե իրենք մեզ պիտի ասեն, թե էկոլոգիայի ստանդարտները ոնց ենք պահում։ Իրենք չեն հասկանում, թե ում հետ են շփվում։ Չեն հասկանում, որ մեր ուժը նրա մեջ է, որ կարող ենք այսպես հավաքվել հրապարակում և հանգիստ խոսել։ Եվ ես այսօր ասել եմ, երբ ընդհանուր շտաբը հավաքվում էր, մարդիկ պիտի խոսեն այնպես, ինչպես ուզում են, չկա ոչ մի ցենզուրա, գրված բաներ։ Մեր ամենամեծ ուժն այն է, որ մենք պետություն ունենք։ Կարող է միշտ չէ, որ այդ պետությունը այնպիսին է, ինչպիսին ուզում ենք և երազում, բայց ունենալով ԱԺ, Սահմանադրություն, Կառավարություն, Անվտանգության խորհուրդ, և այլն, սա է մեր ուժը։ Ոչ թե մենք ուղղակի անկախ ենք, այլ մենք իսկապես դարձել ենք հասարակություն, որը գիտի` ինչ է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները։ Մի օրենք կա՝ երբ քեզ սեղմում են, կամ դու ուժեղանում ես և հետ ես հրում, կամ դու փախչում ես. մենք իրավունք չունենք փախնելու։ Պետք է դեմ տանք մեր ուժն իրենց»։
Արդյո՞ք արցախահայությանը հաջողվեց հանրահավաքի միջոցով իր մեսիջը հասցնել ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Ադրբեջանին, Հայաստանն այսօր պետական մակարդակով ի՞նչ քարոզչությունն է իրականացնում, որպեսզի աշխարհին ցույց տա, թե ինչ ահաբեկչություն է իրականացնում Ադրբեջանն Արցախի նկատմամբ, ինչո՞ւ են Ադրբեջանում թիրախավորել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
168.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։
«Մի քանի ուղղությամբ գնաց մեսիջը, մի մեսիջը գնաց Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն իր քաղաքացիներին և բոլորին համոզում էր, որ երբ Արցախում հանրահավաքները տեղի են ունենում, Հայաստանից մարդիկ են բերում, այդ պատճառով էլ հանրահավաքները բազմահազարանոց են։ Երեկ այդ քարոզչական թեզը հօդս ցնդեց, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ էին հավաքվել, քան նախորդ հանրահավաքին։ Մեսիջ գնաց նաև Հայաստանի բնակչությանը, որը բավականին ամորֆ վիճակում է գտնվում, դրանով ցույց տրվեց, որ Արցախում համախմբված են, ընկճված չեն ու շարունակում են պայքարել։
Կարծում եմ՝ որոշ չափով մեսիջ հասավ նաև ԱՄՆ-ին ու Եվրոպային, բայց ինձ զարմացրեց, որ Հայաստանի պետական հեռուստաալիքը՝ Հանրային հեռուստաընկերությունը, առհասարակ արհամարհեց հանրահավաքը և որևէ ուղիղ եթեր չապահովեց։ Ինձ հետաքրքիր էր, թե ի՞նչն էր խնդիրը, որ Հայաստանի բնակչությանը, որը հատկապես գյուղերում է բնակվում, զրկեցին այդ հանրահավաքը նայելու հնարավորությունից, որ տեսնեին՝ արցախահայությունը համախմբված ու պահանջատեր է։
Կարելի է ասել, որ հանրահավաքն Արցախի բնակչության մինի ռեֆերենդումն էր։ Այսինքն, եթե պետք լիներ ռեֆերենդում կամ հարցում անել, լավագույն պատասխանը երեկվա հանրահավաքն էր»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Ըստ փորձագետի, Հայաստանում պետական մակարդակով քարոզչություն չի իրականացվում, ավելի շուտ իրականացվում է «թղթե շերեփի» քարոզչություն։ Այսինքն՝ ձևական բնույթ է կրում այդ ամենը, ցույց տալու, որ իբր զբաղվում են՝ չանցնելով կոնկրետ քայլերի։
Ինչ վերաբերում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հակաքարոզչության պատճառներին, Տիգրան Քոչարյանն ընդգծեց, որ կարող են փաստերով արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանն այժմ Արցախում է, աշխատում է այնտեղ և գտնվում է շրջափակման մեջ։
«Նա փորձում է Արցախի հարցը և այս իրավիճակային զարգացումները ներկայացնել իր հնարավոր ալիքներով անտարբեր աշխարհին։ Ադրբեջանի, այսպես ասած՝ հակառուբենվարդանյանական քարոզչությունը կարող է դիտարկվել այն առումով, որ նա որոշակիորեն Ադրբեջանի նպատակներին խանգարում է։ Այն, ինչ այժմ Ռուբեն Վարդանյանն անում է Արցախում, դեռևս չեմ տեսնում, որ այդ քայլերը չբխեն արցախահայության ներկա շահերից»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում