«Ճանապարհին մնացած 20 մարդ այս պահին մեր գյուղում է տեղավորվել, ամեն ընտանիք 2-3 մարդ է հյուրընկալել»․ Լիսագորի գյուղապետ

Դեկտեմբերի 12-ին թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելուց հետո ճանապարհին մնացած մարդկանց մեծ մասը տեղափոխվել էր Սյունիքի մարզի Գորիս համայնք, մի մասն էլ ՝ Շուշիի շրջանի Լիսագոր, Հին Շեն, Եղցահող գյուղեր։

Լիսագոր գյուղի ղեկավար Գագիկ Նասիբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ մարդկանց մի մասը Լիսագորից վերադարձել է Հայաստան, մյուս մասը շարունակում է մնալ Լիսագորում՝ հավատով, որ ամեն պահի ճանապարհը կբացվի և շուտ կհասնեն իրենց տները։

«Լիսագորում վիճակը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, ճանապարհին մնացած մարդիկ տներով ապահովված են։ Գյուղում ամեն ընտանիք 2-3 հոգի մարդ է հյուրընկալել, մինչև տեսնենք՝ ինչ կլինի։ Մարդկանց մի մասը վերադարձել է Հայաստան, այս պահին 20 հոգի են ճանապարհին մնացած մարդ, նրանցից երկուսը կին են, մյուսները՝ տղամարդիկ՝ երիտասարդներ, մեծեր։ Նրանց մեջ մի քանի վարորդ կա, իրենց մի հատ առանձին տուն ենք տվել, այնտեղ են մնում»,- ասաց Գագիկ Նասիբյանը։

Նրա խոսքով՝ Լիսագորի բնակիչները հիմնականում Ստեփանակերտի խանութներից էին օգտվում, սակայն ճանապարհը փակվելուց հետո, շուրջ 2 շաբաթ է, ստիպված են 20 կիլոմետր ավելի ճանապարհ անցնել և Գորիսից գնումներ կատարել․

Կարդացեք նաև

«Մարդիկ առևտրի համար Ստեփանակերտ էին գնում, 30 կիլոմետր է ընդամենը, հիմա Գորիս են գնում՝ 55 կիլոմետր։ Խնդիրը հիմնականում հեռավորությունն է, մեկ էլ՝ տրանսպորտը, քանի որ բնակիչների մեծ մասը պատահական ավտոմեքենաներով էին գնում Ստեփանակերտ, ճանապարհը փակվելուց հետո, բնականաբար, ավտոմեքենաների շարժ չկա։ Հիմա արդեն պետք է ավտոմեքենա տրամադրվի, դիզվառելիք, որպեսզի կարողանան գնալ, ծախսերի հետ կապված խնդիր է: Մեկ էլ, որ գնում են թոշակ են ստանում, բանկոմատներից օգտվում, այդ խնդիրներն են առաջացել»։

Այդուամենայնիվ, Գագիկ Նասիբյանը վստահեցրեց, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ գյուղում խուճապ չկա․

«Գյուղում բնականոն կյանքը շարունակվում է, դպրոցը նորմալ գործում է․․․ Համենայն դեպս, ոչ մի տեսակի խուճապ չկա, թեթև անհանգստություն կա, բայց ոչ խուճապ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս