
Բաքուն և Անկարան սադրանքները կրիտիկական մակարդակի են հասցնելու. հայերին տանելու են բախումների ռուս խաղաղապահների հետ. Ալեքսանդր Ժիլին

Պաշտոնաթող գնդապետ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինն Արցախում ստեղծված իրավիճակի հարցում չի բացառել Ադրբեջանի կողմից հետագա սադրիչ գործողություններն ու էսկալացիան:
Ըստ նրա՝ Բաքվին և Անկարային ձեռնտու է իրավիճակի, այսպես ասած, կրիտիկական մակարդակի սրացումը:
«Սադրանքների էությունը հետևյալում է՝ հայերին տանել բախումների ռուս խաղաղապահների հետ: Եվ մերոնց ներկայացնելով մեղավոր, փորձել հեռացնել տարածաշրջանից: Ի՞նչն է կարևոր: Արդեն իսկ տեղի է ունենում ռուս զինվորների բարոյական, և ինչ-որ տեղ ֆիզիկական նվաստացում: Եվ ես հստակ տեսնում եմ, որ նրանք դառնում են իրավիճակի պատանդները: Սա շտապ պետք է շտկել: Խաղաղապահ զինվորը և սադրիչները պետք է իմանան, որ ռուս խաղաղապահների հետևում կանգնած է ՌԴ ամբողջ զինված ուժերը, այդ թվում՝ միջուկային զենքը: Եվ այս դեպքում նրանց ոչ ոք մատով չի կպնի»,- ռուսական «Նեզիգար» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ասել է Ժիլինը:
Պաշտոնաթող գնդապետի խոսքով, Թուրքիան Բաքվի «ձեռքով» ապրելու անտանելի պայմաններ է ստեղծում Արցախի բնակչության համար՝ փակելով տրանսպորտային ուղիները, էներգետիկ մայրուղիները և այլն:
«Սրանից հայկական բնակչության կոտորած և ֆիզիկական ոչնչացում մեկ քայլ է: Ի՞նչ պետք է անի Հայաստանը: Փնտրել դաշնակիցներ: Անհրաժեշտ է մերձենալ Իրանի հետ և խաղալ Իրան-Թուրքիա հակասությունների վրա: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել: Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, կարող է Թեհրանից սահմանափակ զորք խնդրել»,- ասել է ռուս ռազմական փորձագետը՝ ակնարկելով, որ սա «կսառեցնի» ադրբեջանցիների սանձարձակությունը:
«Եվ, իհարկե, Երևանին այլ բան չի մնում, քան մերձենալ Վաշինգտոնի հետ՝ Նենսի Փելոսիի հետ պայմանավորվածություններից հետո»,- նշել է Ժիլինը:
Այնուհետ նա հավելել է. «Ասում են, թե Արցախի բանակը թույլ է: Հնարավոր է, բայց հզոր է այդ բանակի ոգին: Արցախն ապրում է ամեն հայի սրտում: Հնարավո՞ր է օգնել Արցախի բանակին: Այո՛: Հարուստ հայկական սփյուռքը կարող է շատ մասնավոր լուրջ ռազմական ընկերություններից մարդիկ վարձել, «Վագները» բացառություն չէ: Պետք է հասկանալ մի շատ կարևոր բան. Արցախի խնդիրն այսօր տարածքային չէ, այլ այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը, որոնց ուզում են զրկել իրենց կենսատարածքից՝ ֆիզիկական ոչնչացման ճանապարհով»:
Վերադառնալով ռուս խաղաղապահներին, հավելենք, որ դեռ 2021-ի հունվարին ՌԴ ԱԴԾ (ФСБ) նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը ռուս խաղաղապահներին բնորոշել էր՝ որպես «պատանդներ»՝ նշելով, որ, փաստորեն, այսպես ասած, հարվածներ ստանալու ևս մեկ տեղ է ավելանում՝ Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա և հիմա՝ Լեռնային Ղարաբաղ:
Ըստ Ստրելկովի՝ իրավիճակի սրման դեպքում խնդիրներ են լինելու, քանի որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը «նեղ պորտալարով» ՀՀ-ի հետ է կապված, որին Ռուսաստանի հետ կապող որևէ «պորտալար» չկա:
«Այսինքն, Էրդողանն ունենալու է Կրեմլի վրա ևս մեկ ազդեցության լծակ, մեթոդ»,- շեշտել էր նա՝ հավելելով, որ Թուրքիան սկսելու է ակտիվանալ Ուկրաինայում, ավելին, արդեն այդ ժամանակ Թուրքիա-Ուկրաինա միության մասին կարելի էր խոսել՝ ուղղված ՌԴ-ի դեմ:
«Լեռնային Ղարաբաղում հայերի կամ ՌԴ ֆորմալ դաշնակիցների պարտությունն այդ միության ստեղծումն արագացրեց»,- ընդգծել էր Ստրելկովը:
Ի դեպ, մոտ 20 օր առաջ ռազմական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել էր՝ «Ուկրաինայից հետո Ռուսաստանը կզբաղվի Ադրբեջանով»: