ՄԻԵԴ որոշման ազդեցությունը կախված է նաև դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից. Եղիշե Կիրակոսյան
Հայաստանը ս.թ. դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար:
Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանն ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:
Այսօր «Արմենպրեսում» թեմայի վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Վերջինս նշեց՝ ՄԻԵԴ առաջին դիմումն ուղարկել են դեկտեմբերի 15-ին և հետո ամենօրյա ռեժիմով նոր տեղեկատվություն են ուղարկել:
«Մեր դիմումի մեջ շեշտադրումներ արվել էին հատկապես առողջական խնդիրներ ունեցող և անօթևան մնացած անձանց և Կոնվենցիայի կոնկրետ 2-րդ՝ կյանքի իրավունքի, 3-րդ՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքի հոդվածի տրամաբանության ներքո: Եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ կիրառում է սահմանափակ քանակությամբ, հստակ շրջանակով»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ Դատարանը պետք է տեսնի այն կապը, որ սրա շարունակվելը կարող է անդառնալի վնաս հասցնել երկու հոդվածներով պաշտպանվող իրավունքներին:
«ՄԻԵԴ-ը հղում կատարեց Նոյեմբերի համաձայնագրի 9-րդ կետին, որով Ադրբեջանը ստանձնել էր Լաչինի միջանցքով բեռների ու մարդկանց անվտանգ տեղափոխությունը: Դատարանը Ադրբեջանին հիշեցրել է իր կոնվենցիոն պարտավորությունների մասին»,- ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ շեշտելով, որ սա շատ կարևոր արձանագրում է:
Ըստ նրա՝ ադրբեջանական մամուլում շրջանառվել են լուրեր, որ ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ պահանջը, ինչն ակնկալելի էր:
«Դատարանից մեր ակնկալիքները հասկանալի պատճառներով շատ բարձր չեն, որովհետև գիտենք, որ Դատարանը միջանկյալ միջոցներ կիրառելիս իրավական տեսանկյունից ունի հստակ շրջանակներ: Երկրորդ՝ նմանատիպ, բարդ, կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց Դատարանը սովորաբար խուսափում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի դիտարկմամբ՝ Դատարանի արձագանքն այս իրավիճակին նաև պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը հումանիտար տեսանկյունից շատ անտրամաբանական ու հակամարդկային քայլ է:
«Այս ամենը հավելվեց մեկ մահով. առողջական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացի մեր հայրենակիցը զոհվեց բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չունենալու պատճառով: Մենք ունենք նաև այլ սուր առողջական խնդիրներով մարդիկ: Բնականաբար, եթե իրավիճակը չհանգուցալուծվի, մենք էլի շարունակելու ենք հետևել, ներկայացնել լրացուցիչ փաստարկներ, ապացույցներ»,- ասաց նա:
Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրեց նաև, որ իրենք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջոցով Ադրբեջանին նամակ են հղել՝ ծանուցելով և պահանջելով ներկայացնել փաստարկներ:
«Պատասխանները ստացել ենք թե ՄԻԵԴ-ի, և թե ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջոցով: Դրանք նույնաբովանդակ են, և, իհարկե, Ադրբեջանն իր վրայից գցում է պատասխանատվությունը: Իրենք խոսում են, որ այդ հատվածում իրենք չունեն վերահսկողություն, ինչ-որ ակտիվիստների մասին, ինչը բոլորս էլ գիտենք, որ աբսուրդային է»,- նշեց Եղիշե Միքայելյանը:
Ըստ նրա՝ Դատարանը հիմնավոր չի համարել Ադրբեջանի այս փաստարկը, այլապես այս որոշումը չէր կատարի ու հղում չէր անի Նոյեմբերի 9-ի փաստաթղթին:
Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանում ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրված հակահայկական քարոզ կա:
Ինչ վերաբերում է ճանապարհը բացելուն, Եղիշե Կիրակոսյանը նկատեց՝ Ադրբեջանի կողմից առանձնապես քայլեր չեն էլ ակնկալում:
«Ցավոք սրտի, գործիքակազմն ունի սահմանափակումներ, բայց ֆորմալ առումով կա հետևյալ քայլերի հնարավորությունը. Նախ՝ կա Նախարարների կոմիտեի հարթակը, որին ծանուցելու հնարավորություն ունի Դատարանը: Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի քաղաքական հիմնական մարմինը, հետևում է ընդհանուր առմամբ Դատարանի վճիռների կատարման ընթացքին: Եվ Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, որպեսզի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»,- ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ կա նաև Ադրբեջանի անդամության դադարեցման հարցը քննարկելու հնարավորությունը, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ կա:
Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ որոշումը համարեց առնվազն օբյեկտիվ իրականությունն արտացոլող որոշում: «Սրա վրա պետք է աշխատել ու օգտագործել նաև քաղաքական առումով: Այս որոշման ազդեցությունը կախված է նաև դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Նա նշեց, որ իրենք մաքսիմալն են պահանջել, բայց դատարանը երբեք չէր ասի՝ բացեք ճանապարհը, որովհետև Դատարանն իր որոշումները պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ:
«Միգուցե, եթե մենք հարցը շարունակենք բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում, մի քիչ ավելի լայն միջոց կարող ենք ստանալ: մենք այդ հարցն այս պահի դրությամբ քննարկում ենք»,- ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Եղիշե Կիրակոսյանը նշեց՝ ՄԻԵԴ իրենց դիմումում նաև հստակ բարձրացվել է Լաչինի միջանցքում զինված ադրբեջանցիների առկայության խնդիրը:
«Նաև այն հանգամանքը, որ ակտիվիստների շարքերում կան մարդիկ, ովքեր կամ նախկինում են եղել ծառայող, կամ հիմա: Եվ այն, որ ակտիվիստներից մեկը նկարելվել էր Ռամիլ Սաֆարովի հետ, որն ինքնին վտանգավոր է կամ առնվազն մտահոգիչ: Բարձրացվել է նաև պարենային անվտանգության հարցը, ինչպես նաև դեղորայքային անհրաժեշտության խնդիրը: Նշել ենք նաև առողջական խնդիր ունեցող երեխայի մասին»,- նշեց նա:
Եղիշե Կիրակոսյանը խոսեց նաև հայ լրագրողների՝ կողմից տեղում իրավիճակը լուսաբանելու անհնարինության մասին:
«Ադրբեջանական միակողմանի լուսաբանումը լավ հետևանքներ չունի: Նրանք ներկայացնում են այն, ինչ ցանկանում են ներկայացնել, ցանկանում են աշխարհին հաղորդել իրենց իսկ ստեղծած արհեստական օրակարգը: Իրավական մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել հայ լրագրողների մուտքը միջանցք, ցավոք, չեմ կարծում, որ հնարավոր են: Կիրառվող միջանկյալ միջոցների շրջանակից դա դուրս կլինի»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ասաց նաև, որ պատրաստվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացվելիք իրենց հայցը, որը կուղարկվի 2023թ. հունվարի 23-ին:
«Ադրբեջանի դեմ կիրառվող սանկցիաները շատ կարևոր պրոցեսներ են, բայց դրան հասնելու երկար ճանապարհ կա: Դրանք օդից չեն ընկնելու, իրավական պրոցեսները դրանց հասնելու շատ կարևոր բաղադրիչ են»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում