Պետրոս Ղազարյանը վախենո՞ւմ է Փաշինյանին հարցնել՝ 2020թ. ինչո՞ւ էր Արցախը ներառող ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր թողարկել ու ընկել դռնեդուռ

Ապրիլի 14-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկման ողջ ընթացքում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ), արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գեղամ Ստեփանյանին հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանը անդադար նույն հարցն էր տալիս՝ «Ճիշտ չէ՞ր լինի արդյոք նախ դառնալ ՀՀ քաղաքացի,  նոր Հայաստանի պետությունից պահանջել ճիշտ ու սխալ, աջ ու ձախ ինչ-որ բաներ»: Անդադար կառավարության շահերի պաշտպանությունը ստանձնած Պետրոս Ղազարյանն ասում էր՝ ինչո՞ւ չեք դառնում ՀՀ քաղաքացի, ինչո՞ւ չեք ընդունում ՀՀ քաղաքացիություն:

Գեղամ Ստեփանյանը մի քանի անգամ փորձեց համբերատար կերպով բացատրել, որ իրենք ՀՀ քաղաքացի եղել են, և 2023թ. հոկտեմբերին կառավարությունն է մի որոշմամբ իրենց զրկել քաղաքացիությունից, հետո փորձեց Պետրոս Ղազարյանին ինչ-որ կերպ բացատրել, իհարկե, ապարդյուն, որ 070 կոդով անձնագիրը արցախցիների համար միակ կապն է իրենց հայրենիքի՝ Արցախի հետ: Բնականաբար, չհասկացավ, պետք չէր…

Ավելին, Պետրոս Ղազարյանին հետաքրքրում էր, թե, օրինակ, ինչո՞ւ է Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն հայտնում Հայաստանի ժողովրդին իրենց գրկաբաց ընդունելու համար, բայց, օրինակ, ՀՀ կառավարությանը շնորհակալություն չի հայտնում:

Հետաքրքրում էր նաև, որ Ազատության հրապարակում արցախցիների տեղադրած վրանում ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ քննարկումներ են տեղի ունենում, որոնց ժամանակ վերջիններս իշխանափոխության կոչեր են հնչեցնում… Եվ վերջ, ընդամենը… Չէ, նաև չմոռացավ արդարացնել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ով արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար հրավիրած հանրահավաքից հետո նրանց «մսացու», իսկ 5 օր առաջ՝ նաև «ցույցի մատերիալ» էր անվանել:

Կարդացեք նաև

Այդ հարցազրույցի մասին խոսում են, ու վստահ ենք՝ դեռ շատ երկար կխոսեն, իսկ Պետրոս Ղազարյանի վարքագիծը, անշուշտ, դեռ գնահատականի կարժանանա, հենց թեկուզ միայն արցախցիների նկատամամբ ատելության ու թշնամանքի հերթական ալիք հրահրելու համար, որովհետև ինչպես ցանկացած իշխանություն, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, բայց մի ուշագրավ հանգամանքի մասին, այնուամենայնիվ, արժե Պետրոս Ղազարյանին հիշեցնել:

2020թ. փետրվարի 27. Սահմանադրական դատարանի (ՍԴ) ասպատակություն սանձազերծած, իր քիմքով այն համալրած Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների «Այո՛»-ի քարոզարշավի պաշտոնական բուկլետը:

Քարոզչական նպատակներով թողարկված այդ բուկլետում Հայաստանն ու Արցախը միասին էին, ինչպես նախկինում, ինչպես մենք սովոր էինք 30 տարի տեսնել:

Հետաքրքիր է՝ Պետրոս Ղազարյանը, որ Գեղամ Ստեփանյանին քառատում էր, թե՝ ինչո՞ւ չեք դառնում քաղաքացի, վախենո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ բա «Այո՛»-ի քարոզարշավի բուկլետն ի՞նչ էր նշանակում, բա էդ որ Արցախն ու Հայաստանը դրել էիք անձնագրի վրա, թեկուզև քարոզչական նպատակներով, դա չէ՞ր նշանակում, որ արցախցին ՀՀ քաղաքացի է:

Ի դեպ, հիշեցնենք՝ սա 2020թ. փետրվարի 27-ին էր, և սա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այն Նիկոլ Փաշինյանը, ով հիմա արդեն ասում է, որ դեռ 2018թ.-ից գիտեր, որ Արցախն Ադրբեջան է, ու իր սխալն այն էր, որ դեռ 2018թ. ժողովրդին այդ մասին չէր ասել:

Հիմա Պետրոս Ղազարյանն ինչո՞ւ չի հարցնում Փաշինյանին՝ որ էդ բուկլետն առել, ընկել էիր դռնեդուռ, էդ մարդկանց հիմա ինչի՞ քաղաքացի չես համարում, էլ պե՞տք չեն…

Նիկոլ Փաշինյանն այդ բուկլետը պիտի որ լավ հիշի. քարոզարշավի ընթացքում ՀՀ հպարտ քաղաքացիներից մեկը մետրոյում պատռեց ու հենց նրա դեմքին շպրտեց իր քարոզարշավի մատերիալը:

Պետրոս Ղազարյանը, իհարկե, Փաշինյանին դա չի հարցնի, փոխարենը՝ հիմա իմ ու քո, մեր ու ձեր կանի, կասի՝ «Նախ Հայաստանի հարցը պիտի լուծենք, հետո ձեր», ավելի կսաստկացնի իր քաղաքական տիրոջ կողմից հրահրվող ատելությունը տնից ու հայրենիքից, սրբավայրերից ու գերեզմաններից զրկված մեր հայրենակիցների մի հատվածի նկատմամբ:

Իսկ հատուկ Տարոն Չախոյանին ու Պետրոս Ղազարյանին ամեն դեպքում հիշեցնենք՝ հասկանալի են, իհարկե, նրանց սարսափներն իշխանափոխության ու ցանկացած, անգամ 2 հոգանոց ընդդիմադիր շարժումների հանդեպ, և իրենք, անշուշտ, անձնական շահագրգռվածություն ունեն այս իշխանության հավերժացման հարցում, բայց արցախցիները նույնպիսի ՀՀ քաղաքացիներ են, ինչպես մենք բոլորս, այդ թվում՝ Պետրոս Ղազարյանն ու Տարոն Չախոյանը, և կուզեն՝ իշխանափոխության կոչ կանեն, կուզեն՝ չեն անի, կուզեն՝ կմասնակցեն հանրահավաքի, չեն ուզի՝ չեն մասնակցի:

Տեսանյութեր

Լրահոս