30 տարին՝ 30 արծաթով
1988 թվականին Արցախի հարցը միավորեց հայ ժողովրդին և դարձավ այն մեծ փոփոխությունների շարժառիթն ու սկիզբը, որոնց արդյունքում ստեղծվեց Հայաստանի Երրորդ՝ անկախ Հանրապետությունը։
Արցախը, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, հայկական պետականության գաղափարաբանության, փիլիսոփայության հիմնասյուներից մեկն էր, ինչը գործնական քաղաքականության հարթությունում արտահայտվում էր Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակով ու առաքելությամբ։
30 տարի շարունակ Արցախն ամենատարբեր դրսևորումներով, տարբեր չափաբաժիններով եղել է Հայաստանի՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության անբաժանելի մասը։
Ընդ որում, Արցախը, լայն իմաստով, եղել է ոչ միայն քաղաքական, այլ նաև հանրային կոնսենսուսի առարկա և տարբեր փուլերում ունենալով անգամ բացասական դրսևորումներ, դառնալով ներքաղաքական վայրիվերումների պատճառ, այդուհանդերձ, ավելի շատ միավորել, քան տարանջատել է հասարակությանը։ 1988 թվականից 30 տարի անց՝ 2018 թվականին, սակայն, արցախյան հարցը՝ սկզբում առանց բարձրաձայնելու, հետո արդեն՝ առանց թաքցնելու, դարձավ հանրության պառակտման, հասարակական բարիկադավորման պատճառ։
2018 թվականը, իհարկե, դրա գագաթնակետն էր, նախորդող երկար տարիների ընթացքում նաև 2018-ի շահառուների կողմից տարվել էր հակաարցախյան հետևողական քարոզչություն, Հայաստանի հանրային կյանքում արդեն իսկ ցանվել էին այն սերմերը, որոնք հարմար պահի պետք է ծլարձակեին՝ որպես հակաղարաբաղյան պրոտեստ, և հիմք դառնային՝ սկզբում հասարակական ընկալման, հետո նաև՝ պետական քաղաքականության մակարդակում Արցախից հրաժարվելու համար։
2020 թվականի պատերազմը «պատահաբար» տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայ հասարակության եթե ոչ՝ պատկառելի, ապա՝ զգալի հատվածը հոգեբանորեն հասունացվել էր Արցախից հրաժարումի հետ համակերպվելու համար։ Պատերազմը եղավ, ու եկավ ընդամենը դե ֆակտո ամրագրելու ահա այդ հոգեբանական հրաժարումը, ինչին հասնելու համար կատարվել էր տարիների, գուցե տասնամյակների քաղաքական, քաղաքացիական, քարոզչական աշխատանք։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հանդուրժումը դրա ածանցյալ հետևանքն էր։ Եթե հայ հասարակությունը հոգեբանորեն պատրաստ ու պատրաստված չլիներ Արցախը հանձնելուն, ապա իշխանությունը չէր վերահանձնի Նիկոլ Փաշինյանին։
Լաչինի միջանցքի փակման, Արցախի մեր հայրենակիցների ճակատագրի հանդեպ այսօրվա հանրային անտարբերության հիմքերը գտնվում են հենց այդ հարթությունում, ներկայիս իներտությունը 4 տարի առաջ ծլարձակած սերմերի ցողունային արտահայտությունն է։
Մենք՝ որպես հասարակություն, այդպես էլ չհասկացանք, կամ գուցե մեզ թույլ չտվեցին հասկանալ, որ հակաարցախյան ցանկացած միտք կամ գաղափար անգամ հակահայկական ու հակահայաստանյան է ու հակապետական։ Չհասկանալով՝ թույլ տվեցինք, որ 34 տարի առաջ մեզ միավորած ու համախմբած գաղափարը՝ Արցախը, օգտագործեն մեզ տարանջատելու ու քայքայելու համար։
Կրկին չհասկանալով, որ այդպիսով քայքայում ենք նաև հայկական պետականությունը, որն առանց Արցախի, եթե անգամ մնալու է, մնալու է երեխային կորցրած ծնողի կամ որբացած երեխայի կարգավիճակում։ Հակառակ դեպքում մենք այսօր բոլոր հնարավոր միջոցներով մեզ ու աշխարհին ցույց կտայինք, որ «Հայաստանը Արցախ է, և վերջ»։ Ցույց կտայինք առաջին հերթին նրան, ով երեք տարի առաջ կոկորդը պատռելով ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Հարություն Ավետիսյան